Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՆՉԵՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ»

Հոկտեմբեր 01,2010 00:00

\"\"Ասում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը

– ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի հետ սեպտեմբերի 29-ի հանդիպման ընթացքում առաջարկել էիք հրավիրել միջազգային փորձագետի՝ ուսումնասիրելու դատախազական համակարգը, մշակված օրինագծերը՝ համակարգի բարեփոխումների վերաբերյալ: Փորձելու եք դատախազության համակարգը համապատասխանեցնել միջազգային չափանիշների՞ն:

– Հայաստանի անկախությունից հետո՝ արդեն 19 տարի, դատախազության համակարգը ենթարկվում է բարեփոխումների: Բարեփոխումների ընթացքում հաշվի են առնվում Եվրոպական միության ընդունած բոլոր փաստաթղթերի պահանջները, նրանց կողմից դատախազական համակարգին առաջադրված խնդիրները, լիազորությունների եւ գործառույթների իրականացման մեխանիզմները եւ այլն: Յուրաքանչյուր երկիր տարբեր ժամանակաշրջաններում իրականացնում է դատաիրավական բարեփոխումներ: Օրինակ՝ Ֆրանսիայի դատախազական համակարգը, որն արդեն 600 տարվա պատմություն ունի եւ այժմ լուրջ բարեփոխումների կարիք ունի:

Երեք փուլով իրականացված բարեփոխումների շնորհիվ Հայաստանի դատախազության այսօրվա համակարգը լիազորությունների, գործառույթների, իրավասությունների եւ առաջադրվող խնդիրների առումով ամբողջությամբ համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը եւ միջազգային փաստաթղթերին, հատկապես՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների խորհրդի 2000 թվականին ընդունված՝ դատախազության դերի եւ գործառույթների մասին թիվ 19 բանաձեւին: Մենք այսօր ունենք որակապես բոլորովին այլ դատախազություն՝ այլ կարգավիճակով ու գործառույթներով: Սակայն անցած 3 տարիները, ինչ գործողության մեջ է մտել «Դատախազության մասին» նոր օրենքը, ի հայտ բերեցին օրենսդրական դաշտի թերությունները, եւ առաջարկել ենք փոփոխություններ ու լրացումներ «Դատախազության մասին» օրենքի մեջ: Բացի այդ՝ մշակման փուլում է քրեական դատավարության մասին նոր օրենսգրքի նախագիծը, եւ ես խնդրել եմ ԵԱՀԿ Հայաստանի գրասենյակին, որ այդ փաստաթղթերը ենթարկվեն միջազգային փորձաքննության:

– ՀՀ գլխավոր դատախազությունը նաեւ մշակել է «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, որով առաջարկում է որոշ հանցատեսակների համար փոխել պատժաչափը եւ ազատազրկման վերին սահմանն ամրագրել 20 տարին՝ ներկայիս 15 տարվա փոխարեն: Համարում եք, թե 15 տարի ազատազրկումը մե՞ղմ պատիժ է:

– Ոչ, մեղմ պատիժ չէ, բայց՝ նայա՛ծ հանցագործության եւ նայա՛ծ հանցագործի համար: Ուղղակի մեր քրեական պատժողական քաղաքականության մեջ անհամաչափության էր հասցված ազատազրկման առավելագույն չափի եւ ցմահ ազատազրկման միջեւ տարբերությունը: Եթե ոչ 15 տարի՝ ուրեմն, ցմահ ազատազրկում: Եվ այսօր մենք արդեն ունենք 99 ցմահ դատապարտված, ինչը, կարծում եմ, բավական մեծ թիվ է: Շատ դեպքերում պատիժը որոշելիս չէինք կարողանում անհատականացնել պատժաչափը, հանցագործի անձին եւ հանրության համար վտանգավորության աստիճանին համարժեք կիրառել համապատասխան պատժամիջոց: Եվրոպական եւ ԱՊՀ երկրներում այսօր 15 տարի առավելագույն պատժաչափ գոյություն չունի՝ 20-30 տարի է բոլոր երկրներում: Մեր ներկայացրած նախագիծը՝ հանցագործությունների համակցությամբ ազատազրկման առավելագույն չափը սահմանվում է 20 տարի, իսկ դատավճիռների համակցությամբ՝ 25 տարի, բխում է ե՛ւ մեր պատժողական քաղաքականության առաջադրած պահանջներից, ե՛ւ համապատասխանեցված է միջազգային փորձին, կարծում եմ՝ նաեւ մեղադրյալների շահերին: Այդպիսով ցմահ ազատազրկումը, կարծում եմ, իրոք կդառնա որպես խստագույն պատժամիջոց՝ նախատեսված այն հանցագործների համար, որոնց ուղղումն այլ կերպ հնարավոր չի համարվի:

Մենք նաեւ մի շարք այլ փոփոխություններ ենք առաջարկել «Քրեական օրենսգրքում»՝ ասենք, ապաքրեականացված մի հանցակազմ ենք առաջարկել, որը նախկին օրենսգրքում կար, հետո հանվեց, բայց պրակտիկայից ելնելով՝ գտնում ենք, որ դրա անհրաժեշտությունը կա: Կոնկրետ օրինակով բացատրեմ, թե ինչը նկատի ունեմ: Կարծում եմ՝ հիշում եք Ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղից նկարների գողության դեպքը: Հարուցվեց քրեական գործ, եւ քայլեր ձեռնարկվեցին գողությունը բացահայտելու ուղղությամբ: Բայց նկարների պահպանության համար պատասխանատու անձին՝ պահակին, չկարողացանք որեւէ պատասխանատվության ենթարկել, քանի որ ՔՕ-ից հանված էր գույքը որեւէ անձի պահպանությանը տալու պարագայում՝ նրա անփութության պատճառով գույքի օտարման, գողության, փչացման դեպքում նրա պատասխանատվության վերաբերյալ հոդվածը: Հիմնվելով պրակտիկայի վրա՝ առաջարկում ենք կրկին քրեականացնել այդ արարքը:

– ՀՀ գլխավոր դատախազությունը վերջերս ակտիվություն է դրսեւորում միջազգային հարաբերություններում: ՌԴ գլխավոր դատախազի հետ ստորագրեցիք համագործակցության նոր ծրագիր, մեկ այլ հուշագիր էլ ստորագրվեց Ռումինիայի հետ: Արդյոք այդ համագործակցությունը կնպաստի՞ հանցավորության դեմ պայքարին:

– Մենք միջազգային համագործակցությունը դիտում ենք որպես դատախազության աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու էական գործոններից մեկը, մասնավորապես՝ շատ արագ եւ արդյունավետ լուծելու բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են իրավական օգնությանը եւ հատկապես՝ քրեական գործերով: Իրավապահ մարմինների միջեւ՝ անկախ պետական սահմաններից, տեղեկատվության արագ փոխանակումը հանցավորության դեմ պայքարի կարեւորագույն նախապայմաններից մեկն է: Արդարադատությունը պետք է գերակայի՝ անկախ խոչընդոտներից եւ սահմաններից, եւ այդ համաձայնագրերով սահմանվում են այն մեխանիզմները, որոնք մեզ օգնում են շատ օպերատիվ եւ անհապաղ լուծել բազում հարցեր՝ առանց դիվանագիտական խողովակների միջամտության:

– Համագործակցության մի օրինակի մասին: Հայաստանում 2 տարվա ազատազրկման դատապարտված Ռումինիայի քաղաքացի Օլիվեր Ռադուկու Մարիանին բաց նամակում ՀՀ դատաիրավապահ մարմինների որոշ պաշտոնատար անձանց ներկայացրել էր բազմաթիվ մեղադրանքներ: ՀՀ գլխավոր դատախազությունն իր հաղորդագրության մեջ նշել էր. «Եթե դիմումում մատնանշված հանգամանքները՝ տարբեր պաշտոնատար անձանց ինչ-որ կաշառքներ տալու մասին, գեթ 1%-ով համապատասխանում են իրականությանը, ապա առնվազն տարօրինակ է, թե ինչու մինչեւ Հայաստանից հեռանալը նա չէր բարձրաձայնում այդ մասին»: Արդյոք ակնհայտ չէ՞ այդ հարցի պատասխանը, կամ, թե ինչ կկատարվի նրա հետ, եթե ընդառաջի նույն հաղորդագրության մեջ արված առաջարկին՝ վերադառնալ ՀՀ եւ ներկայացնել հաղորդում՝ «մանրամասն շարադրելով, թե երբ, ում եւ որտեղ որպես կաշառք ինչքան գումար է տվել եւ ինչի համար»:

– Նշված գործով, եթե չեմ սխալվում, դատապարտվել են 9 անձինք՝ հանցավոր մի խումբ, որը Հայաստանի տարածքում կատարել էր հափշտակություններ բանկոմատներից՝ կեղծելով պլաստիկ քարտեր: Ինչ վերաբերում է ԶԼՄ-ների՝ Ձեր վկայակոչած հրապարակումներին, ապա դրանք իմ ցուցումով ուղարկվել են ԱԱԾ, եւ այնտեղ իրականացվում է ծառայողական քննություն, նախապատրաստվում են նյութեր: Դրա արդյունքների մասին կիրազեկենք հանրությանը: Ցուցում է տրվել պարզելու նամակի հեղինակին: Եթե պարզվի, որ նախկին դատապարտյալն իրոք հանդես է եկել նման հայտարարությամբ՝ բնականաբար, նրա մասնակցությամբ պետք է կատարվեն անհրաժեշտ քննչական գործողություններ: Նա պետք է ցուցմունք տա, թե ինչ հանգամանքներում է տվել կաշառքը, եթե տվել է, ում եւ ինչի համար: Անհրաժեշտության դեպքում կկազմակերպվեն առերես հարցաքննություններ եւ այլ քննչական գործողություններ: Իսկ եթե պարզվի, որ նա նման հայտարարությամբ հանդես չի եկել՝ պետք է պարզել, թե իրականում ով է եղել դրա հեղինակը եւ ինչ նպատակներով: Միաժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ հանցագործության մասին հաղորդում տալու ընթացակարգ գոյություն ունի: Մասնավորապես՝ օրենքում նշված է, որ հաղորդում ներկայացնողը պետք է զգուշացվի սուտ մատնություն կատարելու համար քրեական պատասխանատվության մասին: Օրենքով սահմանված կարգով հաղորդում՝ հանցագործության մասին, չի ստացվել: Կոնկրետ մեղադրանքներ պարունակող հայտարարությունը հնչել է մամուլով, ինչը, բնականաբար, ստուգվում է:

– Սակայն անկախ նրանից, թե ինչ կպարզվի այս նամակի կապակցությամբ՝ կհերքե՞ք, որ դատավորի եւ մեղադրողի հետ համաձայնության գալով՝ կաշառքով կամ անձնական որեւէ շահագրգռությամբ, հնարավոր է հասնել պատժի մեղմացման եւ նույնիսկ ազատման:

– Ես միամիտ մարդ չեմ, որ ժխտեմ այդպիսի երեւույթները: Իհարկե, կլինեն: Մենք էլ ամեն ինչ պիտի անենք, որ բացառենք դա: Եվ ամեն ինչ այսօր է՛լ ենք անում, երեկ է՛լ ենք արել, վաղն է՛լ ենք անելու, որպեսզի դա բացառենք: Շատ դեպքերում ինքներս ենք հնչեղություն հաղորդում դատաիրավապահ մարմինների աշխատակիցների կողմից կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված գործերին՝ ըստ փուլերի մանրամասն ներկայացնելով, թե նախաքննությամբ ինչ է պարզվել, ինչի համար է մեղադրանք առաջադրվել եւ ինչպիսի դատական ավարտ է ունեցել տվյալ քրեական գործը:

– Կվիճարկե՞ք արդյոք այն պնդումը, թե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք Դուք առավել ակտիվ էիք՝ մասնավորապես քաղաքական հնչեղություն ունեցող գործերի առումով, քան այժմ:

– Ինչ վերաբերում է հանցավորության դեմ պայքարում, քրեական քաղաքականության իրականացման գործում դատախազության եւ մասնավորապես գլխավոր դատախազի դերին ու կարգավիճակին՝ ասեմ, որ այն միշտ էլ բարձր է եղել, հատկապես հիմա, երբ գլխավոր դատախազն ի պաշտոնե հանդիսանում է նաեւ Անվտանգության խորհրդի անդամ:

Իսկ ի՞նչ է նշանակում «քաղաքական հնչեղություն ունեցող գործեր» ասվածը: Մենք ամեն ինչ պիտի անենք, որ քրեական գործերը չքաղաքականացվեն ու չստանան քաղաքական հնչեղություն: Համաձայն եմ, որ քրեական գործը կարող է ունենալ կամ չունենալ հասարակական հնչեղություն, բայց քաղաքական հնչեղությունն արդեն, քաղաքական գործիչների կողմից այս կամ այն քրեական գործն իրենց քաղաքական շահերի համար օգտագործելը՝ մի երեւույթ է, որին մենք նույնպես պիտի չտրվենք ու կարողանանք զերծ պահել քրեական գործերը քաղաքական հնչեղությունից:

– Միջազգային տարբեր կառույցների կողմից է անգամ ընդունվել, թե ՀՀ նախագահի ընտրությանը հաջորդած դեպքերի հետեւանքով հարուցված շատ քրգործերի շարժառիթը քաղաքական դրդապատճառներն են:

– Միջազգային կառույցների կողմից նման գնահատական չկա: Կարող է լինել առանձին անձանց կողմից: Բնական է՝ խոսքը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի մասին է: Այդ դեպքերի համար դատապարտված անձինք հանցագործությունները կատարել են քաղաքական դրդապատճառներից ելնելով: Հանցագործությունների դրդապատճառները տարբեր են լինում՝ մեկը կարող է դա փորձել պայմանավորել քաղաքական դրդապատճառներով, մյուսը՝ սոցիալական, երրորդը՝ շահադիտական: Տարբեր են լինում նաեւ հանցագործության սուբյեկտները, կատարող անձինք: Բայց մենք բոլորի նկատմամբ վարույթն իրականացնում ենք զուտ քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան:

– Ի դեպ, իրականությանը համապատասխանո՞ւմ են հրապարակված այն լուրերը, թե տեւական ժամանակ է՝ առողջական խնդիրներ ունեք եւ անգամ Գերմանիայում բուժման կուրս եք անցել:

– Վերջին 3 տարիների ընթացքում ես ոչ մի օր արձակուրդում չէի եղել: Օգոստոսին հաջողվեց 2 շաբաթով արձակուրդ գնալ: Կնոջս հետ միասին հանգստացել եմ Գերմանիայի հյուսիսում գտնվող մի փոքրիկ քաղաքում:

Հ. Գ. Ոստիկանությունում քաղաքացիների նկատմամբ բռնությունների եւ բանակում զինծառայողների սպանության վերաբերյալ գործերին դատախազության արձագանքը՝ առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել