Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՏԱՎՈՒՇՈՒՄ

Հոկտեմբեր 01,2010 00:00

\"\"Սեպտեմբերի 30-ին կառավարության արտագնա նիստ կայացավ Իջեւանում՝  Տավուշի մարզպետարանի մեծ դահլիճի նախասրահում: Օրակարգի 52 հարցերից մի քանիսն էին վերաբերում զուտ Տավուշի մարզին, ի տարբերություն, ասենք, Շիրակի կամ Գեղարքունիքի, երբ որոշումների գերակշիռ մասը հենց այդ մարզերի համար էին:

Նիստի սկզբում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ներկայացրեց մարզի 2010թ. սոցիալ-տնտեսական իրավիճակը: Նշվեց, որ համայնքապետարաններն աշխատավարձի պարտքեր չունեն, բացառությամբ սահմանամերձ Բերքաբերի, ուր նախորդ տարիների պարտքը կազմում է 5 միլիոն դրամ: Գյուղատնտեսության ոլորտում տարին անհաջող էր, հացահատիկի, մրգի ցածր բերք է ստացվել, սակայն խաղողի եւ ծխախոտի բերքը հուսադրող է: Առողջապահության ոլորտի բարեփոխումների մասին խոսելիս մարզպետն ասաց, որ մարզում ստեղծվել են 4 բժշկական կենտրոններ: Մինչդեռ, մեր ստույգ տվյալներով, Նոյեմբերյանում դեռ ընթացքում է պոլիկլինիկայի եւ հիվանդանոցի միաձուլման գործընթացը, բժշկական կենտրոնի ստեղծումն ավարտված չէ:

Սրանից հետո ՀՀ կառավարությունը գործի անցավ եւ որոշեց վերականգնել Իջեւանում կայացած քանդակի սիմպոզիում կազմակերպելու ավանդույթը: Նման հավաքներ կազմակերպվել են 1985-1991 հատվածում՝ 7 տարի անընդմեջ: Մարզպետ Ղուլարյանի խոսքերով՝ նախատեսվում է 2011թ. օգոստոս-հոկտեմբեր հատվածում, 45 օրվա ընթացքում, սիմպոզիում անցկացնել, որին կմասնակցի 10 քանդակագործ ոչ միայն Հայաստանից, այլ նաեւ՝ Ռուսաստանից, Վրաստանից: Մարզպետ Ղուլարյանը սիմպոզիումը համարեց Իջեւան քաղաքի բրենդը եւ դրա կազմակերպման համար կառավարությունից 25 միլիոն դրամ խնդրեց: Նաեւ նկատեց, որ այն կարող է նպաստել Իջեւանում տուրիզմի զարգացմանը, որպեսզի «մարզկենտրոն Իջեւանը հետ չմնա Դիլիջանից»: Անցյալ դարի 80-ական թվականներին Իջեւանում կառուցվել է «Իջեւանատուն» համալիրը, որը պետք է պատկերացում տար քաղաքի պատմության, կենցաղի մասին: Այս դարասկզբին՝ 2000 թվականին, համալիրը հատկացվել է Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղին, որպեսզի այնտեղ գործի կիրառական արվեստի ֆակուլտետը: Սակայն համալսարանը ֆինանսական միջոցների պակասի պատճառով չի կարողացել այնտեղ աշխատանքներ կատարել, եւ այսօր համալիրն աստիճանաբար քայքայվում է: Մարզպետն առաջարկեց «Իջեւանատուն» համալիրը հանձնել «Փյունիկ» բարեգործական հիմնադրամին՝ քանդակի սիմպոզիումի կենտրոն ստեղծելու նպատակով: Կառավարության նիստում չասվեց, սակայն հայտնի է, որ հիմնադրամի համանախագահներից մեկը ՀՀ նախագահի եղբայր Լեւոն Սարգսյանն է:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքով, 2012 թվականին Տավուշում գտնվող Մակարավանքի վանական համալիրում ամրակայման աշխատանքներ կկատարվեն, իսկ դրանից առաջ՝ 2011-ին, սահմանամերձ տարածաշրջանների զարգացման ծրագրով հանրապետության տարբեր սահմանագոտիներում կիրականացվի 605 միլիոն դրամի աշխատանք, որից 372 միլիոնը՝ Տավուշի մարզում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը շեշտեց, որ սահմանամերձ Տավուշի համար անվտանգության խնդիրը առաջնային է: Այլ մարզերի համեմատությամբ, Տավուշի ճանապարհները բարվոք են: Վարչապետի խոսքով՝ ի տարբերություն այլ մարզերի բնակիչների, տավուշցիներին ամենից շատ ոչ թե գործազրկությունն է մտահոգում, այլ կենցաղային պայմանները, մարզի բնակիչները նաեւ առողջապահության նկատմամբ մեծ պահանջներ ունեն: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցեց, որ սահմանագոտու ամրացման, սահմանամերձ գյուղերի բնակիչների անվտանգության ապահովման նպատակով աշխատանքներ կատարվել են:

Նիստից հետո ՀՀ կառավարությունը վարչապետի գլխավորությամբ մասնակցեց Իջեւանի հիմնանորոգված երաժշտական դպրոցի բացման արարողությանը: Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի 98 միլիոն դրամ ֆինանսավորմամբ դպրոցի շենքը նորոգվել է, ավելացվել է երրորդ հարկ, կառուցվել ջեռուցման համակարգ եւ այլն: Վարչապետ Տիգրան Սարգսյանը երաժշտական դպրոցին ռոյալ է նվիրել: Դպրոցի բացման հանդիսավոր առիթով Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը վարչապետին՝ գեղանկար, իսկ փոխվարչապետ, տարածքային կառավարան նախարար Արմեն Գեւորգյանին եւ սոցներդրումների հիմնադրամի տնօրեն Աշոտ Կիրակոսյանին փայտե հուշանվերներ հանձնեց: Վարչապետը այցելեց նաեւ Իջեւանի տուրիզմի կենտրոն, ուր գրքերի տոնավաճառ էր: Այստեղ իրենց արտադրանքն էին ներկայացրել Հայաստանի 7-8 հրատարակչություններ: «Արեւիկ» մանկական հրատարակչության ներկայացուցիչը մեզ ասաց, որ հազիվ մի քանի գիրք են վաճառել: Կեսօրից հետո վարչապետն ու կառավարության անդամներն այցելեցին Դիլիջան, մասնակցեցին համայնքային բյուջեի 208 միլիոն դրամով կառուցված պատկերասրահի բացման արարողությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել