Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռարձակման թվայնացման մասին

Հոկտեմբեր 01,2010 00:00

ԵԱՀԿ գրասենյակի նախաձեռնությամբ երեկ «Կոնգրես» հյուրանոցում մեկնարկեց «Հեռարձակման թվային համակարգին անցումը. մարտահրավերներ, հնարավորություններ եւ միջազգային փորձ» խորագրով սեմինարը՝ տեղական հեռարձակողների, ԶԼՄ-ների, կառավարության, քաղաքացիական հասարակության եւ այլ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսի խոսքով, սեմինարի առանցքում անալոգային համակարգից հեռարձակման թվային համակարգի անցման միջազգային փորձն է, եւ թվային անցման գործընթացի օրենսդրական եւ կարգավորման խնդիրների քննարկումը: «ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը ակտիվորեն ներգրավված է Հայաստանում ազատ մամուլի կայացման գործընթացում: Վերջին մի քանի տարիների ընթացքում անցումը դեպի թվային համակարգ եւ դրա հետ կապված զարգացումները մշտապես գտնվել են ԵԱՀԿ գրասենյակի ուշադրության կենտրոնում: Անցումը թվային համակարգ՝ լուրջ տեխնոլոգիական փոփոխություն է, որը մեծ ազդեցություն ունի մամուլի համայնապատկերի վրա: Ըստ այդմ, շատ կարեւոր է, որ Հայաստանի իշխանությունները, կառավարությունը պատրաստակամ լինեն որդեգրել համապատասխան քաղաքականություններ, որ կնպաստեն բազմակարծությանը երկրում: Հեռարձակման թվայնացումը պետք է խթանի ԶԼՄ-ների առավել բազմակարծիք դաշտի ձեւավորմանը: Անցման լավ մշակված քաղաքականությունը եւ օրենսդրական դաշտի առկայությունը անհրաժեշտ են բարեհաջող անցումային գործընթացի համար: Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ շարունակել հեռարձակման ոլորտը կարգավորող օրենսդրության բարեփոխումները՝ անդրադառնալու առկա օրենսդրական բացերին: ԵԱՀԿ-ն պատրաստակամ է աջակցել այս ջանքերին»,- ասաց Ս. Կապինոսը:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի փոխանցմամբ, Հայաստանի հեռարձակման օրենսդրությունում վերջերս ընդունված փոփոխությունների համաձայն՝ նախատեսվում է 2015 թվականից անցումը թվային հեռարձակման. «Հեռարձակման նոր արտոնագրերի տրամադրման համար արդեն հայտարարվել է մրցույթ, որը կանցկացվի հոկտեմբեր ամսին: Իսկ արտոնագրերը կտրվեն տասը տարի ժամկետով»:

Սեմինարի մասնակից, լատվիացի փորձագետ Անդրիա Մելլակաուլսը հայ մասնագետներին ներկայացրեց Լատվիայի փորձը: Նրա հավաստմամբ՝ «Սա լավ հնարավորություն է օգտվել մյուս երկրների փորձից՝ խուսափելու համար անցումային գործընթացում հաճախ ի հայտ եկող լուրջ բարդություններից եւ երաշխավորելու հետագա տարիների ԶԼՄ-ների նոր դաշտի սահուն անցումը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել