Միացյալ Նահանգներում անսպասելիորեն առաջ են եկել մահապատիժների իրականացման խոչընդոտներ: Բանն այն է, որ մահապատժի իրականացման ժամանակ մահացու ներարկումների համար օգտագործվող լուծույթների դեֆիցիտ է առաջացել: Արդյունքում, ինչպես փոխանցում է ՀBK-ն, մահապատժի իրականացումը երկրի մի շարք նահանգներում հետաձգվել է:
Մահացու պենտոտալ լուծույթների մատակարարման դադարեցման մասին հայտարարել է Hospira առեւտրային ընկերությունը: Վերջինը տեղեկացրել է, թե իր գործընկերներից լուծույթի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրամասեր չի ստացել: Ընկերության ներկայացուցիչ Դեն Ռոզենբերգը հայտարարել է, թե աշխատանքներ են տարվում իրենց արտադրանքը որքան հնարավոր է սեղմ ժամկետներում շուկա վերադարձնելու ուղղությամբ:
Որոշ տվյալներով, լուծույթի դեֆիցիտը կարող է տեւել առնվազն մինչեւ հունվար կամ նույնիսկ մարտ ամիսը: Հենց այդ պատճառով է, որ մահապատժի դատապարտված կալանավորների նկատմամբ պատժի կիրառման ժամկետները հետաձգվում են:
Ընդսմին, որոշ փորձագետներ գտնում են, որ Hospira-ն կարող էր կանխամտածված կերպով լուծույթի դեֆիցիտ առաջացնել, քանի որ մեկ անգամ չէ, որ հանդես է եկել մահապատժի իրականացման համար մահացու այդ լուծույթը կիրառելու դեմ: Հիշեցնենք, որ այն օգտագործվում է մարդկանց եւ կենդանիներին ցավազրկելու, նաեւ էֆտանազիայի նպատակներով: