Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԵՐՈՒՄ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀՈՒՅՍ ՉԿԱ

Հոկտեմբեր 01,2010 00:00

Մարզային իշխանությունները գոհ են, բնակիչները՝ դժգոհ

\"\"
Լոռեցիները առաջնային բուժօգնության կարիք ունեն:

\"\"
Առողջապահության ոլորտի պատասխանատուները վստահեցնում էին, որ վիճակը կբարելավեն:

Թե որքանով են առաջնային առողջապահության ծառայությունները հասանելի Լոռու մարզում, օրերս քննարկման առարկա էր դարձել՝ նույն հարկի տակ համախմբելով մարզի գյուղական համայնքների ղեկավարներին, ոլորտի մասնագետներին: «Լիարժեք կյանք» հ/կ ներկայացուցիչ Սուրեն Մաղաքյանը, (քննարկմանը եկել էր անվասայլակով՝ հաշմանդամ էր) նկատեց, որ առողջապահական ոլորտում հայտնվել են ամենաթույլ, չպահանջված կամ տարրական փորձ չունեցող բժիշկներ. «Իմ շատ գործընկերներ անվասայլակի վրա են նստած, որովհետեւ ողնաշարի վնասվածք են ստացել շտապօգնության սխալ կազմակերպման ու տեղափոխման պատճառով, սա լուրջ խնդիր է: Ե՞րբ են այս խնդիրները ջրի երես դուրս գալու»: Առողջապահության նախարարության առողջության առաջնային պահպանման բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանն էլ հարցին ի պատասխան՝ ասաց. «Շտապօգնություն» ծառայության մեջ, իսկապես, շատ մեծ խնդիր ունենք, նախ սկսենք նրանից, որ մարզերում շտապօգնության բրիգադների մեծ մասը ֆելդշերական են, իրականում ոչ մի բժիշկ էլ չի գնում, երկրորդը, եթե անգամ բժիշկ է գնում, նկատենք, որ շտապօգնության մեջ աշխատանքի են ընդունվել ու տարիներ շարունակ աշխատում են մարդիկ, որոնք, կոպիտ ասած, կյանքում ուրիշ տեղ աշխատանքի ընդունվելու հնարավորություն չեն ունեցել: Հենց հիմա մշակում ենք ծրագիր, ըստ որի, առաջիկայում հանրապետության առաջատար կլինիկաների, ռեանիմացիաների բժիշկները ու վերջին տարիների օրդինատորները պարտավոր են աշխատել շտապօգնության ռեանիմացիոն բրիգադներում եւ անցնել հատուկ վերապատրաստական դասընթացներ»:

Գյուլագարակ համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն Կիմ Ավանեսյանն էլ դժգոհեց, որ ոլորտում պետականորեն խրախուսվում է բժիշկների շերտավորումը. «8 տարի ես իմ համայնքի հիվանդներին այցելել եմ իմ մեքենայով, իմ ֆինանսներով, իսկ այլ համայնքներում ընտանեկան բժիշկները, որոնք նույնիսկ 2 շաբաթը մեկ չեն այցելում համայնքներ, ավելի շատ են ֆինանսավորվում: Եվ ընդհանրապես ընտանեկան բժիշկներն ինչո՞ւ են ավելի շատ ֆինանսավորվում, քան նեղ մասնագիտության բժիշկները: 2500 բնակիչ ունեցող իմ տեղամասի ֆինանսավորման բազային ծավալը կազմում է 6 միլիոն դրամ, կողքի տեղամասում, որն ունի զգալիորեն քիչ բնակիչ՝ ֆինանսավորվում է 9 միլիոն դրամով: Ինչպե՞ս հասկանանք, սա՞ էլ է ծանոթ-բարեկամով»:

Տիկին Յուզբաշյանն էլ պատասխանեց. «Մենք գնահատում ենք ձեր վաստակը ու շատ շնորհակալ ենք, բայց ձեր ֆինանսավորումը մի՛ համարեք խղճուկ: Գուցե տնտեսվարման խնդիր է, ձեր հարցերը լուծեք ճիշտ տնտեսվարման արդյունքում: Հետո էլ ակնհայտ է, որ ընտանեկան բժշկի աշխատանքը բավականին շատ է, նա էլեկտրասրտագիր է անում, անալիզներ, արդյունքներն է ամփոփում, թերապեւտը սա չի անում»: Պարոն Ավանեսյանն էլ հավելեց. «Շնորհակալությունով երեխա չեն պահում, հետո էլ մեր դիպլոմի մեջ գրած է ոչ թե ձախ կամ աջ աչքի բժիշկ, այլ գրված է ուղղակի բժիշկ, եւ 30 տարի գյուղերում պահանջված բժիշկ եմ, իսկ ինչ վերաբերում է անալիզին ու կարդեոգրամային, սա 20 օրվա վերապատրաստման հարց է, մենք էլ կարող ենք անել, փառք Աստծո, ես էլ հաջող տնտեսվարող եմ, խնդրի բուն էությանն անդրադարձեք»:

Բնակիչներից մեկն էլ բարձրաձայնեց, որ ազատ չեն իրենց բժշկին ու ամբուլատորիան ընտրելու հարցում, համայնքի ղեկավարները պարտադրում են ընտրել իրենց ուզածին: Այս հարցը չզարմացրեց առողջապահության նախարարության ներկայացուցչին. «Համաձայն եմ, գյուղի մարդը իրազեկված չէ եւ նրան թուղթը դեմ են տալիս, ասում՝ ստորագրի, ազատ ընտրություն չկա, հակառակ դեպքում գյուղացին կգնար կողքի գյուղի ամբուլատորիա, որտեղ կան նորմալ բժիշկ, նորմալ սարքավորումներ, բայց ես դեպքեր գիտեմ, որ անգամ էդ ընտրության դեպքում թույլ չտվեցին մարդիկ սպասարկվեն իրենց ընտրած ամբուլատորիայից, փաստը մնում է փաստ, որ այս հարցը դեռեւս կայանալու խնդիր ունի»:

«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոնի» նախագահ Օլեգ Դուրգարյանը հետաքրքրվեց, թե երբ են շտապօգնության համար մեքենաներ հատկացվելու.«Մեքենաներ չկան Աքորիում, Ջիլիզայում, Ախթալան քաղաքի ստատուս ունի, բայց էլի մեքենա չունի, այս հարցը ե՞րբ է լուծվելու»: Ռ. Յուզբաշյանի խոսքով՝ «Ոչ ոք չի հիշում, որ շտապօգնության մեքենաները 1160 տարվա են: Չունենք մեքենաներ, միայն վերջերս կառավարության հաստատած նախագծով՝ չինական դրամաշնորհի շրջանակներում պետք է ստանանք նոր մեքենաներ ու բաժանենք՝ առաջին հերթին շտապօգնությանը: Շատ լավ կլիներ, որ ցանկացած բժշկական ամբուլատորիա ունենար սանիտարական տրանսպորտ, բայց կան առաջնահերթություններ»:

World vision կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվող քննարկմանը ներկա էր նաեւ Լոռու փոխմարզպետ Աղվան Վարդերեսյանը: «Առավոտը» նրանից հետաքրքրվեց, թե մարզում առողջապահական ոլորտում ի՞նչ առաջնահերթ խնդիրներ կան. «Ամեն ինչ նորմալ է, ինչ խնդիր լինի՝ բժշկական այցելություններ կան, ամեն ինչ ժամանակին կատարվում է»: Իսկ թե ինչու են մարզերից մասնագիտացված բուժօգնություն ստանալու համար Երեւան հասնում, ըստ փոխմարզպետի. «Մի կողմից ասում ենք ժողովրդի վիճակը վատ է, բայց ես հակառակը կասեի, մարդիկ ֆինանսական լավ հնարավորություններ ունեն ու ասում են՝ ավելի լավ է Երեւան գնամ, մի բան էլ ավելի ծախսեմ, թե չէ նույն ծառայությունները մարզում էլ կան, մի քիչ տեխնոլոգիայի հնի ու նորի տարբերությունն է, ուրիշ ոչինչ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել