Լրահոս
Օրվա լրահոսը

Երիցյանը կողմ է օտարալեզուներին

Հոկտեմբեր 01,2010 00:00

Ըստ նրա, բոլոր տարակուսանքները պետք է  օրենսդրորեն փարատել

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանը, փորձելով փարատել լրագրողների բազում մտահոգությունները՝ կապված մեր երկրում օտարալեզու կրթության ներդրման հետ, ասաց. «Օտարալեզու կամ այլընտրանքային դպրոցներ սկզբունքորեն կան բոլոր երկրներում՝ Կիպրոսում, Չեխիայում, Սլովակիայում, այլ երկրներում: Այնպես չէ, որ այսօր ուզում ենք հեծանիվ հորինել: Այլեւս խեցու մեջ պարփակվել կրթական, սոցիալական, քաղաքական, տնտեսական եւ այլ բնագավառներում, չենք կարող»: Նախկին ԿԳ նախարարը գտնում է, որ միայն հայերենով հնարավոր չէ ինտեգրվել եվրոպական կրթական տարածքին, միեւնույն ժամանակ՝ ընդունում, որ այսօր Հայաստանում հայոց լեզվի դրվածքը տխուր պատկեր ունի: Դիտարկմանը՝ ինչո՞ւ չի բարձրացվում լեզուների ուսուցման մակարդակը, որպեսզի միջազգային օլիմպիադաներում հայերը օտար լեզվի հետ կապված խնդիր չունենան, նա այսպես արձագանքեց. «Ես այնքան միամիտ չեմ, որ մտածեմ, թե 1-2 տարում կարողանալու ենք օտար լեզվի դասավանդման մակարդակը արագ բարձրացնել: Բայց որ օտարալեզու դպրոցների հետ կապված խոսակցությունը հիմք տվեց, որ խոսենք օտար լեզուների դասավանդման մասին, միանշանակ է»: Իր ասածները հաստատելու համար լեզվի տեսչության պետի պաշտոնակատարը բերեց օրինակներ. «Շուրջ 80 տարի գործած Մելքոնյան դպրոցը, որը 1-2 տարի առաջ փակվեց, օտարալեզու դպրոցի դասական օրինակ է: Այդտեղ մինչեւ 7-րդ դասարանը կրթությունը հայերեն էր, մինչեւ ավարտելը հայագիտական առարկաների 30%-ը պահպանվում էր, մնացած հոսքային առարկաները օտար լեզվով էին: Մինչեւ այսօր չեմ լսել, որ այդ դպրոցն ավարտած որեւէ հայազգի՝ հայրենասեր չէ, հայերենին չի տիրապետում»: Ս. Երիցյանը կարծում է, որ օտարալեզու դպրոցների հետ կապված աժիոտաժը մեզանում չափազանցված է եւ, ըստ նրա, այդ դպրոցները օտարալեզու համարել չի կարելի, դրանք այլընտրանքային, յուրահատուկ ծրագրեր ունեցող դպրոցներ են: Դիլիջանի դպրոցի հետ կապված էլ ասաց, թե խոսքը տարեկան ընդամենը 30-40 շրջանավարտի մասին է, որոնք, նրա խոսքով՝ «Մինչեւ 7-րդ դասարանը յուրացրած կլինեն հայերենի ատաղձը, հիմքը եւ 34% պահպանելով պետական չափորոշիչներին համապատասխան հայրենագիտական առարկաների ուսուցումը, կշարունակեն լավ մասնագետներ դառնալ»:

Նա ընդգծեց, որ տարակուսանքները պետք է օրենսդրորեն, ենթաօրենսդրորեն փարատել. «Այդ ճանապարհին հայտարարվեց, որ փոփոխություն «Լեզվի մասին» օրենքում չի կատարվելու»: Հարցին՝ եթե կողմ է նախագծին, ինչո՞ւ ինքը նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել ԿԳ նախարար եղած ժամանակ, բանախոսը պատասխանեց. «Դրա համար պետք է հասունանային պայմաններ, որոնք հասունացել են այսօր»: Նա նաեւ վստահ էր՝ նախագիծը ոչ թե Ա. Աշոտյանի նախաձեռնությունն է, այլ՝ կառավարության եւ այն ավելի շուտ ժամանակի ծնունդ էր: Ինչ վերաբերում է Լեզվի պետական տեսչության գործունեությանը, Երիցյանը հայտնեց, որ օրենսդրական առաջարկությունով են հանդես եկել եւ այդ փաթեթն այժմ քննարկման փուլում է՝ արդարադատության նախարարությունում:

Նշեց նաեւ, որ մինչ այդ էլ նման նախաձեռնություններ եղել են, որոնք հասել են Ազգային ժողով ու հանվել օրակարգից, քանի որ համարել են ժամանակավրեպ: Օրենքի նախագծում փորձել են հստակեցնել լեզվական վերահսկողության եւ լեզվի հետ կապված տեսչական ստուգման դրույթները, ցուցանակներում գերակայություն պետք է լինի հայերենը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել