Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայ կաշառակերները ՌԴ-ում էլ են «դրսեւորվում»

Սեպտեմբեր 30,2010 00:00

Երեւանում երեկ մեկնարկած ԱՊՀ վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի գագաթաժողովում ՀՀ եւ ՌԴ վերահսկիչ մարմինները գործակցության համաձայնագիր ստորագրեցին, ներկայացրին մինչեւ 2012-ը համագործակցության պլանը: ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինը, անդրադառնալով ներկայացրած պլանին, մանրամասնեց. «Այն ներառում է հարցեր 4 հիմնական ուղղություններով՝ առեւտրատնտեսական, Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ու հիդրոէներգետիկ ոլորտին վերաբերող հարցեր… մեր գործը շատանալու է»: Այն հարցին, թե ինչո՞ւ հանդիպման օրակարգում չեն նախատեսել հակակոռուպցիոն համատեղ միջոցառումների ցանկ հաստատել, Ստեպաշինը պատասխանեց. «Ի՞նչ ունենք քննարկելու, կաշառակերներին պետք է պարզապես բռնել ու նստեցնել, նրանք կան ե՛ւ մեզ մոտ, ե՛ւ ձեզ մոտ: Ի դեպ, հայ կաշառակերները Մոսկվայում էլ են իրենց օրինավոր դրսեւորում»:
Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՌԴ-ի հետ ձեռք բերած համաձայնագրով հաստատել են համատեղ վերահսկողության ծրագիր ու հաջորդ տարվանից ստուգումներ են իրականացնելու ՎՏԲ բանկի մասնաճյուղերում, քննարկելու են Գազպրոմի ու զինվորական ռազմակայաններում տեղադրված գույքի տնօրինման օրինականությանը վերաբերող հարցերը:
Սեպտեմբերի 29-30-ը անցկացվող նստաշրջանի օրակարգի առանցքում ԱՊՀ տարածքում սոցիալ-տնտեսական զարգացումներն են՝ ճգնաժամի տարիներին ու դրանից հետո: ՎՊ-ների ներկայացուցիչները քննարկելու են նաեւ, թե որքանով է գործադիրին հաջողվում սոցիալ-տնտեսական խնդիրների հետ կապված նպատակային ծրագրեր կազմել ու ներկայացնել ճիշտ մոտեցումներ: Պարոն Զաքարյանի խոսքով. «Օրակարգում քննարկվող շատ ծրագրեր ուղղված են աղքատության հաղթահարմանն ու ժողովրդի բարօրությանը»:
Գագաթաժողովին հաջորդած ասուլիսում էլ թեեւ նախապես նշել էին, որ քննարկման ընթացքի մանրամասները կներկայացնեն, բայց նախապես մի քանի լրագրողների բաժանեցին վաղօրոք կազմված հարցերը ու այդքանով սահմանափակվեցին: Վրաստանի վերահսկիչ պալատի ղեկավարին ուղղված հարցին՝ ինչո՞ւ Հայաստանի ու Վրաստանի վերահսկիչ մարմինների միջեւ դեռեւս գործակցության համաձայնագիր չի կնքվել, Վրաստանի ներկայացուցիչը պատասխանեց, որ այդ ուղղությամբ աշխատում են ու հնարավոր է՝ առաջիկայում ձեռք բերեն նման համաձայնագիր: Գագաթաժողովի շրջանակներում Հայաստանը գործակցության համաձայնագիր կնքեց Լատվիայի ու Ղրղըզստանի հետ:
Երեկ առավոտյան գագաթաժողովի մասնակիցները՝ մոտ 11 պետությունների ներկայացուցիչներ, այցելել են Ծիծեռնակաբերդ ու ծաղկեպսակ դրել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Նստաշրջանի մասնակիցներից Հայաստան չէր ժամանել միայն Ադրբեջանի ներկայացուցիչը՝ պատճառաբանելով հրատապ գործերի առատությունը: Հաջորդ նստաշրջանն անցկացվելու է Ուկրաինայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել