Եվրամիության երկրների հատուկ ծառայություններին հայտնի է դարձել «Ալ-Քաիդայի» կողմից մասշտաբային դավադրության մասին, որի շրջանակներում ծրագրվել էր ահաբեկչական ակտեր իրականացնել Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի խոշոր քաղաքներում: Այդ մասին հաղորդում է BBC-ն:
Հատուկ ծառայությունների տեղեկություններով, «Ալ-Քաիդայի» ծրագրի մաս է կազմել մարդկանց պատանդառումն ու հետագայում նրանց սպանությունը:
Հարձակման սխեման շատ նման է եղել 2008թ. Մումբայում տեղի ունեցած ահաբեկչական ակտին, երբ գրոհայինները մի քանի հարձակումներ էին գործել քաղաքի տարբեր հատվածներում, որի արդյունքում ավելի քան 170 մարդ էր զոհվել: Ստացված տեղեկությունների համաձայն, խմբավորման ծրագիրը գտնվել է մշակման նախնական փուլում:
Աղբյուրի մատուցմամբ, հատուկ ծառայությունները, թերեւս, կնախընտրեին գաղտնի պահել իրենց հայտնի դարձած տեղեկությունները, սակայն ծրագրված դավադրության մասին հայտնի էր դարձել ամերիկյան եւ եվրոպական ԶԼՄ-ներին:
Բրիտանական Sky հեռուստակայանը հաղորդել է, թե «Ալ-Քաիդան» պատրաստվում է մի քանի ահաբեկչական ակտեր իրականացնել Լոնդոնում եւ եվրոպական եւս մի քանի մայրաքաղաքներում: Իսկ ամերիկյան ABC-ն փոխանցել էր, թե «Ալ-Քաիդայի» թիրախներից մեկը կարող է լինել հենց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Ազգային սպառնալիքը Ֆրանսիայում եւ Գերմանիայում շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա: Բրիտանական իշխանությունները հայտարարել են, թե առայժմ չեն պատրաստվում սպառնալիքի աստիճանը բարձրացնել՝ հասցնելով «ճգնաժամայինի»: