Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեռնում եմ՝ տղաներիս ու թոռներիս կարոտից»

Հոկտեմբեր 01,2010 00:00

\"\"Սոցիալական դժվարությունները հաղթահարող Էմմա Երանոսյանը չի հարմարվում միայնակ կյանքին

Լոռու մարզի Թումանյանի շրջանի Ձորագետ ավանի 72-ամյա բնակչուհի Էմմա Երանոսյանը արդեն 9 տարի մենակ է: Երեք որդիները աշխատանք փնտրելու հույսով մեկնել են Ռուսաստան, սակայն գործերի անհաջող դասավորվելու պատճառով մինչ օրս նրանցից ոչ մեկը Հայաստան ոտք չի դրել: «Ես հեչ, տղեքս հաջողակ չէին, գնացին գործ գտնեն, բայց այնտեղ էլ հաջող չեն, ճիշտ է՝ զանգում են, ասում, որ դեռ գործ ունեն», նեղսրտում է Էմմա տատիկը եւ պատմում է, որ մերձմոսկովյան տարածքում տղաները սեզոնային աշխատանք են կատարում, աշխատում են ամառանոցներում, ձմռանն էլ թեեւ ազատ ժամանակ են ունենում, սակայն գումար չեն ունենում, որ գոնե կարճ ժամանակով Հայաստան գան, մոր կարոտը փարատեն:

Էմմա տատիկը ոչ միայն կարոտից է տանջվում: Նաեւ նեղվում է, որ 30 տարվա աշխատանքային ստաժը այսօր ընդամենը 21 հազար դրամ կենսաթոշակ է եւ դժգոհում է ղեկավար այրերից, որ քաղաքացու տարիների վաստակը չեն գնահատում: Չի բացառում, որ իր կենսաթոշակը սխալ է հաշվարկված, սակայն վերահաշվարկի համար էլ լրացուցիչ միջոցներ են անհրաժեշտ, որ մի քանի անգամ մարզկենտրոն Վանաձոր հասնի ու ետ դառնա: Էմմա տատիկը մտածում է, որ մի քիչ բարձր կենսաթոշակ ունենալու դեպքում հնարավոր կլիներ տղաներին տեսնել: «Կարոտից մեռնում եմ, երազում եմ փող ունենամ, գնամ էրեխեքիս տենամ՝ գամ, ընդմիշտ չեմ մնա, նախ չեմ ուզում հոգս դառնալ իրանց համար, հետո էլ ոտս ոտիս գցած ինչքա՞ն կարամ նստեմ, բա իմ տունուտե՞ղը (ցույց է տալիս փոքրիկ հողամասը- Ն. Դ.): Գոնե լեզու չգիտեմ, որ թոռներիս օգնեմ, դասերն անեն»: Չի ուզում տղաներին դիմել երազանքն իրականացնելու համար, առիթ դառնալ ֆինանսական նոր նեղության. «Դե դա երազանք էլ չի, ցանկություն է, բայց գեղի ժողովուրդն էնքան խեղճ է ապրում, որ ամեն փոքր չիրականացված ցանկություն երազանք է մնում»:

Էմմա Երանոսյանը 12 տարեկան հասակում ընտանիքի հետ Դսեղ գյուղից տեղափոխվել է Ձորագետ ավան: 33 տարեկանում կորցրել է ամուսնուն, դժվարությամբ պահել 3 որդիներին, ուսման տվել, սակայն որդիները Հայաստանի այլ քաղաքներում աշխատանք փնտրելով ու աշխատանքի դիմաց համապատասխան վարձատրություն չստանալով՝ լքել են հայրենիքը: Տիկին Էմման, որ կյանքում ոչնչի չի հավատացել, հիմա հավատում է ժողովրդական ասացվածքին. «Թախտիցդ փախչես, բախտիցդ ո՞ւր փախչես»:

Այսօր տիկին Էմման ապրում է մորից ժառանգություն ստացած տանը: Տունը մայրն իր ձեռքերով է կառուցել՝ Թումանյան կայարանի շինջոկատում աշխատելու տարիներին: Խրուշչովյան ժամանակաշրջանում կառուցված երկհարկանի 8 բնակարանանոց շենքում լոգարան չկա, իսկ սանհանգույցն ընդհանուր օգտագործման է եւ առանց ջրի, ինչը տիկին Էմման 21-րդ դարին անհարիր է համարում: Առօրյա, կենցաղային ամեն խնդրի մասին խոսելիս Էմմա տատը սրտնեղում է՝ ախր հենց այդ կենցաղային պայմաններն առիթ դարձան, որ հարսներն էլ թոռներին վերցրած տղաների հետեւից Ռուսաստան գնան: Քանի դեռ ընտանիքները Ձորագետում էին, տղաները գալիս էին Հայաստան. «Թոռներս կշտիս էին, գոնե իրանցով զբաղվում էի, տղերքս էլ գալիս էին՝ տեսնում էի, հիմա անհույս, լալուքառ նստած եմ»:

Ջուրն ընդհանրապես խնդիր է շենքի եւ Ձորագետ ավանի բնակիչների համար: «Ջուրն ինչ է, որ չեն տալիս, որ կողմդ նայում ես՝ առու ու գետ է, դա էլ հո գազի նման ծախսատար չէ՞»,- հարցնում է Էմմա տատն ու պատմում, որ տարիներով երազած երկնագույն վառելիքը վերջապես իրենց դուռն է հասել, բայց թանկ հաճույք է, ստիպված պետք է հրաժարվի եւ այս ձմռանն էլ փայտով տաքանա, որը, ի դեպ, արդեն գնել է. «Բա ի՞նչ անեմ, որ թանկ է, ամեն ամիս թոշակիցս 2000 դրամ մի կողմ եմ դրել, հաշվել եմ՝ չեմ ստացել, հիմա ցախը կտրել կտամ ու ամբողջ ձմեռ կվառեմ: Փոխարենը այս տարի ամբողջ ձմեռվա համար կարտոլ չեմ կարա առնել, բանկեքս էլ դատարկ ծափ են տալիս»: Սոցիալական դժվարություններից տիկին Էմման չի սրտնեղում, ավելի շատ մենակությունից ու կարոտից է ընկճվածության դեմ տեղի տալիս:

Էմմա Երանոսյանը ափսոսում է, որ տղաներին թողել է դուրս գալ Հայաստանից: Նա կարծում է, որ հենց ավանում՝ ՀԷԿ-ում կամ Թուֆենկյան հյուրանոցում այժմ հնարավոր կլիներ աշխատանք գտնել, իսկ հիմա հնարավոր չէ շուտ ետ վերադարձնել որդիներին ու նրանց ընտանիքներին: «Ինձ համար միշտ վատ է եղել, տեր չեմ ունեցել, միշտ վատ եմ ապրել, էլի կդիմանամ, մենակ թե խիղճս հանգիստ լինի, իմանամ, որ իրանք լավ են, թեկուզ մեռնում եմ զավակներիս ու թոռներիս կարոտից»,- վերջում նկատեց Էմմա տատը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել