Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդ, ում չի փոխել ժամանակը»

Հոկտեմբեր 01,2010 00:00

Օրերս ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց նկարիչ Ռաֆֆի Ադալյանի հերթական անհատական ցուցահանդեսը, որ հեղինակը անվանել էր՝ «Ցանցառ ռետրոսպեկտիվ»: «Յուրաքանչյուր դիտող կկարծի, թե մի գործը ուրիշ նկարչինն է, երկրորդը՝ լրիվ այլ հեղինակի… Ստեղծագործական տարբեր շրջաններ, ժամանակներ, տրամադրություններ եւ ասելիքներ: Երկար ու դժվար ճանապարհ եմ անցել եւ իմ այս էքսպոզիցիայում փորձել եմ ներկայացնել այդ ճանապարհը»,- ասում է հեղինակը:

Նկարչի ավագ եղբայր, հայտնի նկարիչ Ռուբեն Ադալյանը խոստովանեց, որ չի սիրում խոսել եղբոր՝ որպես նկարիչ կերպարի մասին, բայց եւ այնպես ասաց. «Ներկայումս ստեղծագործող լավագույն նկարիչներից է»:

Նկարչի մյուս եղբայրը՝ գրող, բանասիրական գիտությունների դոկտոր Նորայր Ադալյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Մեր ընտանիքը ծանր կյանքով է ապրել, բայց բոլորս սովորել ենք: Հայրս դերձակ էր, հարեւաններն ասում էին՝ Մարտիրոս, ինչո՞ւ տղաներիդ քո արհեստը չես սովորեցնում, ասում էր, թող կրթություն ստանան, մի օր Հայաստանին պետք կգան: Երեւի հորս այս տեսիլքը ինչ-որ չափով իրականացավ, ինձ թվում է՝ հայրենիքին մենք՝ Ադալյաններս, պետք ենք»:

Ըստ քանդակագործ Արա Շիրազ ի. «Ռաֆֆի Ադալյանը մարդ է, որը ծնվել-մեծացել է Հայաստանում, հետո հայտնվել օտար ափերում, բայց ժամանակը չի փոխել նրան, նա չի կորցրել իր էությունը: Մենք՝ 60-ականներիս սերունդը, ուզենք, թե չուզենք, ընդհանրության ինչ-որ մի եզերք ունենք: Այսինքն՝ բոլորիս ասելիքը շատ նման է մեր ընդհանուր գաղափարին՝ արվեստի ազատությանը, արվեստին ծառա լինելուն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել