Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեկը գնացել է, մյուսը՝ մնացել ու պայքարում է

Սեպտեմբեր 30,2010 00:00

«Ես էս պետությունից ընդամենը մի կտոր հող եմ ուզում, որ տուն սարքեմ: Մի ժամանակ իմ հայրենի գյուղում ինձ հողատարածք էր հասնում, այն էլ մինչ այսօր թղթի վրա է մնացել: Շատ ցավալի է, որ իմ հայրենի հողում ես 1 սմ էլ տեղ չունեմ: Բայց այսօր ինձ արտասահմանում գրկաբաց կընդունեն»,- մեզ հետ զրույցում նեղսրտեց Քերոբ Նահապետյանը, որը տարիներ առաջ արտերկրի բարեկեցիկ կյանքը թողել եւ կնոջ ու 3 որդիների հետ Գերմանիայից տեղափոխվել է Հայաստան: Նրա՝ այժմ Հայաստանից չհեռանալու միակ պատճառը հայրենիքի նկատմամբ ունեցած մեծ սերն է: 1999-ին ինչ-ինչ անօրինությունների պատճառով, որոնց մասին Քերոբը չցանկացավ խոսել, վաճառել է ամբողջ ունեցվածքը եւ այժմ ապրում են վարձով: Ընտանիքի կերակրող ձեռքը մեծ տղան է, որը մեկնել է արտագնա աշխատանքի: Քերոբն այսօր ի վիճակի չէ աշխատել, իսկ հաշմանդամության թոշակը բավարարում է միայն տան վարձին:
Արարատի մարզի Արեւշատ գյուղում ծնված եւ խորհրդային տարիներին Գերմանիա ծառայելու զորակոչված Քերոբ Նահապետյանը, չնայած այդ երկրի զինվորական համակարգում ունեցած հաջողություններին ու պարգեւներին, Արցախի պատերազմի լուրը լսելուն պես վերադարձել է Հայաստան եւ բանակում ձեռք բերած իր հմտությունները ծառայեցրել նորաստեղծ հայկական բանակին: Բացի այդ, Ք. Նահապետյանի խոսքերով, գիտակցել է, որ իր 3 որդիները հայրենիքին պետք են:
1992թ.-ին նա ծառայության է անցել Հայաստանի «Հատուկ գնդում»: Այդ ժամանակ Քերոբն արդեն խորհրդային բանակում ծառայելու 16 տարվա փորձ ուներ:
«Ամենածանր գործերից մեկը ինձ էր բաժին ընկել. զինվորներին զինամթերքով ապահովել: Իսկ դա այն ժամանակն էր, երբ քեզանից 2 կիլոմետր առաջ կանգնած զինվորը հայտնում է, որ թշնամին այսինչ զենքով հարձակվում է եւ պետք է պատասխան տանք, իսկ մենք ոչինչ չունեինք եւ ոչինչ չէինք կարող անել: Շատ դժվարություններ հաղթահարելով՝ կարողացել ենք պատվով դուրս գալ նման իրավիճակներից, ինչի շնորհիվ այսօր ունենք անկախ պետություն»,- պատմում էր ազատամարտիկը:
 «Հատուկ գնդի» մեկ այլ ազատամարտիկ՝ Վարդան Հովհաննիսյանը պատերազմից հետո՝ 1997թ.-ին մեկնել է Իսպանիա: Նա, ի տարբերություն Քերոբի, չի կարողացել տանել իր եւ իր նման ազատամարտիկների նկատմամբ անարդարությունները: «Ես նման պայմաններում չէի կարող ապրել ու աշխատել: Ինձ այնպիսի փակուղու մեջ էին դրել, որ ես այլ ելք չունեի, քան հեռանալ երկրից»,- ասում է Վարդանը: Իսպանիայում նա ոչ մի բանի կարիք չունի, ապրում է մարդավայել պայմաններում: Բայց մի բան նրան իսկապես շատ է պակասում. հայրենի հողը: Մեզ հետ զրույցում Վարդանը պատմեց, որ չնայած նրա երեխաներն այնտեղ են ծնվել, բայց մաքուր խոսում են հայերեն, բակի մյուս երեխաներին նույնպես սովորեցնում են հայերեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել