Երեկ շախմատի համաշխարհային օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը 1,5:2,5 հաշվով զիջեց Ռուսաստանի առաջին թիմին եւ ամենայն հավանականությամբ հրաժեշտ տվեց օլիմպիական չեմպիոնի «հեթ-տրիկ» գրանցելու հեռանկարին:
Վասիլի Իվանչուկի գլխավորած Ուկրաինայի հավաքականը նույն հաշվով առավելության հասավ Ադրբեջանի նկատմամբ ու շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Ուկրաինայի հետ հաղթողի տիտղոսը նվաճելուն հավակնում է միայն ՌԴ առաջին թիմը:
Ի տարբերություն տղաների, հաջող հանդես եկան մեր աղջիկները, որոնք 2,5:1,5 հաշվով հաղթեցին Սլովակիային: Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Գալոյանը ոչ-ոքի խաղացին, Լիլիթ Մկրտչյանը պարտվեց, իսկ Նելլի Աղինյանը Ալյոնա Մվավային հարկադրեց ընդունել պարտությունը: