Ծատուրյանի «Ֆելդֆեբել Բաթերֆլայը»՝ ռուսական թատրոնում
Օրերս Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանի ռեժիսուրայով, հանդիսատեսի դատին հանձնվեց Ռոբերտո Կավոզիի «Ֆելդֆեբել Բաթերֆլայ» պիեսը: Վերջինիս համար իտալացի դրամատուրգ, դերասան Ռ. Կավոզին 1993թ. արժանացել է գրական մրցանակի:
«Սա իմ առաջին փորձն է ռուսական թատրոնում աշխատելու»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Ն. Ծատուրյանն ու հավելեց, որ ռուսալեզու դերասանների հետ աշխատելն իր համար ամենեւին դժվար չի եղել, քանի որ ինքը բավական լավ տիրապետում է ռուսերենին:
«Պիեսի ընտրությունն իմը չի եղել: Սա Ալեքսանդր Գրիգորյանի մտահղացումն էր: Ես բոլորովին այլ պիես էի առաջարկում բեմադրել: Պիեսի վրա թատրոնում որոշակի բեմադրական աշխատանքներ տարել է բեմադրիչ Վիգեն Ստեփանյանը, բայց գործն անավարտ է մնացել, քանի որ նա առողջական խնդիրներ է ունեցել, որից հետո գործը ինձ է հանձնարարվել եւ ես, կարելի է ասել, ամեն ինչ զրոյից եմ սկսել»,- ասում է Ն. Ծատուրյանն ու ավելացնում, որ Ռ. Կավոզիի այս պիեսը այնքան էլ իր սրտով չի եղել, թեեւ հայ կնոջ հակասական կերպարը հնարավոր է հետաքրքիր լինի հայ հանդիսատեսին:
Հարցին՝ թե ներկայացման առաջնախաղից հետո կարծիք է ստեղծվել, որ սրտնեղած է, Ն. Ծատուրյանը պատասխանեց. «Ես Ալեքսանդր Գրիգորյանին ասացի, որ շատ լավ ներկայացում է ստացվել, բայց իմ ներկայացումը չէ, իրենն է: Նույնիսկ խնդրեցի, որ հանի ազգանունս: Նա էլ ասաց, որ դա անհնարին է, քանի որ այն պետպատվերի շրջանակներում է: Այդ պատճառով չէի կարող ինձ ապուշի տեղ դնել, գլուխ տալ, դերասաններին էլ շնորհավորել: Սուտ բաներ անել չեմ սիրում: Ա. Գրիգորյանին դուր չէր եկել ներկայացման էներգետիկան: Ըստ նրա՝ դերասանները ընդամենը տեքստ էին բեմից ասում: Գրիգորյանը փոփոխություններ մտցրեց ներկայացման մեջ: Բաց տեսարանները, օրինակ՝ ձեռքը հղի հերոսուհու փորին դնելը, իմը չեն»: Դերասանների մասին էլ մեր զրուցակիցը ասաց. «Շատ աշխատասեր էին Թեհմինե Խաչատրյանը, Յուրի Իգիթխանյանը, Երվանդ Ենգիբարյանը, Դավիթ Սեղպեյանը, Ելենա Վարդանյանը: Նրանք ամեն ինչ անում էին, որ դերերը ստացվեն: Ռուսական թատրոնը կազմակերպված թատրոն է, եւ դա Գրիգորյանի շնորհքն է: Այս թատրոնն ունի իր ուրույն էսթետիկան»:
Առաջնախաղից հետո իր զգացողությունների մասին խոսեց դերասանուհի Թեհմինե Խաչատրյանը. «Խոստովանեմ, որ դերս ինձ դժվարությամբ տրվեց: Այդպիսի դեր երբեւէ չեմ ունեցել: Շատ եմ պրպտել ու տառապել: Ինձ համար դժվար էր հասկանալ մի կնոջ հոգեբանություն, որը շարունակ կրկնում է, թե սիրում է իր հայրենիքը, քարերը, բայց… թողնում է այդ ամենն ու կյանքի հեշտ ճանապարհ բռնում: Ներկայացման մեջ մութ ու ցուրտ երեւանյան օրերն են, որոնց պատճառով էլ հերոսուհին լքում է հայրենիքը»:
Գլխավոր հերոսուհու դերը վստահված էր ՀՀ վաստակավոր արտիստուհի Վերոնիկա Սարոյանին: Վերջինս հղիության պատճառով ստիպված էր հրաժարվել դերից: Գլխավոր հերոսուհու փոփոխությունն էլ բերել էր ներկայացման կոնցեպցիայի փոփոխության: Նշանակվել էին նոր դերակատարներ: