Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԵՐԱՆՅԱՆԸ ՄԵԾԱՐՎԵՑ

Սեպտեմբեր 30,2010 00:00

Օրերս Պատանի հանդիսատեսի թատրոնում  նշվեց գրող, թարգմանիչ, ուսուցիչ Մկրտիչ Խերանյանի ծննդյան 110-ամյակը: Գրողի որդին՝ Հենրի Խերանյանն «Առավոտի» հետ զրույցում կիսվեց հոր մասին հիշողություններով. «Մեր տունը հայրիկի կենդանության տարիներին վերածվել էր մի յուրահատուկ Վերնատան: Օր չկար, որ ժամանակի երիտասարդ ստեղծագործողներն ու արվեստագետներն իրենց մեծ խմբով չհյուրընկալվեին մեզ: Գրական քննարկումները մեր տնից միշտ անպակաս են եղել: Զարմանալի հանգիստ, բայց եւ խիստ հայր էր, հատկապես, երբ ես աշակերտում էի նրան»: ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի հավաստմամբ՝ Խերանյանն իր յուրահատուկ քնարի շնորհիվ, որ արտացոլում է հայ միջնադարյան դյուցազներգությունը, գեղեցիկ հետագիծ է թողել հայ գրականության մեջ: Գրող, բանասիրական գիտությունների դոկտոր, պետական մրցանակի դափնեկիր Նորայր Ադալյանը բարձր գնահատելով հեղինակի գրական գործունեությունը, դերն ու նշանակությունը հայ գրականության մեջ, հավաստեց՝ Մ. Խերանյանը հայտնագործություն է հայ ժողովրդի գրական կյանքում:
Երեկոյի ընթացքում հնչեցին հատվածներ «Մատյան ողբերգության» պոեմից, որի լավագույն վերակերտողն ու աշխարհաբար թարգմանողը  Մ. Խերանյանն էր, ինչպես նաեւ հատվածներ «Շխոնց Միհրան» բեմադրությունից եւ «Մոկաց Միրզա» պոեմի ռադիոբեմադրությունից:
Արեւմտյան Հայաստանի Վան քաղաքում ծնված Մ. Խերանյանը 1915թ.-ին գաղթել է Արեւելյան Հայաստան եւ ընդունվել է Էջմիածնի Գեւորգյան ճեմարանը, որն ավարտելուց հետո՝ մինչեւ 1950թ., հայոց լեզու եւ գրականություն է դասավանդել տարբեր միջնակարգ դպրոցներում: Նրա գրչին են պատկանում «Մոկաց Միրզա», «Շխոնց Միհրան», «Երկար, երկար մի ճանապարհ», «Ձայն տուր, ով ծովակ» գրքերը: Գրողն ունի նաեւ մանուկներին ուղղված բանաստեղծություններ, պատմվածքներ, ժողովրդական բանահյուսական մշակումներ: Կատարել է նաեւ բազմաթիվ թարգմանություններ գրաբարից եւ ռուսերենից: Մկրտիչ Խերանյանը թարգմանել է նաեւ Հոմերոսի «Իլիականը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել