Այգեգործների սպառողական կոոպերատիվների հայկական հանրապետական միությունը Հայաստանի ազգային արխիվից պահանջում է իր փաստաթղթերը: Դրանք, ինչպես այգեգործներն են պնդում, տրվել են արխիվին՝ առանց իրենց համաձայնության, առանց կնիքների, եւ համարվել են այգեգործների միության սեփականությունը: ՀՀ վարչական դատարանը, որը քննության էր առել այգեգործների հայցը, այս տարվա հուլիսի 8-ին մերժել էր հայցապահանջը, համարելով, որ պահանջվող փաստաթղթերն այլեւս պետության սեփականությունն են:
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատ ներկայացված բողոքի հիմքում այգեգործները կցել էին նախկին նախագահ Ա. Մինասյանի այն հայտարարությունը, թե իրենցից սպառնալիքով են տարել փաստաթղթերը, եւ այգեգործների հետ կապված պայմանագրերը, փաստաթղթերը համարվում է ոչ թե պետության, այլ իրենց կազմակերպության սեփականությունը: Վճռաբեկ դատարանը Հայաստանի ազգային արխիվի կողմից այդ փաստաթղթերը չտրամադրելը համարել է իրավաչափ, իսկ այգեգործների պահանջը՝ անհիմն: Վճռաբեկ դատարանը վերադարձրել է այգեգործների ներկայացուցչի բողոքը, գտել, որ հիմնավոր չեն այն պնդումները, թե նախորդ դատարանը դատական սխալ է թույլ տվել, օրենքը միատեսակ չի կիրառել: Վճռաբեկ պալատի որոշումն օրինական ուժի մեջ է մտել սեպտեմբերից եւ բողոքարկման ենթակա չէ: