Լրահոս
Օրվա լրահոսը

Լուժկովը դատարանում կվիճարկի իր պաշտոնանկության օրինականությունը

Սեպտեմբեր 30,2010 00:00

\"\"Յուրի Լուժկովը «վճռականորեն տրամադրված է» իրեն Մոսկվայի քաղաքապետի պաշտոնից հեռացնելու մասին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի որոշումը բողոքարկել դատարանում: Այդ մասին, ըստ  «Ազատություն» ռ/կ-ի, երեկ հայտարարել է Պետդումայի պատգամավոր, երգիչ Իոսիֆ Կոբզոնը, ով Լուժկովի մտերիմ բարեկամն է: «Լուժկովը երեկ ինձ ասաց, որ պատրաստվում է նախագահի որոշումը բողոքարկել դատարանում: Նա վճռականորեն էր տրամադրված: Նա չէր ասում, թե երբ է պատրաստվում դա անել, բայց, կարծում եմ, նա կարող է դա արդեն արած լինել»,- ասել է Կոբզոնը: Լուժկովը կարող է նախագահի որոշումը բողոքարկել միայն Ռուսաստանի գերագույն դատարանում, թեեւ այնտեղից հայտնել են, որ առայժմ նման գանգատ չեն ստացել:
Լուժկովի պաշտոնանկության թեման այս օրերին Ռուսաստանում լայն քննարկման առարկա է դարձել: Դրան արձագանքել է նաեւ ՌԴ նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը: «Լուժկովի պաշտոնանկությունն առաջին ինքնուրույն քայլն էր, որին դիմեց Մեդվեդեւը»,- համոզմունք է հայտնել ՌԴ նախկին վարչապետը՝ հավելելով, թե դա «շատ նշանակալի իրադարձություն է», քանի որ պաշտոնանկ է արվել Դաշնության ամենակարեւոր սուբյեկտներից մեկի՝ միլիոնավոր բնակիչներ ունեցող Մոսկվայի ղեկավարը: Կասյանովը նաեւ ընդգծել է, թե «իշխանական բուրգն այլեւս լուրջ ռիսկեր էր սկսել կուտակել, իրավիճակը, սակայն, սկսել է փոխվել: Դա լավ է մեզ բոլորիս համար»:
Լուժկովի պաշտոնանկությունը այն եզակի դեպքերից է, երբ ռուսաստանյան ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչների տեսակետները համընկել են: Իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչ Կոնստանտին Կոսաչեւի կարծիքով, Մոսկվայի քաղաքապետի հետ տեղի ունեցածը պատահական չէր. «Վերջին շրջանում Լուժկովի մոտ սեփական անսխալականության որոշակի զգացում էր ի հայտ եկել: Նրա մոտ համոզմունք առաջացավ, որ միայն իր ռազմավարությունն ու մարտավարությունն են ճշմարիտը: Նման մոտեցումը միշտ էլ հանգեցնում է կոնֆլիկտների, ինչն էլ տեղի ունեցավ»:
Այլ տեղեկությունների համաձայն, երեկ լուծարվել է Մոսկվայի կառավարությունը: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, դա կատարվել է «Մոսկվայի կառավարության մասին» օրենքով, ըստ որի, քաղաքապետին պաշտոնից ազատելու հաջորդ օրը ՌԴ նախագահի հրամանով պետք է հրաժարական տա նաեւ քաղաքի վարչակազմը: Ընդհանուր հաշվով, ազատվել են 250 մայրաքաղաքային պաշտոնյաներ, փոխքաղաքապետեր, դեպարտամենտների ղեկավարներ եւ այլն։ Սակայն այս պաշտոնյաները կշարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչեւ Մոսկվայի նոր կառավարության ձեւավորումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել