Լրահոս
Օրվա լրահոսը

Դելֆինարիա պետք է ունենա նաեւ Երեւանը

Հոկտեմբեր 01,2010 00:00

\"\"
Դելֆինարիան առայժմ այս տեսքն ունի, սակայն քաղաքապետարանը պնդում է, որ 2,5 ամսից այս ավազանում արդեն դելֆիններ կլողան:

Երեւանի քաղաքապետարանը սկսել է Կոմիտասի անվան զբոսայգու վերականգնման աշխատանքները: Զբոսայգին տարիներ առաջ անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել էր մասնավոր մի ընկերության, պայմանով, որ վերջինը ապահովի զբոսայգու խնամքն ու բարեկարգումը։ Բայց տնտեսվարողը զբոսայգին պահպանելու ու բարեկարգելու ուղղությամբ բացարձակապես ոչինչ չէր արել: 90-ականներից չգործող կարուսելներն ու ատրակցիոնները մետաղակույտի են վերածվել։ Երեւանի երբեմնի լավագույն զբոսայգուց որպես հուշ մնացել են միայն ծառերը։ Զբոսայգու տարածքից վերջին տարիներին առանձնացվեց Պանթեոնը, որը բարեկարգ վիճակում է:

2009-ին Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հանձնարարեց կազմել Երեւանի զբոսայգիների վերականգնման ծրագիր, որտեղ առաջնահերթություններից մեկը տրվեց Կոմիտասի անվան զբոսայգուն։ Ինչպես նշեց քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, ելնելով զբոսայգու անմխիթար վիճակից, որպես առաջին քայլ անբարեխիղճ տնտեսվարողի հետ խզվեց պայմանագիրը, ու զբոսայգին վերադարձվեց երեւանցիներին:

Հաջորդ քայլն արդեն զբոսայգու վերականգնումն է։ Վերականգնման ծրագրի շրջանակներում այստեղ կառուցվում է հանրապետությունում առաջին դելֆինարիան: Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի այս նախաձեռնությանն արձագանքածներից նախապատվությունը տրվեց նման նախագծերի մեծ փորձ ունեցող օդեսացի մասնագետների առաջարկին՝ ուկրաինական «Ներում» ընկերությանը։ Դելֆինարիան զբաղեցնելու է Կոմիտասի անվան զբոսայգու՝ վաղուց արդեն չգործող նախկին ատրակցիոնի տարածքը: Մուտքը Արշակունյաց պողոտայի կողմից է՝ զբոսայգու երրորդ մուտքից։ Մետաղական կոնստրուկցիայով կառույցի ստորին հատվածում տեղադրվելու են տեխնիկական սարքավորումները։ Իսկ աստիճանները կտանեն դեպի տրիբունա, որտեղ 5 մետր խորությամբ, 18 մետր շառավղով ջրավազանն է։ Երկուսուկես ամիս անց այստեղ կլողան 4 դելֆիններ, երկու ծովային կատու, մեկ ջրառյուծ: Ջրային կենդանիները Երեւան կբերվեն Օդեսայից։

«Ներումի» տնօրեն Ալեքսանդր Մեռլյանն ընդգծեց, որ իրենց մասնագետները ստեղծում են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի ապահովվեն նշված կենդանիներին հատուկ կենսապայմանները: Ջրավազանը աշխատելու է ողջ տարին. ամռանը՝ բացօթյա, իսկ ձմռանը կփակվի ապակյա ծածկով։ Ջրի ջերմաստիճանը մշտապես լինելու է 20-22 աստիճան, ջրավազանում 1500 խմ ջուր է լցվելու, ինչը լիովին բավարար ջրային միջավայր է, որպեսզի կենդանիներն իրենց հարմարավետ զգան։ Շինարարությունն իրականացնող ուկրաինական այդ նույն կազմակերպությունն իրականացնելու է նաեւ դելֆինարիայի սպասարկումն ու շահագործումը։ Կառույցը նախատեսված է 900 հանդիսատեսի համար։ Կոմիտասի անվան զբոսայգու բարեկարգումը շարունակական է լինելու. դելֆինարիայի շահագործումից ստացված եկամուտներն ամբողջությամբ ուղղվելու են զբոսայգու բարեկարգման եւ պահպանման նպատակին։

Բարեկարգման ծրագրի շրջանակներում Երեւանի քաղաքապետարանի կողմից զբոսայգում անցկացվելու են ոռոգման եւ արտաքին լուսավորության նոր ցանցեր, տեղադրվելու են կարուսելներ, վերականգնվելու են ծառուղիները, կառուցվելու է ավտոհանգրվան։

Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի դիրքորոշումը հետեւյալն է. զբոսայգին զերծ պահել խայտաբղետ կառուցապատումներից ու կամայականություններից, ինչին տարիներ առաջ ականատես եղանք Օղակաձեւ եւ մի շարք այլ զբոսայգիներում։

Ըստ քաղաքապետի՝ ելնելով երեւանցիների շահերից, անբարեխիղճ տնտեսվարողների հետ անհատույց օգտագործման պայմանագիրը խզելու Կոմիտասի անվան զբոսայգու նախադեպը առաջինն է, բայց ոչ վերջինը։

Ի դեպ, մի քանի օր առաջ, երբ հայտնի դարձավ դելֆինարիայի կառուցման մասին, բնապահպանները սկսեցին բողոքել: Մասնավորապես, ըստ «Էկոլուրի»՝ «Թռչնասերների կենտրոն» հ/կ-ի նախագահ Սիլվա Ադամյանը ասել է. «Մեր կլիմայական պայմանները թույլ չեն տալիս այստեղ դելֆինարիա կառուցել, դրա համար էքսպերտիզա է պետք, էքսպերտի կարծիք է պետք: Դա կենդանիների շահագործում է»: Բացի այդ, դելֆիններին պահելու համար անհրաժեշտ կլինի մոտ 1500 խմ խմելու ջուր, որը շրջանառու ջրամատակարարման միջոցով պետք է թարմացվի: Բնապահպան Քնարիկ Հովհաննիսյանի խոսքերով՝ ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը դելֆինարիայի կառուցման վերաբերյալ գրություն չի ստացել, ինչը ենթադրել է տալիս, որ ջուրը մատակարարելու է «Երեւան ջուր» ընկերությունը: Այսինքն՝ դելֆինարիան կառուցվելու է երեւանցիների խմելու ջրի հաշվին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել