Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում են փչացնել հարաբերությունները»

Սեպտեմբեր 30,2010 00:00

«Եթե Վրաստանում կրճատվում են հայերենի դասաժամերը, սա դեռ չի նշանակում, որ վրացիները հակահայկական գործունեություն են ծավալում: Սա արվում է այն նպատակով, որ հայկական դպրոցի երեխան լավ իմանա Վրաստանի պետական լեզուն ու կարողանա ապրել այդ երկրում: Ինչո՞ւ ոչ ոք չի խոսում այն մասին, թե Վրաստանի նախագահի որոշումը նպաստեց, որ այս տարի 200 հայ երիտասարդ մեկ, ընդ որում՝ մայրենի լեզվի քննությամբ, կարողացան ընդունվել համալսարան»,- երեկ լրագրողների հետ զրույցում ասաց Վրաստանի նախագահի՝ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական Վան Բայբուրթը: Նա այսպես մեկնաբանեց վերջին շրջանում մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե Վրաստանում հայկական դպրոցներում ոչ միայն հայերենի դասաժամերը, այլեւ մեծաքանակ հայ ուսուցիչներ են կրճատվում:
Պարոն Բայբուրթի խոսքով, իրականում վրացիները հայերի նկատմամբ ունեն ջերմ, բարեկամական հարաբերություններ, բայց ինչ-որ մեկը նման լուրեր տարածելով՝ նպատակ ունի փչացնել հայ-վրացական հարաբերությունները. «Ինչ-որ մեկն ուզում է հայերին հիասթափեցնել, սա շատ վտանգավոր է: Կան հիմնախնդիրներ հայկական համայնքի հետ, բայց ազգային խտրականություն չկա՛: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում եւ անմենուր ընթանում են կրթական բարեփոխումներ, իհարկե Վրաստանի դպրոցներում մանկավարժների կրճատումներ տեղի ունենում են, դա չի նշանակում, թե վրացիները միտումնավոր են կրճատում կամ հակահայկական գործունեություն են ծավալում: Եթե երեք տարի առաջ պետական համալսարանը ավարտած երիտասարդը գործ չի գտնում, որովհետեւ թափուր տեղեր չկան, դպրոցներում դեռ դասավանդում են 70 տարեկան թոշակառուներ, դա քաղաքականության հետ մի՛ կապեք, խնդրում եմ»: Պարոն Բայբուրթը չհամաձայնեց, որ Վրաստանում հայկական եկեղեցիները համատարած վրացականացվում են: Նա զարմանում է՝ ինչո՞ւ ոչ ոք չի խոսում այն մասին, որ վերջին 3 տարվա ընթացքում Ջավախեթիում 20 հայկական եկեղեցի է բացվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել