Լրահոս
Օրվա լրահոսը

Գլուխը գիտէ՞, թէ ինչ են անում աջ ու ձախ ձեռքերը

Սեպտեմբեր 30,2010 00:00

Կառավարութիւնը համակարգո՞ւմ է իր նախարարութիւնների գործունէութիւնը

Այս տարուայ (2010թ.) Փետրուար ամսին յայտնի դարձաւ Սփիւռքի Նախարարութեան նախաձեռնութիւնը՝ Հայաստանի ու սփիւռքի տարբեր գաղթօջախների լեզուի մասնագէտների, մամուլի եւ մանկավարժական ասպարէզի ներկայացուցիչների մասնակցութեամբ Համահայկական Համաժողով (գիտաժողով) հրաւիրելու մասին, քննարկելու համար արեւմտահայերէնի պահպանման եւ սփիւռքի դպրոցներում մայրենիի դասաւանդման բարելաւման հրատապ խնդիրները, ինչպէս նաեւ ուսուցման միասնական ծրագիր ու միասնական դասագրքեր ստեղծելուն ուղղուած աշխատանքների համակարգման հարցերը: Համաժողովը տեղի ունեցաւ Ծաղկաձորում՝ Յուլիսի 3-5-ի օրերին, հրապարակեց Յայտարարութիւն եւ ստեղծեց ծրագրուած աշխատանքները համակարգող Կենտրոնական Յանձնախումբ:
Զարմանքով արձանագրենք սակայն, Սփիւռքի Նախարարութեան հրաւիրած Համաժողովից 5-6 շաբաթ յետոյ ՀՀ Կրթութեան եւ Գիտութեան Նախարարութեան հրաւիրած՝ դարձեալ սփիւռքին վերաբերող համանման կրթական հարցերի մասին համաժողով հրաւիրելու փաստը (եւ նոյնպէս սփիւռքի ներկայացուցիչների մասնակցութեամբ):
Իսկ նկատի առնելով նաեւ Արամ Ա Վեհափառի կողմից ծրագրուած՝ Սեպտեմբերեան համանման խորհրդաժողովի հրաւիրումը Անթիլիասում, ակամայից մտածում ես առնուազն երկու հիմնախնդիրների մասին: Այն է.
– Հայրենիքում, նոյն կառավարութեան կազմում գործող երկու նախարարութիւնների՝ միմեանց կրկնող եւ զուգահեռ համաժողովները չե՞ն վկայում, որ կառավարութիւնում պակասում են (չասելու համար՝ բացակայում են) ընդհանուր նպատակները համակարգելուն ուղղուած աշխատանքները:
Սփիւռքի Նախարարութիւնը ստեղծուեց՝ հանրապետութեան տարբեր նախարարութիւնների կողմից սփիւռքին աջակցելու աշխատանքները համադրելու նպատակով, ինչը յաջողութեամբ իրականացնում է այդ նախարարութիւնը: Նկատենք, որ Սփիւռքի Նախարարութեան կողմից Յուլիսի 3-5-ը հրաւիրուած համաժողովին ներկա էր նաեւ Կրթ. եւ Գիտ. Նախարարութեան սփիւռքի հարցերով բաժնի միակ ներկայացուցչուհին, եւ դա նշանակում է, որ համաժողով հրաւիրած Սփիւռքի Նախարարութիւնը հրաւիրել է (կամ տեղեակ է պահել) Կրթ. եւ Գիտ. Նախարարութեանը: Այս վերջինը պէտք է որ իր կողմից եւս պայմաններ ստեղծելով, իրաւասու մասնագէտներով լիարժէք մասնակցէր եւ աջակցէր Սփիւռքի Նախարարութեան հրաւիրած Համաժողովին՝ փոխանակ շուրջ մէկ ամիս յետոյ նոյն թեմային առնչուած «իր համագումարը» հրաւիրելու:
– Խորհելու տեղիք է տալիս նաեւ դարձեալ գրեթէ նոյն թեմայով՝ Անթիլիասում Արամ Ա Վեհափառի ծրագրով Սեպտեմբերին հրաւիրուած համաժողովը: Սխալ չհասկացուելու համար շեշտենք սփիւռքի կեանքում նրա կարեւոր դերակատարումը, ինչը բնական է եւ ընդունելի: Համաժողովում այդ մասին դրականօրէն արտայայտուեց նաեւ Հրանոյշ Յակոբեանը, շեշտելով Վեհափառի աջակցութիւնը իրեն՝ սփիւռքում աշխատանքներ իրականացնելիս: Այստեղ հարցադրումը այլ է: Եթէ համազգային մտահոգութիւնները ազգովին լուծելու եւ այդպիսով քայլ առ քայլ դէպի ազգային միասնականութիւն կերտելու քաղաքականութիւն ենք որդեգրել, ինչո՞ւ, ուրեմն, չենք փորձում լուծումներ գտնելու համար համատեղ ջանքեր գործադրել: Եթէ կողմերից մէկը դէմ է համագործակցելուն, ապա թող բացայայտօրէն ասուի այդ մասին ժողովրդին, ով միշտ ձգտել է մէկ ազգ դառնալուն եւ չի արդարացնում մեր երկու հատուածների՝ միմեանցից զատելուն ուղղուած քայլերը:
Եղածն արդէն ուղղել հնարաւոր չէ, սակայն առջեւում է սփիւռքի դպրոցների համար միասնական ծրագրով միասնական դասագրքեր ստեղծելու յանձնառութիւնը: Կը կարողանա՞ն արդեօք յառաջիկայում ՀՀ երկու նախարարութիւնները եւ Անթիլիասը փոխհամաձայնեցուած եւ փոխըմբռնումով իրագործել այս նպատակադրումը յանուն սփիւռքի, թէ՞ տարբեր դպրոցներ դարձեալ կ\’ունենան տարբեր ծրագրեր ու դասագրքեր, եւ մի՞թէ ստիպուած ենք երեք կողմերին ասել՝ «Լեռը մուկ ծնեց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել