Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՆՏՐԻԳԸ ԻՄ ՓԵՇԱԿԸ ՉԷ»

Հոկտեմբեր 01,2010 00:00

Ազգային օպերային թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը ուզում է չխանգարեն ստեղծագործել

\"\"

«Առավոտի» երեկվա համարում տեղեկացրել էինք խմբագրության էլեկտրոնային հասցեով ստացված նամակի մասին, որի հեղինակները մտահոգված են Ազգային օպերային թատրոնի բալետային խմբի եւ գլխավոր բալետմայստերի հարաբերությունների «աննորմալ» վիճակով: Հեղինակները նշել էին. «Այլեւս հնարավոր չէ ՀՀ մշակույթի նախարարի հրավերով մեկ տարի առաջ Երեւանի օպերային թատրոնում գլխավոր բալետմայստերի պաշտոնը ստանձնած ՀՀ վաստակավոր արտիստ, ԱՄՆ քաղաքացի Ռուդոլֆ Խառատյանի եւ բալետային խմբի հետագա գործունեությունը… Եվ եթե նախարարը պահի այդ Տիեզերային ունակություններով բալետմայստերին, այն, ինչը նա արել է մեր, հայկական բալետում… կշարունակվի»:

Երեկ հանդիպեցինք Ազգային օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանին, գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանին եւ բալետային խմբի արտիստներին: Ներկա եղանք այն պահին, երբ Խառատյանը Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացման հերթական փորձն էր անցկացնում, որի պրեմիերան նախատեսված է այս աշնանը:

Ռ. Խառատյանին ծանոթացրինք նամակի բովանդակությանը: Ներկայացնում ենք նրա խոսքը՝ առանց միջամտության. «Ես Հայաստանի եւ ԱՄՆ-ի քաղաքացի եմ: Այսօր ուղիղ մեկ տարի է՝ ինչ աշխատում եմ իբրեւ գլխավոր բալետմայստեր: Երբ տարիների ընդմիջումից հետո ոտք դրեցի իմ երբեմնի թատրոնը, տեսա, որ Հայաստանում բալետային արվեստը գտնվում է 19-րդ դարի վերջերում: Այո, հրավիրվել եմ ՀՀ մշակույթի նախարարի կողմից՝ 2 տարի ժամկետով կնքել պայմանագիր եւ պարտավորվել կարճ ժամանակահատվածում մեր բալետը հասցնել 21-րդ դար: Հայաստանը վերջին 20 տարիներին կորցրել է իրեն հասած ժառանգությունը, եւ աշխատանքը բալետային խմբի հետ սկսել եմ զրոյից: Ասածիս վկայությունն է մինչ իմ Հայաստան այցելելը՝ թատրոնի բալետային խղճուկ խաղացանկը: Ինչ վերաբերում է ձեր խմբագրությանը հասցեագրված նամակին՝ ինձ համար անակնկալ չէ: Դա ընդամենը 3-4 արտիստի ցանկություն է: Նրանք են՝ Բորիս Էմյանը, որին թույլ չեմ տվել բեմ բարձրանալ՝ իր արտաքին տվյալներից ելնելով, Սեւակ Ավետիսյանը, որն ամբողջ անցած տարին աշխատանքի չի եկել, Ռուբեն Մուրադյանը, ով, անկասկած, շնորհալի պարող է, սակայն վնասվածքների պատճառով լիարժեք չի հաճախում, եւ Նարեկ Մարտիրոսյանը, ով ձգտում ունի կատարելագործվելու, սակայն ափսոսում եմ, որ ընկել է ազդեցության տակ: Նրանք բողոքում են, որ իրենց հետ, օրինակ, ընկերություն չեմ անում: Հասկանում եմ, որ մինչ իմ այստեղ հայտնվելը, նախկին ղեկավարների հետ ընկերներ են եղել, սակայն այդ ընկերությունը, ինչպես տեսնում եմ, արվեստին ոչինչ չի տվել»: Գուցե այս ամենի ետեւում կանգնած են թատրոնից դուրս գտնվող ուժեր ե՞ւս: Պարոն Խառատյանն ի պատասխան ասաց. «Ինտրիգը իմ փեշակը չէ, ես խորեոգրաֆ եմ»: Իսկ նման լարված մթնոլորտում հնարավո՞ր է աշխատել: Խառատյանի պատասխանը բազմանշանակ էր. «Աշխատել՝ այո, ստեղծագործել՝ ոչ»:

Խնդրեցինք բալետմայստերին պատասխանել նաեւ այն շշուկներին, թե իբր իրեն «Վաշինգտոն բալետից» հեռացրել են աղանդավոր լինելու պատճառով, ու իբր այդ մասին գրված է կայքերից մեկում: Այս առիթով մեր զրուցակիցն ասաց. «Թող նամակի հեղինակները, եթե տղամարդ են ու համարձակություն ունեն, ներկայանան ու ապացուցեն իմ աղանդավոր լինելը: Ինչ վերաբերում է կայքին, դա հերյուրանք է»:

Բալետային խմբի շուրջ 50 արտիստներն էլ հայտնեցին, որ իրենք հաճախում են փորձերին եւ սիրով աշխատում գլխավոր բալետմայստերի ղեկավարությամբ:

Թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը ավելորդ համարեց նամակին անդրադառնալը, փաստելով, որ վերջին երկու տարում բալետային խումբը զգալի առաջընթաց է ապրել. «Հենց միայն Խաչատրյանի «Սպարտակի» բեմադրությունը շատ բան է ասում արտիստների մակարդակի մասին: Խառատյանի բեմադրած «Վարդանանք», «Տանգո», «Կրքեր ըստ Բախի» մոդեռն ներկայացումներն էլ ջերմ վերաբերմունքի են արժանացել հանդիսատեսի կողմից… Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակին, այն անցողիկ է»:

Ինչպես հաճախ պնդում են որոշ արվեստագետներ, նման իրավիճակները Օպերային թատրոնի գեղարվեստական խորհրդի նախագահ, ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի մասնագիտական անիրազեկության եւ թատրոնի խնդիրների նկատմամբ ունեցած զուտ վարչական եւ ամբիցիոզ կեցվածքի պատճառով են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել