Ամերիկացի գիտնականները գտել են մինչ այժմ հայտնաբերվածներից՝ Երկրին ամենից նման մոլորակը: Տիեզերական չափումներով այն բավական մոտ է Արեգակնային համակարգին, եւ այնտեղ տեսականորեն կարող է կյանք լինել։ Այդ մասին, վկայակոչելով Associated Press-ին, փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն: «Մենք ուղղակի ապացույց չունենք, որ այնտեղ կյանք կա, բայց իմ անձնական կարծիքով՝ դժվար է պատկերացնել, որ այնտեղ կյանքը թափանցած չլինի»,- ասել է Կալիֆոռնիայի Սանտա Կրուզ համալսարանի գիտական աշխատակից Սթիվեն Վոգտը:
Այս մոլորակը մեկն է Gliese 581 աստղային համակարգում գտնվող 6 մոլորակներից եւ Երկրից հեռու է 20 լուսատարի:
Լույսը Արեգակից Երկիր հասնում է 8 րոպեում, իսկ տիեզերքի ամենահեռավոր մարմինները Երկրից 13 միլիարդ լուսատարի հեռավորության վրա են գտնվում:
Նոր հայտնաբերված մոլորակը մի քիչ ավելի մեծ է, քան Երկիրը՝ դրա տրամագիծը գերազանցում է Երկրի տրամագիծը 20-40 տոկոսով, իսկ զանգվածը Երկրի զանգվածից ավելի է 75 տոկոսով: Սա Արեգակնային համակարգից դուրս մինչ այժմ հայտնաբերված ամենափոքր մոլորակներից է:
Այդ մոլորակի գրավիտացիան մի փոքր ավելին է, քան Երկրինը, եւ տեսականորեն հնարավորություն է ստեղծում մթնոլորտի առկայության համար: Սակայն երկրային չափանիշներով դրա մակերեւույթին բավական ցուրտ է՝ Ցելսիուսի սանդղակով 12-31 աստիճան ցուրտ:
Gliese 581g կոչվող այս մոլորակը, ի տարբերություն Երկրի, չի պտտվում իր առանցքի շուրջ, այդ պատճառով գիշերն ու ցերեկը դրա վրա չեն հերթագայում՝ մշտապես կա աստղի կողմից լուսավորվող հատված եւ ստվերային հատված: Սակայն լուսավորված եւ ստվերային հատվածների սահմանագծին կարող է նույնիսկ հեղուկ ջուր լինել եւ կայուն, կյանքի համար բարենպաստ ջերմաստիճան:
«Այն, որ մենք Արեգակնային համակարգից դուրս կարողացանք հայտնաբերել Երկրին մի շարք չափանիշներով մոտ մոլորակ՝ Արեգակնային համակարգին այդքան մոտիկ, ցույց է տալիս, որ այդպիսի մոլորակները հազվադեպ չեն մեր գալակտիկայում»,- ասել է գիտնականը:
Ավելի վաղ ուսումնասիրվել են նաեւ Gliese 581g մոլորակի հետ նույն աստղային համակարգում գտնվող հարեւան մոլորակները, սակայն դրանց մակերեւույթը կա՛մ շատ տաք է, կա՛մ չափազանց ցուրտ: Աստղագետները արդեն հայտնաբերել են 460 մոլորակներ, որոնք Արեգակնային համակարգից դուրս են գտնվում: