Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՊՐՈՑ ԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ՝ 6 ՏԱՐԵԿԱՆԸ ՉԼՐԱՑԱԾ

Հոկտեմբեր 01,2010 00:00

\"\"Այս հարցում դպրոցի տնօրենները «չափն» անցել են

ՀՀ հանրակրթական դպրոցներում սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 7-ը ԿԳՆ կրթության պետական տեսչությունը ստուգումներ է իրականացնում, պարզելու՝ արդյո՞ք տնօրենները առաջին դասարանցիների ընդունելությունն իրականացրել են օրենքին համապատասխան:

Տարիների փորձը ցույց է տալիս, որ հաճախ նրանք, այս կամ այն շարժառիթներից դրդված (խնամի-ծանոթ-բարեկամային հարաբերություններ, կլորիկ գումար), դպրոց են ընդունում ոչ դպրոցահասակ երեխաներին: «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված է հետեւյալը. «Ուսումնական հաստատության առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց վեց տարին լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ավելի փոքր տարիքի երեխաների ընդունելությունն արգելվում է»:

«Առավոտի» տեղեկություններով, այս հարցում դպրոցի տնօրենները չափն անցել են, ինչի պատճառով էլ տեսչությունը ոչ թե համալիր ստուգումներ է իրականացնում դպրոցներում, այլ՝ կոնկրետ: Այս կապակցությամբ Կրթության պետական տեսչության պետի տեղակալ Ռաիսա Գալստյանն «Առավոտին» փոխանցեց. «Այս պահի դրությամբ ամփոփ տվյալներ ասել չեմ կարող, քանի որ ստուգումները դեռ ընթացքի մեջ են: Միայն Արմավիրի մարզի մասին կարող եմ որոշ փաստեր բերել: Այնտեղ զագսի աշխատանքների հետ կապված կասկածներ կային: Այնքան վարպետորեն են կեղծում երեխաների ծննդյան վկայականները՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները, որ անզեն աչքով չես նկատի խախտումը: Եթե մեր փորձը չլիներ, չէինք կարող գլխի ընկնել: Դպրոցի տնօրենն ասում էր, թե իրեն ներկայացված ծննդյան վկայականը բնօրինակն է, բայց պարզվեց, որ զագսում կեղծել էին ու 2005-ը դարձրել 2004»:

«Առավոտը» հետաքրքրվեց՝ օրինազանց տնօրենների համար ի՞նչ պատիժ է նախատեսված: Տիկին Գալստյանը պատասխանեց. «Տեսչությունը մարզպետներին կամ քաղաքապետին գրություն կուղարկի օրենքի խախտման մասին, որպեսզի նրանք սահմանված կարգով դպրոցի տնօրենին ենթարկեն կարգապահական տույժի»:

Չնայած եւ՛ ստուգումների ընթացքը, եւ՛ տարբեր դպրոցներից մեզ հասած տեղեկությունները ապացուցում են, որ դպրոցի տնօրենների մեծ մասը շահադիտական նպատակներից ելնելով ընդունել է 2004-ից հետո ծնված երեխաների, սակայն կրթական հաստատությունների ղեկավարներից շատերը «Առավոտի» հետ զրույցում համառորեն հավաստիացնում էին, որ իրենք ազնիվ են եւ մտքներով չի անցել ընդունել 6 տարեկանը չլրացած երեխաների: Օրինակ՝ թիվ 185 դպրոցի տնօրեն Համլետ Քարամյանն ասաց. «Այլ դպրոցներում դեպքեր եղել են, երբ փոքր տարիքի երեխաներ են ընդունել: Կրթության տեսչությունը ճիշտ է անում, որ ստուգում է, քանի որ 6 տարեկանն էլ է փոքր, էլ չեմ խոսում ավելի փոքր տարիքի երեխաներին ընդունելու մասին. ախր մեղք են»: Մեր այն հարցին՝ տեսչության ներկայիս ստուգումներն արդյո՞ք արդար նպատակներ են հետապնդում, պարոն Քարամյանը պատասխանեց. «Եթե ստուգումը նաեւ օգնելու, ուղղորդելու նպատակ ունի, ապա դրան դրական եմ վերաբերվում: Այլ բան է, երբ անպայման ուզում են թերություն գտնել»:

Նկատենք, որ 12-ամյա եւ ավագ դպրոցների համակարգերի ներդրումից հետո 6 տարեկանից փոքր երեխաների ընդունելության պահանջարկն ավելի է մեծացել: Ե՛վ տնօրեններն են շահագրգռված շատ աշակերտներ ընդունել, որպեսզի ֆինանսավորումն աճի, ե՛ւ ծնողներն են ցանկանում հատկապես տղա երեխաներին մեկ տարի շուտ դպրոց տանել, որպեսզի ավարտելուց հետո գոնե մեկ տարի ժամանակ ունենան բուհ ընդունվելու եւ բանակ չգնալու համար: Այս մասին պարոն Քարամյանն ասաց. «Այս տարի ընդունել եմ 80 առաջին դասարանցի, կուզեի, որ 180-ը լիներ, դասարաններն էլ կշատանային, ուսուցիչների ժամերն էլ, բայց եթե օրենքը թույլ չի տալիս, պիտի եղածով բավարարվել»: Իսկ Գրիբոյեդովի անվան թիվ 41 դպրոցի տնօրեն Սուսաննա Հովսեփյանը, հավաստիացնելով, որ ինքը 6 տարեկանից ցածր տարիքի երեխա չի ընդունել, նշեց, որ տեսչության ստուգումներին հանգիստ է վերաբերվում, քանի որ ամեն ոք իր գործն է անում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել