Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏԱՆՈՒՄ ԵՆ ՓՈՂԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբեր 30,2010 00:00

Քեռի Մուլտիկնիկն ու Բումբումիկը երեխաների հաշվին հարստանում են

\"\"

Հեռուստատեսային մանկական հաղորդումները, որոնք պետք է որ դաստիարակչական եւ ուսուցողական նպատակներ ունենան, մեր երկրում միայն շահույթ հետապնդող, սովորական գովազդային հաղորդաշարեր են: Ինչպես հայտնի է, «Գովազդի մասին» ՀՀ օրենքի համաձայն, գովազդը պետք է լինի հստակ, հավաստի ու պատշաճ եւ այն պետք է նշվի՝ որպես այդպիսին: Սակայն մեր մանկական հաղորդումներից շատերը տիպիկ գովազդային հոլովակներ են, չեն նշվում որպես այդպիսին եւ միայն բիզնես խնդիրներ են լուծում:
Օրինակ, հեռուստատեսային հայտնի մանկական կերպար Քեռի Մուլտիկնիկը, որը երեխաներին իբրեւ թե նկարել է սովորեցնում, ողջ հաղորդման ընթացքում «լվանում» է երեխաների ուղեղն իր հորդորներով, թե՝ «համոզե՛ք ձեր մայրիկներին, որ անպայման sms-ներ ուղարկեն այսինչ համարին, որքան շատ sms հաղորդագրություններ ուղարկեք՝ այնքան մեծ է հավանականությունը, որ այս հրաշք փափուկ խաղալիքը հենց ձերը կլինի»: Այն երեխաներին, որոնք շատ փոքր են, թիվ, տառ չգիտեն եւ հեռախոսից ու sms-ից էլ գլուխ չեն հանում՝ Քեռին առաջարկում է բարեկամներին, հարազատներին, ծնողներին ստիպել ու արագ հաղորդագրություններ ուղարկել, ընդ որում՝ 1 sms-ի արժեքը 150-200 դրամ է:
Մեկ ուրիշ հաղորդման ընթացքում Քեռի Մուլտիկնիկը երեխաներին համոզում է վճարովի շոուներին մասնակցել, տոմս գնել այն միջոցառման համար, որտեղ ինքն է լինելու, իսկ վերջերս էլ արդեն հորդորում է անպայման այցելել իր նորաբաց օբյեկտը, որը գտնվում է Հարավ-արեւմտյան թաղամասի Անդրանիկի փողոցում: Հաղորդման մի քանի րոպեների ընթացքում Քեռի Մուլտիկնիկը 20-30 անգամ տարբեր նախադասություններով կրկնում է, որ ձեր ծնողներին համոզեք ծնունդ, քեֆ-ուրախությունները հենց այդ օբյեկտում անցկացնել, կարելի է տոներին մուլտֆիլմի հերոսների վարձել, մի խոսքով, անել ամեն ինչ, որ Քեռի Մուլտիկնիկը հարստանա:
Իսկ Բումբումիկը, որը խոստանում է երեխաներին տանել «արկածներով ու հրաշքներով լի հեքիաթային թագավորություններ», իրականում գնում է «Ջրաշխարհ», պարի, երգի, կարատեի խմբակներ, մի խոսքով՝ այն թագավորի մոտ, որը փող է տվել իրեն ու գովազդում է այդ կենտրոնները:
Այդ ամենը հակաօրինական չէր լինի, եթե հեռուստատեսությամբ գովազդ հայտարարվեր ու «Բումբումիկ ձյաձյան» այցելեր «Ջրաշխարհ», լողար, ձեռքի հետ էլ գովազդեր: Բայց այդ ամենը ցուցադրվում է մանկական հաղորդաշարի անվան տակ՝ բնականաբար օգտագործելով մանկական դյուրահավատությունն ու միամտությունը, ինչը նույնպես «Գովազդի մասին» օրենքի խախտում է: Հաղորդման ընթացքում պարբերաբար հիշեցնում  են, որ «եթե ցանկանում եք, որ բոլորն իմանան ձեր հրաշք թագավորության մասին, ապա զանգեք պարոն Բումին եւ նա մեծ սիրով հյուր կգա ձեզ»: Երբ «Բումբումիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հետաքրքրվեցինք, թե մեր պորտապարի խումբն այցելելու, նկարահանելու ու հեռուստատեսությամբ ցուցադրելու համար ի՞նչ պայմաններ են գործում, պարզվեց՝ եթե պարոն Բումն այցելի մեր խմբակ ու հեռուստատեսությամբ 15-20 րոպե ցուցադրի մեր «պորտապարի թագավորությունը»՝ պետք է վճարենք 60 հազար դրամ: Այդ հաղորդաշարը եւս երկու անգամ պետք է կրկնվի, այսինքն՝ 60 հազար դրամով հայ մանուկները կարող են 3 անգամ ըմբոշխնել պորտապարը: Բացի այդ, առաջարկվեց 100 հազար դրամի դիմաց փոքր էջեր պատրաստել ու ամեն հաղորդման ժամանակ 36 անգամ ցուցադրել պարի մի քանի շարժում:
Ընդհանրապես, նման հաղորդաշարերը լավ եկամտի աղբյուր են եւ միայն գովազդով չեն սահմանափակվում: Կրկես, ակվագրիմ, փուչիկների ձեւավորում, հրավառություն, Ձմեռ պապի տրամադրում, միջոցառումների կազմակերպում եւ այլն: Սրանք Բումբումիկի կողմնակի բիզնեսներից են, որոնք առաջարկվում են երեխաներին թանկ գներով: Քեռի Մուլտիկնիկը երեխաներին համոզում է իր օբյեկտն այցելել, Բումբումիկի ընթացքում էլ «թագավորության տիրակալ պարոն Բումի» թողարկած «Բում-Բումիկ» ամսագիրն են գովազդում ու համոզում երեխաներին անպայման գնել այն: Ամսագրի գինը՝ 1000 դրամ: Բացի այդ, գովազդում են իրենց հեքիաթային հերոսներին՝ Շրեկին, Դոնալդ բադիկին, Սպունգ Բոբին, Սպայդերմենին, որոնք պատրաստ են կլորիկ գումարի դիմաց այցելել տուն, դպրոց կամ մանկապարտեզ եւ զբաղեցնել երեխաներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել