Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂՑՐ ԽՈՍՔԻ ՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՔԱՂՑ ԿԱ

Հոկտեմբեր 01,2010 00:00

\"\"Լոռու մարզում տարեցների հարցերով զբաղվող կազմակերպություններ կան, պետությունը՝ չի երեւում

Լոռու մարզում գրանցված 52 560 կենսաթոշակառուից 15952-ը հաշմանդամ է: Ութսուն անց տարեցները 5403-ն են, որոնցից 3868-ը՝ կանայք: Լոռու մարզում բնակվող ամենատարեց մարդը Ճոճկան համայնքի բնակիչ՝ 106-ամյա Վանո Խալաթյանն է: Իսկ ընդհանրապես մարզում արդեն մեկ դարը բոլորած 15 մարդ է ապրում: Ասում են այսօրվա՝ Տարեցների միջազգային օրվա առիթով նրանք Լոռու մարզպետի կողմից շնորհակալագրեր կստանան:

Լոռու մարզում տարեցների խնդիրներով զբաղվող մի շարք կազմակերպություններ կան, սակայն պետական որեւէ ծրագիր չկա: 1993 թվականին «Ազնավուրը Հայաստանին» կազմակերպության հիմնադրած տարեցների տունը Վանաձորում առաջին պատսպարանն էր՝ լքված, անտեսված տարեցների համար: Այժմ ծերատունը գործում է ՀՕՖ-ի հովանու ներքո: Տարեցների տունը կարող է սպասարկել մինչեւ 55 շահառուի, այժմ այնտեղ բնակվողները 51-ն են: Հաստատությունը գտնվում է Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամասում, անտառի փեշին, որը թեեւ հրաշալի հանգստավայր է, սակայն ծերերը մեկուսանում են հասարակությունից: Հազվադեպ են այցերը քաղաքի կենտրոնական թաղամասեր, տնօրինությունը ծերատան բակում փոքրիկ կրպակ է բացել, ուր կան այն ապրանքատեսակները, որոնց կարիքը ծերերը շատ ունեն: Տարեցների կենսաթոշակի 40 տոկոսը փոխանցվում է տարեցների տանը, մնացածը տնօրինում են ծերերը: Տարեցների տան բնակիչները առանձնապես շատ այցելուներ չունեն եւ սրտի թրթիռով են սպասում եւ ուրախանում յուրաքանչյուր այցելուի համար:

Տարեցների տան տնօրինությունը աշխատում է քրոնիկական, ծանր հիվանդների չընդունել: Վերջիններով զբաղվում է 2006 թ. հիմնադրված «Հույսի տուն» ծերերի հանգստավայրը: «Հույսի տունը» իր հարկի տակ ընդունում է բոլոր նրանց, ովքեր ցանկություն ունեն իրենց միապաղաղ առօրյայից կտրվելու: Նաեւ՝ անկողնային խնամքի կարիք ունեցող, լքված, բնակության վայր չունեցող ծերերին: Հինգ տարվա ընթացքում «Հույսի տունն» իր հարկի տակ ընդունել է 57 տարեցների: Այս պահին այստեղ հանգրվանած 35 տարեցներից 14-ը անկողնային հիվանդ է, 10-ը ընդմիշտ բնակվում է ծերատանը, 20-ը մահացել է: «Ճիշտ է, խախտում ենք պայմանագրային մի շարք կետեր, բայց չենք կարող դուրս անել, մարդկանց մեջ ապրելու վերջին հույսն էլ կտրել»,- ասում է «Հույսի տուն» ծերերի հանգստյան տան տնօրեն Լուսյա Աբովյանը:

«Հույսի տունն» այժմ պայմանագիր ունի Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի հետ եւ հերթագրումով կընդունի 150 ծերերի: Այժմ էլ հանգստյան տանը մարզի բոլոր տարածաշրջաններից, Արագածոտնի եւ Շիրակի մարզերից հանգստացողներ կան, նրանց այստեղ է բերում անձնակազմի վերաբերմունքն ու մաքուր օդը: Լուսյա Աբովյանի կարծիքով, տարեցները ոչ այնքան լավ սննդի ու գեղեցիկ հագուստի կարիք ունեն, որքան՝ վերաբերմունքի: «Սիրո խոսքերը ցրտից կծկված միայնակներին ջերմացնում եւ գարուն են բերում, եւ ամոքող յուղ են վերքերին»,-համոզված է հանգստյան տան տնօրենը: «Հույսի տունը» ամեն ինչ անում է, որ ծերերի բարեկամները հարազատի համար մաքուր ու նոր շորեր բերեն: Այստեղ զարմանում են հայ մարդու վրա, որ գերեզմանապաշտ է դարձել, տարիներով կարող է մահվան արարողության համար հագուստ պահել: «Ես միշտ ասում եմ, բերեք իրենց պահարանի ամենալավ շորերը, նրանք հիմա դրա կարիքը ունեն»,- ասաց տնօրենը: Ծերերի մի մասը չի սիրում որեւէ բանով զբաղվել, չեն սիրում, երբ խանգարում են իրենց անդորրը: Տնօրինությունը փորձել է միասնական ջանքերով այգի հիմնել եւ խաղահրապարակ կառուցել, սակայն տարեցների պասիվության պատճառով նախագիծը հետաձգվել է: Նրանց զբաղմունքը ուռենիների տակ նստելն ու իրենց կյանքի ուրախ օրերը հիշելն է:

Վանաձորում ծերերի հաջորդ հավաքատեղին Վանաձորի երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցության (ԵՄՔԸ) հասարակական կազմակերպության «Հին ընկերների ակումբն» է: 2003 թվականի մարտից Վանաձորի ԵՄՔԸ հ/կ-ի եւ կազմակերպության բարերար Արամյան ընտանիքի համատեղ որոշմամբ «Զվարթարան» կենտրոնում, մանկական եւ երիտասարդական ծրագրերին զուգահեռ, սկսվեց «Հին ընկերների ակումբ» տարեցների ծրագիրը: Նպատակն է՝ տարեցների ազատ ժամանակի արդյունավետ եւ հետաքրքիր ապահովումը եւ կազմակերպության երիտասարդական եւ այլ ծրագրերում ու միջոցառումներում նրանց ընդգրկումը: «Հին ընկերների ակումբում» հավաքված տարեցները խաղում են սեղանի խաղեր, ընթերցում թերթեր, դիտում հեռուստացույց, օգտվում գրադարանից, մասնակցում կազմակերպության համար կարեւոր նշանակություն ունեցող բոլոր միջոցառումներին եւ հանդիպումներին: Այստեղ գեղեցիկ ավանդույթ է դարձել տարեցների ծննդյան տարեդարձերը, ինչպես նաեւ Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ը, Տարեցների միջազգային օրը՝ հոկտեմբերի 1-ը եւ այլ տոներ նշելը: Ավանդույթ է դարձել նաեւ ակումբի անդամների ամառային հանգստի կազմակերպումը Արամյան ճամբարում: «Հին ընկերների ակումբը» ունեցել է 25 շահառու, որոնցից ներկայումս մշտական հաճախում է 10-ը: Ակումբի ամենաերիտասարդ անդամը 78 տարեկան է, իսկ ամենամեծը՝ 88 տարեկան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել