Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԿԱՆԴԱԼ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Սեպտեմբեր 30,2010 00:00

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության որոշիչ՝ 4-րդ շրջանի մեկնարկը նշանավորվեց արտակարգ դեպքով. «Գանձասար»-«Կիլիկիա» հանդիպումը չկայացավ հյուրերի բացակայության պատճառով:

\"\"

Այս իրադարձությանը անմիջապես տեղեկություններ հաջորդեցին, թե «Կիլիկիան» մրցավայր չի մեկնել աշխատավարձ չստանալու պատճառով, անգամ խոսում էին, թե թիմը կազմալուծվել է: Ակումբը սեպտեմբերի 27-ին պաշտոնապես տեղեկացրեց, որ կազմալուծման մասին խոսք լինել չի կարող: «Թիմն ինչ-ինչ պատճառներով չի մեկնել «Գանձասարի» հետ 22-րդ տուրի հանդիպմանը, սակայն այն տեղեկատվությունը, որ թիմը կազմալուծվել է, չի համապատասխանում իրականությունը: «Կիլիկիան» կշարունակի մարզվել սովորական հունով եւ նորմալ կավարտի 2010թ. առաջնությունը»,- հաղորդել էր «Կիլիկիայի» մամուլի քարտուղարը Totalfootball.am կայքին: Բայց ինչ վերաբերում է խաղին չներկայանալու բուն պատճառներին, ինչպես նաեւ աշխատավարձերի հետ կապված վարկածին, «Կիլիկիայում» այդպես էլ չմանրամասնեցին, թեեւ հենց այդ վարկածն էլ ամենահավանականն է ստեղծված իրավիճակում: Ցավալի է, բայց, ըստ ամենայնի, մենք ականատես ենք դառնում բարձրագույն խմբի 2010թ. առաջնությունում երկրորդ ֆինանսական ճգնաժամին, ինչը չափազանց է մեր՝ ընդամենը ութ թիմից բաղկացած առաջնության համար: Այժմ «Կիլիկիային» կանոնակարգի համաձայն գրանցվելու է տեխնիկական պարտություն, որի մասին որոշումը ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն կկայացնի հերթական նիստի ժամանակ: Ասել է թե՝ «Կիլիկիան» այդպես էլ 15 միավորով կմնա նախավերջին իր հորիզոնականում, իսկ «Գանձասարը» միավորների քանակը կհասցնի 23-ի՝ նույնպես առանց տեղաշարժի:
Տուրի մեկ այլ խաղում հանդիպեցին «Ուլիսն» ու «Իմպուլսը»: Խաղային ճգնաժամի մեջ հայտնված ուլիսցիները այդպես էլ չկարողացան դիմակայել դիլիջանցիներին ու պարտվեցին 1:2 հաշվով: Հետաքրքրական է, որ Արմեն Գյուլբուդաղյանցի՝ դրական արդյունքների կարոտ թիմը վերջին հաղթանակը տոնել էր երրորդ շրջանի մեկնարկային խաղում, կրկին «Ուլիսի» նկատմամբ ու միեւնույն՝ 2:1 հաշվով: Իհարկե, այս հաղթանակը, բացի հոգեբանական առավելությունից, դիլիջանցիներին որեւէ այլ բան չտվեց, քանի որ մոտակա մրցակից «Միկայից» թիմին բաժանում է ամբողջ 10 միավոր, ինչն այնքան էլ հեշտ չէ ետ բերել:
«Միկան» իր հերթին այս տուրում առաջին պարտությունը գրանցեց բավական հաջող անցկացրած երրորդ շրջանից հետո: «Բանանցի» հետ հանդիպումն իրավամբ կարելի էր կենտրոնականը համարել, քանի որ վերջինիս ելքը մեծապես ազդելու էր մրցանակային եռյակում թիմերի ներկայության եւ դասավորվածության վրա: Իսկ այն, որ հեշտ հանդիպում չէր սպասվելու, ակնհայտ էր՝ «Միկան» խաղային վերելքի ուղին էր բռնել, իսկ «Բանանցը» վերջին շրջանում դժվարությամբ էր վաստակում իր միավորները: Կուզմանոսկու թիմի համար խանգարող հանգամանք կարող էր լինել նաեւ սեպտեմբերի 24-ին Սուպերգավաթի խաղարկությունում «Փյունիկից» կրած պարտությունը: Այնուամենայնիվ, «Բանանցը» հանդիպման մարող վայրկյաններին կարողացավ հաղթանակ կորզել միկացիներից. 1:1 հաշվի ժամանակ 90-րդ րոպեին Արթուր Ոսկանյանը վստահ իրացրեց 11 մետրանոց տուգանային հարվածը՝ անչափ կարեւոր 3 միավոր պարգեւելով «Բանանցին»: Այդպիսով, առաջատարների միջեւ միավորային չնչին տարբերությունը կրկին պահպանվեց, քանի որ մեկ օր առաջ «Փյունիկը» վստահ հաղթանակ էր տոնել «Շիրակի» նկատմամբ՝ 5 անպատասխան գնդակ ուղարկելով գյումրեցիների դարպասը:
Առաջնության ավարտին մնաց ընդամենը վեց տուր, իսկ կրքերը, ասես, նոր-նոր են թեժանում: Պայքարը չեմպիոնության համար առջեւում է:

Մրցաշարային աղյուսակ

1. Բանանց 22 16 4 2 49-20 52
2. Փյունիկ 22 15 4 3 61-18 49
3. Ուլիս 22 13 3 6 33-18 42
4. Միկա 22 11 4 7 33-21 37
5. Իմպուլս 22 7 6 9 20-36 27
6. Գանձաս. 21 6 2 13 16-31 20
7. Կիլիկիա 21 4 3 14 18-44 15
8. Շիրակ 22 1 2 19 15-55 5

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել