Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փախստականին օգնություն չե՞ն տալիս

Սեպտեմբեր 30,2010 00:00

«Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը հավաստիացնում է, որ իրենք առաջնահերթությունը տալիս են առավել կարիքավորներին:

«2 տարուց ավելի է, ինչ ես ոչ մի տեսակի օգնություն չեմ ստացել, իսկ մեզ մոտ ինձնից ապահով փախստականները մի քանի անգամ ստացել են: Մի քանի օր առաջ էլ շորեր էին բաժանում, էլի ինձ չհասավ»,- օրերս նման դժգոհությամբ «Առավոտին» էր դիմել 72-ամյա փախստական Իռմա Եսայանը: Նա բավականին երկար տարիներ բնակվում է Նորք-Մարաշի «Նաիրի» հյուրանոցի սենյակներից մեկում: Ապրում է, ինչպես ինքն է ասում, հազիվ ծայրը ծայրին հասցնելով:
Այս հյուրանոցում գրեթե բոլոր բնակիչներն էլ անապահով են, այդ իսկ պատճառով «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը պարբերաբար սննդամթերք, հագուստ եւ այլ տեսակի սոցիալական օգնություններ է հատկացնում այստեղի բնակիչներին: Հենց այս կազմակերպության կատարած աշխատանքից է, որ դժգոհում է տիկին Իռման: Ըստ նրա, կազմակերպության աշխատակցուհի Տատյանա Դաշյանն ունի հատուկ ցուցակ, որով էլ հատկացնում է օգնությունները. «Այդ ցուցակում ընդգրկվածներն այնքան էլ անապահով չեն: Նրանց տալիս են նոր շորեր, իսկ ինձ 2 տարի առաջ որ տվել են, այնքան հին էր, որ որպես պոլի շոր եմ օգտագործել: Ամեն անգամ ինձ ասում են, որ իրենց բերածն ինձ համար չէ: Բայց ես էլ բոլորի պես անապահով եմ, բնակարան ստանալու ցուցակում ընդգրկված եմ եւ ոչ մի օգնող չունեմ: Այդ ինչպե՞ս են իրենք որոշել, որ իրենց բերածն ինձ չի հասնում: Անկողնու պարագաներ են բերում բաժանելու, ինչպե՞ս են որոշել, որ ես դրա կարիքը չունեմ»:
Այս առնչությամբ մենք «Առաքելություն Հայաստան» կազմակերպության Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնի սպասարկման պետ Մարգարիտա Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչն է պատճառը, որ Ի. Եսայանին արդեն 2 տարուց ավելի իրենք ոչ մի տեսակի օգնություն չեն հատկացնում, որին նա պատասխանեց. «Ես չեմ կարող հիմա ասել, թե երբ ենք մենք նրան վերջին անգամ օգնություն հատկացրել, պետք է հաշվապահական փաստաթղթերը նայեմ, սակայն նշեմ, որ ինչ վերաբերում է մի քանի օր առաջ բաժանված հագուստին, ապա այն օգտագործված հագուստ էր, որի կարիքը Ի. Եսայանը չունի, եւ այն իսկապես հատկացրել ենք առավել կարիքավորներին: Անհնար է, որ մեր ցուցակներում ընդգրկված մարդկանց օգնություն չհատկացվի, եթե նրանք տեղում լինեն: Տեղում չլինել ասելով՝ նկատի ունեմ այն, որ այդ մարդիկ կարող են հանրապետությունից բացակայել եւ այդ պատճառով չստանալ օգնությունը, եթե այդ ժամին կամ այդ օրն են բացակայում, անհնար է, որ չստանան, քանի որ օգնությունը բաժանվում է մի քանի օր շարունակ: Ծերերին՝ առանձին, երիտասարդներին՝ առանձին»:
Իսկ ընկերության սոցիալական աշխատող Տատյանա Դաշյանը, որն էլ զբաղվում է այս հյուրանոցի սոցիալական օգնություններով, մեզ հետ զրույցում ավելացրեց, որ ինքն իսկապես մի քանի օր առաջ օգտագործված հագուստ է բաժանել այս հյուրանոցի բնակիչներին. «Ես տվել եմ այն մարդկանց, որոնք առավել կարիքավոր են, օրինակ՝ միայնակ են, իսկ տիկին Իռման միայնակ չէ, ունի աղջիկ եւ տղա: Մեր հանրապետությունում կիրառվող չափորոշիչների համաձայն, միայնակն ավելի կարիքավոր է, քան երեխաներ ունեցողը, եթե անգամ այդ երեխաները բոլորովին էլ չեն օգնում իրենց ծնողներին: Մենք օգնությունը բաժանում ենք հենց Իռմա Եսայանի սենյակի դիմաց, նա չի գալիս եւ մեզ հարցնում, թե ինչո՞ւ իրեն չենք հատկացնում: Նախկին օգնությունների մասին էլ ասեմ, որ նա մոտ 2 ամիս բացակայել է հանրապետությունից, գնացել է տղայի մոտ: Այդ ժամանակ բաժանված օգնությունից նրան հատկացումներ չենք արել, բնականաբար: Մնացածից նա ստացել է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել