Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղեվարձը՝ 150 դրամ

Հոկտեմբեր 01,2010 00:00

Թիվ 108 երթուղու որոշ վարորդներ պնդում են, որ 100 դրամով իրենք «չեն քշի»

Թիվ 108 երթուղայինը, որը սպասարկում է «Զվարթնոց» օդանավակայանից մինչեւ Աբովյան պուրակ գնացող ուղեւորներին, իր համար առանձին ուղեվարձ է սահմանել՝ 150 դրամ: Օդանավակայանից օգտվող ուղեւորների համար ուղեվարձը 200 դրամ է:

Խոսքը ոչ թե օդանավակայանի, այլ՝ Թաիրով եւ Փարաքար գյուղերի բնակիչների սպասարկման մասին է, որոնց համար սահմանված ուղեվարձը 100 դրամ է: Թիվ 108 երթուղու տերը քաղաքապետարանի հայտարարած մրցույթը շահել է հենց այդ պայմանով, որ քաղաքի ներսում եւ այդ գյուղերից օգտվող ուղեւորների համար ուղեվարձը պետք է լինի 100 դրամ: «Առավոտին» դիմած ուղեւորներից մեկի խոսքերով՝ վարորդները անգամ թղթի վրա գրել ու փակցրել են, որ ուղեվարձը 150 դրամ է. «Երբ բողոքեցինք քաղաքապետարանին, ասացին, որ իրենք խնդիրը կկարգավորեն: Կարճ ժամանակ անց մեր տուն զանգեցին ու ասացին, որ արդեն հարցը լուծել են, եւ ուղեւորները կարող են 100 դրամով երթեւեկել: Սակայն իրականում ոչ մի հարց էլ չէր լուծվել: Վարորդները միայն հանել էին իրենց ֆիքսած 150 դրամ ուղեվարձի մասին հիշեցումները, ուղեւորները շարունակում են սովորականի պես 150 դրամ վճարել, իսկ երբ փորձում ես 100 դրամ տալ ու իջնել՝ վարորդները հարձակվում են վրադ ու պահանջում եւս 50 դրամ»: Ուղեւորները խնդրի առնչությամբ բազմիցս դիմել են պատկան մարմիններին, վերջիններս հանգստացնում են, թե արդեն թղթեր ենք բաժանել, վաղը թիվ 108 երթուղայինի բոլոր մեքենաներում տեղադրված կլինի, որ ուղեվարձը 100 դրամ է, եւ վարորդները չեն կարողանա ավելի գումար գանձել, սակայն, ըստ ուղեւորների, մինչ օրս ոչ մի թուղթ էլ չի փակցվում. «Վարորդները մեզ ասում են, որ իրենց սեփական մեքենաներն են, որ գծի պլանը 15 հազար դրամ է եւ 100 դրամով չեն քշի»:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Արմենակ Ադամյանը պարզաբանեց, որ «Երեւանտրանսին» հանձնարարական է տրված, որ ինտենսիվ ստուգեն ու նման բան հայտնաբերելու դեպքում արձանագրեն խախտումը, սակայն ստուգման պահերին դա չի հայտնաբերվել. «Թող ուղեւորները մեքենայի համարները գրեն-տան մեզ, որ կարողանանք տնտեսվարողին կանչել, պատասխանատվության ենթարկել»: «Երեւանտրանսի» տնօրեն Արման Միրիջանյանի պարզաբանմամբ՝ «Այդ խնդիրն արդեն լուծվել է: Մենք շատ խիստ զգուշացրել ենք բոլոր վարորդներին, որ գանձեն 100 դրամ եւ միայն օդանավակայանի ուղեւորներից վերցնեն 200 դրամ: Այսօր առավոտյան բոլոր մեքենաներում փակցված է եղել, որ ուղեվարձը 100 դրամ է, կարող է ընթացքում վարորդներից մեկը նորից պոկել է այդ թուղթը, ես չգիտեմ, բայց մենք ստուգման կետ ունենք, հսկողներ ունենք, որոնք ասել են, որ վարորդները գանձում են հենց 100 դրամ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել