Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռ սփյուռքին չենք ճանաչում

Սեպտեմբեր 30,2010 00:00

\"\"ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ամփոփել է նախարարության երկամյա գործունեությունը

Հոկտեմբերի 1-ին ՀՀ Սփյուռքի նախարարությունը կդառնա երկու տարեկան: Տարեդարձի առթիվ երեկ հանդիպելով լրագրողներին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ասել է, որ իրենց ամենամեծ բացթողումը մասնագետների անփորձությունն է: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ՝ 2009 թվականի սեպտեմբերի վերջին ամփոփելով նախարարության մեկամյա գործունեությունը, Հրանուշ Հակոբյանը նույնն էր ասել՝ ամենամեծ բացը Սփյուռքին ոչ լրիվ տիրապետելն է. «Մենք սփյուռքագետներ չունենք, նախարարության աշխատողները սփյուռքագետներ չեն եւ աշխատանքի ընթացքում պետք է սովորեն եւ դա թերություն է: Երկրորդ դժվարությունը: Սփյուռքը անհատների ամբողջություն է, ոչ թե մեկ կառույց, եւ նրա հետ աշխատելիս չես կարող ոչ հանձնարարել, ոչ պահանջել, կարող ես միայն առաջարկել, երկխոսել, խնդրել եւ սպասել, թե ինչպիսին կլինի արձագանքը»: («Առավոտ», 26.09.2009՝ «Եկել է պահը համախմբվելու»): Նախարարության երկամյակի կապակցությամբ հրավիրված ասուլիսում տիկին Հակոբյանը հիշեցրել է անցած տարի ասածը՝ մինչ այժմ Սփյուռքին լավ չենք ճանաչում, քանի որ այն բազմաշերտ է, բազմակարիք, բազմակարծիք եւ բազմադեմ: Սրանով հանդերձ, նախարարը կարծում է, որ 7 միլիոնանոց Սփյուռքը կարելի է համախմբել հետեւյալ հարցերի շուրջ. «ԼՂՀ խաղաղ կարգավորում, Ցեղասպանության միջազգային ճանաչում, Հայաստանի եւ Արցախի անվտանգություն եւ հզորացում, Սփյուռքի ուծացման դեմ պայքար եւ հայապահպանություն, Հայ եկեղեցու շուրջ հայ ժողովրդի համախմբում»:
Հրանուշ Հակոբյանը ասել է, որ նախարարությունը Սփյուռքի խոսքը, պահանջները եւ խնդիրները Հայաստանի կառավարությանն ու նախագահին հասցնելու միջոց է: Իսկ Սփյուռքում շատ խնդիրներ կան: Մասնավորաբար՝ խառն ամուսնությունները: «Մենք որեւէ երիտասարդի չենք կարող արգելել ամուսնանալ օտարազգի ներկայացուցչի հետ: Բայց մեր խնդիրը խառը ամուսնություններում ծնված երեխաներին հայեցի մեծացնելն է»,- կարծում է ՀՀ Սփյուռքի նախարարը:
Հաջորդ լուրջ հիմնախնդիրը արեւմտահայերենի ուսուցման համար հիմնարար դասագրքերի ստեղծումն է՝ սփյուռքյան կառույցներում միատեսակ կրթություն ապահովելու նպատակով: Արդեն ստեղծվել է այս հարցով հատուկ հանձնաժողով: Հրանուշ Հակոբյանը կարեւոր է համարում նաեւ հայկական ազգանունների «յան» վերջավորությունները Սփյուռքում պահպանելը եւ հորդորում սփյուռքահայերին՝ առնվազն 7 տարին մեկ զբոսաշրջության գալ Հայաստան: Այդ դեպքում Հայաստան կգա տարեկան 1 մլն զբոսաշրջիկ: Հիշեցնենք, որ Սփյուռքի նախարարության մեկ տարվա աշխատանքի ամփոփումը ցույց տվեց, որ Սփյուռքում ամենաընդունվածը զբոսաշրջային բնույթի «Արի տուն» ծրագիրն է («Առավոտ», 25.09.2009՝ «Արի տունը» ամենաընդունվածն է»):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել