Լրահոս
Օրվա լրահոսը

50. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Հոկտեմբեր 01,2010 00:00

\"\"
Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը:

\"\"
Պատանի մոդելավորողների մրցույթ-ցուցահանդեսում:

ՀՀ պաշտպանության մարզատեխնիկական հասարակական կազմակերպության (նախկինում՝ ԴՕՍԱԱՖ) նախագահ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի հետ հանդիպումը անընդհատ հետաձգվում էր։ Արցախյան պատերազմի հերոսը երկրի տարբեր մարզեր էր մեկնում՝ հանդիպումների ու միջոցառումների։ Վերջապես Կոմանդոսը հայտնեց, որ ինձ է սպասում։

– Պարոն գեներալ, Ձեր ղեկավարած երկրի պաշտպանության համար խիստ կարեւոր կազմակերպությունը ինչո՞ւ է հասարակական կազմակերպության կարգավիճակում հայտնվել։

– Խորհրդային ժամանակներում էլ էր հասարակական կոչվում,- ասաց Արկադի Տեր-Թադեւոսյանը,- ամերիկյան հայտնի հետախույզ Դավոսը ասել է. «ԽՍՀՄ-ում ամեն ինչ հասկացա, բացի ԴՕՍԱԱՖ-ից»։ Չէր երեւում, թե ինչպես է այն աշխատում, ֆինանսավորվում։ Մեր աշխատանքում գլխավորը երիտասարդության հայրենասիրական դաստիարակությունն է, երիտասարդությանը երկրի պաշտպանությանը նախապատրաստելը։

– Խորհրդային ԴՕՍԱԱՖ-ը 35 ուղղություններով մասնագետներ էր պատրաստում բանակի համար, ձեր ղեկավարած հ/կ-ում մասնագիտական ի՞նչ ուղղություններ կան։

– Մենք պատրաստում ենք վարորդներ, մեխանիկ-վարորդներ եւ կապավորներ։ Առայժմ սա է մեր հնարավորությունը։

– Քանի որ բնակչության պաշտպանունակության խնդիրներով եք զբաղվում, երեւի գիտեք, թե երկրի բնակչությունը ինչքանո՞վ է պատրաստ պաշտպանելու հայրենիքը վտանգներից՝ արհավիրքներից, աղետներից ու ագրեսիայից։

– Այդ հարցին ավելի ճիշտ կպատասխանի մեր զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը։ Բայց իմ դիտարկումներից ելնելով՝ ասեմ, որ դեռեւս չենք օգտագործում մեր բոլոր հնարավորությունները։ Բնակչության պատրաստ լինելը առաջին հերթին մեր գործն է, սակայն սկզբնական շրջանում ԴՕՍԱԱՖ-ով չէին հետաքրքրվում։ Կազմակերպությունը քանդեցին։ Փառք Աստծո, Սերժ Սարգսյանը հետաքրքրություն ցուցաբերեց եւ ամեն կերպ նպաստում է կազմակերպության վերականգնմանը։ Սակայն գործի ծավալումը դեռ բավարար չէ։ Հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որտեղ ընդգրկված են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Դրա հետ ինքս մեծ հույսեր եմ կապում։ Սակայն դեռեւս խնդրի տեսական կողմն է ուսումնասիրվում։

– Պարոն գեներալ, երկրի բուհերի ուսանողները որքանո՞վ են ընդգրկված այս գործում։

– Շատ բուհերում կան երիտասարդական կազմակերպություններ, որոնք կամավորական սկզբունքով որոշ աշխատանքներ են իրականացնում ուսանողների հայրենասիրական դաստիարակության գործում։ Նրանց հետ համատեղ կազմակերպում ենք հրավարժանքներ, զենքի տիրապետման դասընթացներ, տարբեր թեմաներով դասախոսություններ։

– Եվ ի՞նչ եք կարծում, դա բավարա՞ր է։

– Իհարկե, ոչ։

– Գուցե խորհրդային ԴՕՍԱԱՖ-ի փորձն օգտագործենք։

– Մեր կազմակերպությունը ԴՕՍԱԱՖ-ի ժառանգությունն է, ու շատ բան ենք կիրառում անցյալի փորձից։ Սակայն իրավիճակն ու պայմանները հիմա այլ են։ Այն Խորհրդային Միությունում կարծրացած մտածելակերպի արդյունք էր։

– Սպորտում առավել ուշադրություն է դարձվում պրոֆեսիոնալ մարզաձեւերին, իսկ զանգվածային ֆիզիկական կուլտուրան, բնակչության, հասարակության առողջության հարցերը ետին պլան են մղված։ Բայց ֆիզիկական պատրաստվածությունը պաշտպանունակության հիմքն է։

– Ամեն ինչ փոխկապակցված է։ Հիմա հսկայական խզում կա ունեւորների ու աղքատների միջեւ։ Խոսվում է գների կարգավորման մասին, բայց դա, ի վերջո, դատարկ խոսակցության է վերածվում։

– Արկադի Իվանիչ, խոսենք ձեր կազմակերպության մասին։ Ինչպե՞ս են լուծվում ֆինանսատնտեսական խնդիրները։

– Մեզ են կցվել երկրում 45 ավտոդպրոցներ։ Դա օգնեց որոշակի շտկելու ֆինանսական խղճուկ իրավիճակը։ Մենք որոշ հաջողության ենք հասել հանրակրթական համակարգում։ Դպրոցներում անց են կացվում ռազմահայրենասիրական աշխատանքներ։ Կազմակերպվում են կրակելու, նռնակ նետելու, հրազենի քանդում-հավաքելու մրցումներ։ 59 հազար դպրոցականներ անցել են այս համակարգը։ Դպրոցականներից թիմեր են կազմվել, որոնք մասնակցել են ԱՊՀ երկրների մրցումներին, մրցանակային տեղեր գրավել։ Հրաչ Շահազիզյանը, որը նավամոդելիստների աշխարհի բազմակի չեմպիոն է, ունի իր հետեւորդները։ Օգնում ենք ռադիոսիրողներին։ Մենք ձգտում ենք, որ դպրոցում այս ամենը զանգվածային բնույթ ունենա։ Բանակի համար բարձր որակի զինակոչի նախապատրաստման գործում արդեն որոշակի տեղաշարժ է նկատվում։ Սակայն սա ամենեւին բավարար չէ ողջ բնակչության պատրաստվածության տեսանկյունից։ Ժողովուրդը լիովին պատրաստ չէ ինքնապաշտպանության։ Հաջորդ ուղղությունը. պաշտպանության նախարարության համար ռազմական մասնագիտությունների գծով կուրսանտներ ենք պատրաստում։ Դրանում ընդգրկված է զինակոչի 15%-ը, որը բավարար չէ։ Այս գործում ընդգրկված ուսուցիչների որակը մեզ չի բավարարում։ Պատճառը ցածր աշխատավարձն է, շուրջ 30 հազար դրամ ամսավճար, որն էլ կադրային հոսք է առաջացրել։ Կարծում եմ, որ կառավարությունը կլուծի այս խնդիրը եւս։ Շատ են այն հասարակական կազմակերպությունները, որոնք դիմում են մարզերում համատեղ միջոցառումներ անցկացնելու։ Վերջերս Երեւան-Շուշի արշավ անցկացրինք։

– Եթե համեմատենք պատերազմի տարիներին ու այսօրվա երիտասարդության մարտական ոգին, ի՞նչ տարբերություն եք տեսնում։

– Սոցիալական անհավասարությունն ու հարուստների եւ աղքատների շերտավորումը եւս իր հոգեբանական ազդեցությունն է թողնում։ Մի քանի հոգու բարեգործական ձեռնարկները ոչ մի հարց չեն լուծում։ Դա կեղծ հայրենասիրություն է։ Աղքատները ամեն ժամ պայքարում են գոյության համար։ Մարդիկ պատերազմել են հայրենիքի անկախության ու բարվոք կյանքի համար, իսկ հայտնվել են ծայրահեղ աղքատության մեջ։ Ես հանդիպում եմ իմ մարտական ընկերներին։ Բայց նրանք էլի պատրաստ են օգնել երկրի պաշտպանության հարցերում։ Սկսվել է նոր հոսանք, որը մեծ հույսեր է առաջացնում։ Արտերկրից ռազմական շատ հայ գործիչներ, լուրջ մասնագետներ խնդրում են իրենց եւս ընդգրկել երկրի պաշտպանունակության կազմակերպման գործում։ Դրանք գեներալներ են, սպաներ, տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ։ Նրանք լսում են մեր հակառակորդի հոխորտանքները, ագրեսիայի կրկնվելու սպառնալիքները, ուստի եւ ցանկանում են գալ եւ օգնել։ Մենք էլ պետք է օգնենք նրանց, որ մայր հայրենիքի նկատմամբ կարողանան կատարել իրենց պարտքը։ Գիտենք, որ շատ երիտասարդներ մեկնել են ԱՄՆ, Ֆրանսիա, Իտալիա, Լիբանան, որտեղ լավ բիզնես ունեն։ Նրանց մի մասը առաջարկում է իր ներդրումը՝ հայրենիքի պաշտպանության գործում։ Այս ամենը կօգնի բնակչության, երիտասարդության բարոյական ոգին բարձրացնելու խնդրում։

– Պարոն գեներալ, հիմա վերադառնանք բուհերի խնդրին։

– ԵՊՀ-ում հիմնվել է «Վարդանանք» կազմակերպությունը, որն ընդգրկում է տարբեր ֆակուլտետներից հարյուրավոր ուսանողների։ Ամեն ամիս նրանք անց են կացնում անվտանգության հարցերով սեմինարներ։ Այս կազմակերպության հետ մենք որոշակի հույսեր ենք կապում։

– Կարծում եմ, որ բնակչության պաշտպանունակության խնդրում բոլոր կազմակերպությունները, գերատեսչությունները պարտավոր են համագործակցել ձեր կազմակերպության հետ։

– Մենք գործում ենք պայմանագրային սկզբունքով։ Օրինակ, արդարադատության նախարարությունը պայմանագիր է կնքել մեզ հետ, համաձայն որի՝ մենք իրենց մասնագետների հետ ռազմական տեխնիկայի տիրապետման դասընթացներ ենք անցկացնում։ Սերտորեն համագործակցում ենք պաշտպանության նախարարության հետ, որը ավելի է ընդլայնվում ու խորանում։ Եթե դպրոցական համակարգում կրթության եւ գիտության նախարարության հետ որոշակի ձեռքբերումներ ունենք, ապա բուհերի հարցում դեռ շոշափելի արդյունքներ չունենք։

– Երկրում կա շուրջ 48 մասնավոր բուհ, որտեղ հազարավոր երիտասարդներ են սովորում, որոնք ռազմատեխնիկական կրթություն չեն ստանում։

– Այդ բուհերից ներկայացուցիչներ են գալիս, դասախոսություններ լսում, բայց դա հեռու է բավարար լինելուց։ Երկրում ամենամեծ հասարակական կազմակերպությունն է սա։ Կան հ/կ-ներ, որոնք կեղծ թվերով շատ բազմազան են, բայց իրականում սուտ է, դատարկ կազմակերպություններ են դրանք։

– Բանակից վերադարձած երիտասարդների մի մասը արտերկիր է մեկնում, որը երկրի պաշտպանունակության վրա է ազդում։

– Դա եւս սոցիալական վատ պայմանների, անարդարության արդյունք է։

– Ինձ թվում է, որ ուսանողների հետ աշխատանքը պետք է սկսել ուսանողական խմբերին հայրենի եզերքի հետ ծանոթացնելուց,- ասացի ես,- «Շուշի» բարեգործական հիմնադրամը, հիմնելով «Շուշիթուր» կազմակերպությունը, 2008թ. Ագրարային համալսարանից մի խումբ տարավ Շուշիի տուրիստական բազա։ Այստեղ անց էին կացվում նաեւ արտակարգ իրավիճակների դասընթացներ։ Ուսանողները գոհ էին։ Սակայն «Ճանաչիր հայրենի եզերքդ» կարգախոսով այս ձեռնարկը շարունակություն չունեցավ։ Ուսանողների մոտ պասիվություն էր նկատվում։ Դիմեցի պետական մարմիններին՝ գոնե տրանսպորտի խնդրում օգնելու համար։ Ոչ մի պատասխան չստացա։ Աչքի ընկած գործարարները եւս խուսափեցին օգնության ձեռք մեկնելուց։

– Այդ խնդրում մենք կարող ենք համագործակցել։ Կընդգրկենք նաեւ ուսանողական կազմակերպություններին։ Երիտասարդը մինչեւ չտեսնի, չճանաչի իր հայրենիքը, չի սիրի այն, ու հարմար պահ լինելիս կփախչի հայրենիքից։ Եկող տարվանից մենք համատեղ կիրականացնենք ձեր առաջարկած ծրագիրը։

– Այն նաեւ ձեր ծրագիրն է։

– Համաձայն եմ։ Որոշ ներդրումների դեպքում այն կհաջողվի մեզ։

– Ֆինանսական ներդրումների կարիք շա՞տ ունեք։

– ԽՍՀՄ-ում ԴՕՍԱԱՖ-ի տարեկան բյուջեն տասնմեկ միլիարդի էր հասնում… Համեմատվել չենք կարող։

– Պաշտպանության մարզատեխնիկական հ/կ-ի մասին օրենք կա՞։

– Ընդհանուր դրույթներ կան, սակայն հատուկ ՀՀ ՊՄՏ հ/կ-ի վերաբերյալ չկա։ Անհրաժեշտ է բնակչության ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգ։ Մեր կազմակերպության սպորտի եւ ռազմահայրենասիրական բաժնի մասնագետները զբաղվում են այս խնդրով։ Անհրաժեշտություն կա Հայաստանում տեխնիկական մարզաձեւերի զարգացման հեռանկարային ծրագիր մշակել եւ իրականացնել։ Համատեղ հանձնաժողովի աշխատանքները նոր օրենքների մշակմանն են տանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել