Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՆՑ ՈՐ ԴՊՐՈՑՈՒՄՍ ՔԱՂՄԱՍ ԲԱՑԱԾ ԼԻՆԵՆ»

Հոկտեմբեր 01,2010 00:00

Ասում է Ողջիի դպրոցի տնօրենը, ում դեմ հարուցվել է քրեական գործ

Ինչպես հայտնի է, անցյալ տարի Շիրակի նախկին մարզպետ Լիդա Նանյանը համառորեն հրաժարվում էր աշխատանքային պայմանագիր կնքել մրցույթը շահած Ողջիի դպրոցի տնօրեն Գոհար Աբրահամյանի հետ՝ պատճառաբանելով, որ մրցույթը կայացել է անօրինական, այն հակասել է «Հանրակրթության մասին» նոր օրենքի պահանջներին: Տնօրենը, երկար պայքարից հետո, այս տարվա հուլիսի 21-ին կարողացավ վերադառնալ իր պաշտոնին: Նա դատի տվեց Լիդա Նանյանին, դատը շահեց, նորանշանակ մարզպետ Աշոտ Գիզիրյանն էլ, առանց որեւէ առարկության, աշխատանքային պայմանագիր կնքեց տիկին տնօրենի հետ: Չանցած երկու ամիս՝ նոր խնդիրներ են ծագել:

Օրերս ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Գոհար Աբրահամյանի նկատմամբ. նա մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու, այն շահադիտական նպատակների համար օգտագործելու, դպրոցում, այսպես ասած, «մեռած հոգիներ» պահելու ու պետությանը խոշոր չափի՝ 1 142 848 դրամ վնաս պատճառելու մեջ: Ըստ նախաքննության մարմնի մեր աղբյուրի, քրեական գործով «Գոհար Աբրահամյանը 2006թ. սեպտեմբերի 1-ից մինչեւ 2008թ. նոյեմբերի 11-ը դպրոցում բակապահ աշխատելու համար պայմանագիր է կնքել Ամասիա գյուղի բնակչուհի Լուսինե Գագիկի Հովակյանի հետ, նա պայմանագրով նախատեսված աշխատանքը չի կատարել, սակայն 2006թ. հոկտեմբերին նրան վճարվել է 146 720 դրամ աշխատավարձ, որից հետո աշխատավարձ չի վճարվել: 2007թ. սեպտեմբերի 2-ին դպրոցում հավաքարար աշխատելու համար պայմանագիր է կնքվել Ողջի գյուղի բնակչուհի Սիրանուշ Մելիքսեթի Մարտիրոսյանի հետ: Նա պայմանագրով նախատեսված աշխատանքը չի կատարել, սակայն սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր ստացել է 126 878 դրամ «աշխատավարձ»: Իհարկե, քրեական գործը միայն այսքանով չի սահմանափակվում: Գոհար Աբրահամյանը մեղադրվում է նաեւ իր ազգակցականներին հաստիքներ բաշխելու մեջ: Ըստ քրեական գործի նյութերի. «2008թ. հունվարի 3-ին դպրոցում որպես պահակ աշխատելու համար տնօրենը պայմանագիր է կնքել քրոջ ամուսնու՝ Գյումրիի բնակիչ Ռաֆիկ Սերյոժայի Պողոսյանի հետ: Նա պայմանագրով նախատեսված աշխատանքը չի կատարել, սակայն 2007թ. 12 ամիսների համար նրան վճարվել է 447 107 դրամ աշխատավարձ: 2008 հունվարի 10-ին դպրոցում պահակ աշխատելու համար պայմանագիր է կնքել քրոջ, Գյումրիի բնակչուհի Թամարա Մարտինի Պողոսյանի հետ, սակայն նա դպրոցում պահակ չի աշխատել, բայց 2008թ. հունվարից մինչեւ դեկտեմբեր ամիսների համար ստացել է 347 329 դրամ աշխատավարձ»:

Սակայն նշենք, որ Ողջիի դպրոցի տնօրենը համամիտ չէ իրեն ներկայացված մեղադրանքի հետ, նա գտնում է, որ այսկերպ փորձում են ազատվել իրենից: «Ուրիշ ձեւով չկարողացան ազատել ինձ, քրեական գործ հարուցելով են ուզում ազատել: Ինչպե՞ս եղավ, որ իմ աշխատանքի գալուն պես՝ հուլիսի 21-ին, հենց նույն օրը Ամասիայի ոստիկանապետ Աշոտ Գրիգորյանը հաղորդագրություններ տարածեց 6-րդ վարչությանը, էս կողմ, էն կողմ, թե ես մարդկանց եմ պահել, որոնք չեն աշխատել: Էդպիսի զուգադիպությո՞ւն էլ լինի: Կամ՝ եթե սա իմ պաշտոնի հետ կապված չէ, ինչո՞ւ նախորդ տարիների գործերը հանկարծ նոր մտքերն ընկավ: Ասեմ, որ սա Ամասիայի ոստիկանապետի ձեռագիրն է, նա բարեկամ ունի, ով հավակնում է իմ պաշտոնին, հենց այդ պատճառով էլ գործ է սարքում իմ գլխին: Կեղծ ստորագրությունների միջոցով՝ գյուղի կթվորուհիների, հովիվների, անասնաբույժի անունից բողոքներ են հղում, թե ես այնպիսի մարդկանց եմ պահել, որոնք չեն աշխատել, բայց էդ մարդիկ բացարձակապես տեղյակ էլ չեն, որ իրենց անունից բողոք է ուղարկվել, շատերը իմանալով՝ զարմանում են: Պատկերացրեք, կթվորուհին լաց էր լինում, թե՝ ես չեմ էլ կարդացել իմ անունից հղված բողոքը: Եվ, ի վերջո, կթվորուհին կամ հովիվը ի՞նչ առնչություն ունեն իմ գործի հետ, որ մի հատ էլ բողոքեն, թե տեսեք, տեսեք՝ տնօրենը այնպիսի մարդկանց է պահել, որոնք չեն աշխատել: Կարճ ասած, Աշոտ Գրիգորյանը չի հաշտվում իմ վերադարձի հետ»,- համոզված է Գոհար Աբրահամյանը: Նա պնդում է, որ այդ մարդիկ փաստացի աշխատել են, նրանցից շատերը բացատրություն են տվել, որ իրենք իրականում աշխատել են, սակայն քննիչը չի հավատացել: «Ես քննիչին հարցնում եմ, ինչո՞վ եք հիմնավորում, որ, ասենք, Լուսինե Հովակյանը չի աշխատել, բայց աշխատավարձ է ստացել, չէ՞ որ նա բացատրություն է տվել, որ իրոք աշխատել է, քննիչը պատասխանում է՝ ես տրամաբանում եմ, որ այդպես է եղել»,- բողոքում է Գոհար Աբրահայմանը: Նրա նկարագրմամբ, Ամասիայի ոստիկանությունը գյուղացիների տներն ընկած՝ նրանց ստիպում է իր դեմ կեղծ ցուցմունքներ տալ: «Ոնց որ իմ դպրոցում քաղմաս բացած լինեն, մինչեւ իմ գալը ոստիկանների մեքենան դպրոցի դռան մոտ կանգնած է, ամբողջ օրը մարդ են հարցաքննում, կասե՞ք՝ 6-րդ վարչությունն ի՞նչ գործ ունի ինձ հետ, հո ես պոտենցիալ հանցագործ չե՞մ, վերջը սա կրթօջախ է»,- նեղսրտում է Գոհար Աբրահամյանը՝ պատրաստվելով այս ամենը ներկայացնել Շիրակի նորանշանակ մարզպետ Աշոտ Գիզիրյանին: Ամասիայի ոստիկանապետ Աշոտ Գրիգորյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Ստուգումներ կատարել ու նյութեր նախապատրաստել է քննչականը, որից հետո զեկուցվել է վերահսկող մարմնին՝ մարզի դատախազին, կան հիմքեր, որ ինքը կատարել է չարաշահում, եւ դատախազի ցուցումով հարուցվել է քրեական գործ: Կասե՞ք, թե ես ո՞վ եմ այստեղ. քննչականն առանձին կառույց է, եւ ես որեւէ իրավասություն չունեմ այդ կառույցի գործերին միջամտելու: Եվ ի՞նչ բարեկամի մասին է խոսքը, ես 3 ամիս է՝ ինչ Ամասիայի ոստիկանապետն եմ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել