Այս տարի 2-րդ անգամ Ախթալայում անցկացվեց «Խորովածի փառատոն», որի ամփոփումը երեկ էր՝ Երեւանի «Արարատ Հոլ» ռեստորանում: Պարգեւներ եւ շնորհակալագրեր հանձնվեցին «Լավագույն տեսքով խորոված», «Լավագույն խորոված պատրաստող անհատ», «Լավագույն նորարարություն կիրառած խորոված» եւ այլ անվանակարգերում: Տեղի ունեցավ նաեւ «Խորովածի փառատոն-2009» գրքի շնորհանդեսը, որում ներկայացված է հայկական խորովածը: Միջոցառման մասնակից, «Բարբեքյուի միջազգային ասոցիացիայի» փոխնախագահ, մոսկվաբնակ Արտյոմ Ենգոյանը, ներկայացնելով փառատոնի հետ կապված նոր հեռանկարները, հույս հայտնեց, որ Հայաստանն էլ վերջապես կդառնա «Բարբեքյուի միջազգային ասոցիացիայի» անդամ: «Ռուսաստանի բարբեքյուի ասոցիացիայի» եւ «Հայ խոհարարական ավանդույթների պահպանման եւ զարգացման» հ/կ-ի միջեւ կնքվեց համաձայնագիր՝ հետագա համագործակցության համար: Փառատոնի կազմկոմիտեի անդամ Վազգեն Խաչիկյանը հայտնեց, որ հաջորդ տարի հատուկ՝ «Գարնանային գավաթ» փառատոն կլինի՝ այս անգամ լրագրողների համար: Նա նաեւ նշեց, որ բացի «շոկոլադե ռեկորդից», Հայաստանը հաջորդ տարի եւս մեկ գինեսի ռեկորդ կունենա: Պատրաստելով ամենամեծ մանղալը եւ ամենաերկար շամփուրը՝ մեր երկիրը «խորովածի ռեկորդ» կսահմանի: