Խանտի-Մանսիյսկում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի ութերորդ տուրում Լեհաստանի նկատմամբ տարած հաղթանակով վերջին երկու օլիմպիադաների (Դրեզդենում՝ 2006թ. եւ Թուրինում՝ 2008թ.) չեմպիոն Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը վաստակած միավորների պաշարը հասցրեց 13-ի եւ առաջին տեղի համար պայքարը շարունակելու հնարավորությունները մեծացրեց: Սակայն 39-րդ համաշխարհային օլիմպիադայում պայքարն այնքան անհաշտ է եւ թիմերն այնքան խիտ են դասավորված մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում, որ անգամ կես միավորը կարող է վճռել ընդհանուր պայքարի ելքը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեր ընտրանուն հաղթական միավորը բերեց երրորդ խաղատախտակի առջեւ հանդես եկող Գաբրիել Սարգսյանը, որը Բարտոլոմեյ Մեչեայի հետ լարված պայքարում կարողացավ սեւ խաղաքարերով առավելության հասնել մրցակցի նկատմամբ: Տուրի ավարտից հետո Գաբին պատասխանել է տեղական լրատվամիջոցներից մեկի թղթակցի հարցերին:
– Պարտիան ինչպե՞ս ընթացավ քեզ համար:
– Շատ դժվար ու երկարատեւ պարտիա էր, որի սկզբնամասն ինձ համար այնքան էլ հաջող չդասավորվեց: Բայց Մեչեան սխալ թույլ տվեց ու խաղս գնաց: Դիրքը խաղատախտակի վրա գնալով ավելի սրվեց, եւ նրա խաղաքարերն սկսեցին «կախվել»: Իսկ վերջում իր դերը կատարեց նաեւ ցայտնոտը:
– Հասցնո՞ւմ էիր հետեւել, թե ինչ է կատարվում մյուս խաղատախտակների վրա: Եվ ինչ ես կարծում՝ հաշիվն օրինաչա՞փ էր:
– Իհարկե՝ ոչ: Մրցամարտի ամբողջ ընթացքում մեր տղաներից ոչ ոք առավելություն չուներ: Միայն իմ խաղատախտակի վրա էր անորոշ վիճակ, թեեւ, կարելի է նաեւ ասել, որ մրցակիցս ավելի գերադասելի հնարավորություններ ուներ:
– Ձեր թիմը հայտնի է միասնականությամբ եւ ընկերական մթնոլորտով: Բարդ պահերին թիմակիցների աջակցությունն զգո՞ւմ եք:
– Այո: Մենք հակասություններ չենք ունենում: Օրինակ, երբեք չենք հաշվում, թե ով քանի պարտիայում է խաղացել սեւերով կամ սպիտակներով: Մենք շատ տարիներ միասին ենք խաղում եւ միմյանց շատ լավ ենք ճանաչում, ինչը նույնպես անչափ կարեւոր հանգամանք է:
– Շնորհիվ այս հաղթանակի, հավաքականը կրկի՞ն ներգրավվեց առաջին տեղի համար պայքարում:
– Մենք աշխատում ենք յուրաքանչյուր տուրում անել ամենայն հնարավորը, սակայն առայժմ ամեն բան չէ, որ ստացվում է: Հուսով եմ, որ օլիմպիադայի վերջնամասում ավելի ուժեղ կսկսենք խաղալ: Իսկ եթե ստացվի, նաեւ հաղթող կդառնանք: