Մի օր, երբ հերթական անգամ չէի կարողանում գիրս շարունակել եւ մոլորվել էի հերթական անգամ, հանկարծ աչքս ընկավ անցած օրերի իմ ձեռագրերին, որոնք նման էին վաղ գարնան ցանքսի, ու մտածեցի, թե ի՞նչ պտուղ կտան այն սերմերը, որ ես արդեն ցանել եմ, մտածեցի ու հասկացա, որ ես երբեք էլ չեմ իմանալու ու չեմ տեսնելու իմ ցանածի աշունը, որովհետեւ ես ընդամենը ավանդված ճանապարհն եմ անցնում՝ չճանաչելով վերջնական նպատակը: Նպատակ, որի մասին տեղյակ է Միակը՝ աշխարհի ստեղծումից առաջ ապրողը՝ ում կանաչ աչքերը անդադրում եւ անվրեպ հետեւում են մեր ցանքս ու գրին, որն ընդամենը մեր անցողիկ կյանքն է, եւ որի անանցողիկ հավերժական հոսքի միջով մենք անընդհատ հեռանում ենք: Ուր մենք ընդամենը ձուկ ենք ժամանակի կենդանի ջրերի մեջ, եւ մի օր կա՛մ բախտը, կա՛մ անբախտությունն է որսալու մեզ…
Այնինչ ջրերը շարունակ ետ են վերադառնալու եւ վերադառնալու են, ափսո՜ս, առանց մեզ, որովհետեւ մենք չհավատացինք երազին եւ չվստահեցինք նրան, ով երազանք ուներ:
Եվ որովհետեւ մեր դեմ դրեցինք չառաջադրված խնդիրներ ու չհասցնելով ճանաչել՝ մոռացանք մեզ տրվածն ու մեր լուծելին…
Եվ որովհետեւ նայեցինք հայելուն ու հիացանք մեզանով, առանց տեսնելու, թե ի՞նչ կա հայելու հակառակ կողմում…
Եվ որովհետեւ չհագեցանք մեզ համար նախասահմանված մի կում երջանկությամբ ու փառք ու վայելքի ծովեր փնտրեցինք…
Եվ որովհետեւ չհասկացանք, որ մենք փառք ու վայելքի մեջ շատ ավելի դժբախտ ենք, քան երկուսով առանձին, երբ շարունակ ներկա է երրորդի բացակայությունը:
Եվ որովհետեւ չհասկացանք, որ ոչ թե սովորույթի ուժն է մեզ կապում իրար, այլ մենք ենք մեր անճարակությամբ ուժ տալիս սովորույթին՝ իբրեւ թե փախչում ենք մենակությունից…
Եվ վերջապես, քանի դեռ չենք սովորել անձրեւի կաթիլի մեջ տեսնել չվող ամպերը, ու արցունքի կաթիլի մեջ տեսնել երկինքը լազուր՝ մենք կմնանք փոշոտ ճանապարհի եզրին աճած դառնահամ օշինդրի նման եւ անվերջ կանիծենք մեր բախտը, որը մեզ տրված էր աշխարհաստեղծումից առաջ ապրած կանաչ աչքերով Միակի կողմից, եւ Ով անվրեպ հետեւում է մեր գրին ու ցանքսին մեր: