Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱԹԱԹԱՅԻՑ» ՄԻՆՉԵՎ ԴԱՏԱՐԱՆ

Սեպտեմբեր 30,2010 00:00

\"\"Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան նախկին աշխատակիցներն ու տնօրենը  խնդիրներ ունեն

Մարի Արեւշատյանը 22 եւ ավելի տարի աշխատել է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, համերգների կազմակերպիչ է եղել, ասում է՝ անօրեն ձեւով 2010-ի հունվարի 1-ից ազատվել է աշխատանքից: Բախտակից մի քանի կոլեգաներով դիմել են տարբեր ատյաններ, ՀՀ նախագահին, մշակույթի նախարարին եւ այլն: Երբ բոլոր հնարավոր միջոցները սպառվել են՝ դատի են տվել: Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, Գ. Կարախանյանի նախագահությամբ, օգոստոսի 21-ին դռնբաց դատական նիստում քննելով Մարի Արեւշատյանի գործն ընդդեմ Կամերային երաժշտության տան՝ աշխատանքում վերականգնվելու եւ չվճարված աշխատավարձի բռնագանձման պահանջի մասին, վճռեց բավարարել հայցը, Մարի Արեւշատյանին էլ՝ վերականգնել աշխատանքում: Կամերային երաժշտության տունն էլ դատարանի որոշմամբ պարտավոր էր վճարել միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար եւ 2009-ին պակաս վճարած աշխատավարձը: Մ. Արեւշատյանը եւ Կամերային երաժշտության տան մյուս նախկին աշխատակից Կարինե Մանուկյանը պատմեցին, որ դատից հետո տնօրեն Արման Ծատուրյանը չի ցանկացել կատարել դատարանի պահանջը, իսկ Ժիրայր Հարությունյան անունով մեկը ներկայացել է որպես իրավաբան ու սպառնացել իրենց եւ իրենց ընտանիքներին: Տիկնանց հավաստմամբ, տնօրենն ու «իրավաբանը» պահանջել են փոխզիջման գնալ, վերականգնվել, բայց ոչ նախկին աշխատանքում եւ չպահանջել նախկինում չվճարված գումարները: Նույնիսկ տրտնջացել են՝ «Ձեր սիրտը չի՞ ցավում կամերայինի համար, հո ռոյալ չե՞նք վաճառելու, որ ձեր գումարը վերադարձնենք»: Կ. Մանուկյանի ասելով, տնօրենն ու «իրավաբանը» սպառնացել են «փող թափել» եւ հարցերը լուծել իրենց օգտին: Ի դեպ, Կ. Մանուկյանի ձեւակերպմամբ, «վարձու մարդ վախեցնող» Ժ. Հարությունյանի կինը ներկայումս զբաղեցնում է Մ. Արեւշատյանի հաստիքը:
Երբ կանանց «հաթաթա» տալու մասին իմացել են մշակույթի նախարարությունում, այնտեղից զանգել է ոմն Էլմիրա, ու ինչպես Մ. Արեւշատյանը փոխանցեց, ասել. «Ես երաշխավորում եմ, որ ձեր հանդեպ հետապնդում չի լինի»:
Կարինե Մանուկյանը մեզ ցույց տվեց Կամերային երաժշտության տան տնօրեն Արման Ծատուրյանի հրամանը, որով օգոստոսի 21-ին իրեն ազատել է աշխատանքից դիմումի համաձայն ու նույն ամսաթվով էլ նույն օրը հրաման տվել, թե հունվարի 1-ից վերականգնում է աշխատանքի:
Կապվեցինք նաեւ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան տնօրեն Արման Ծատուրյանի հետ՝ բջջայինով, որովհետեւ քաղաքային հեռախոսահամարով նրա գլխավոր ադմինիստրատորը ոչ մի կերպ չէր ցանկանում միացնել: Ա. Ծատուրյանը հերյուրանք որակեց իր նախկին աշխատակիցների ասածները, հավելելով, որ ինքը արվեստագետ է, գիտությունների թեկնածու, դոցենտ եւ չի կարող իրեն խուլիգանի պես պահել: Նրա ասելով, իրականությանը չեն համապատասխանում Մ. Արեւշատյանի եւ Կ. Մանուկյանի ասածները՝ իրենց «սպառնալու» մասով: Ծատուրյանը հավելեց, որ բողոքող աշխատակիցների բոլոր գումարները մինչեւ վերջին լուման փոխհատուցվել է, որից հետո նրանք ազատվել են՝ սեփական դիմումի համաձայն: «Արդեն այդ կանանց մասին լսելիս նյարդայնանում եմ, հիմա ի՞նչ անեմ, մեռնեմ-պրծնե՞մ, որ հանգստանան»,- ասելիքը եզրափակեց տնօրենը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել