Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՕԴԱՉՈՒԻ ԳԼԽԻՆ ՍԱՐՔՈՒՄ ԵՆ

Սեպտեմբեր 30,2010 00:00

\"\"Բաց նամակ երկրի ղեկավարներին

«Առավոտի» հասցեով եկել է հերթական բաց նամակն՝ ուղղված երկրի նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, արդարադատության նախարարին եւ մարդու իրավունքների պաշտպանին: Դիմողը Արշակունյաց թիվ 16 շենքի թիվ 25 բնակարանի բնակիչ Սուրեն Մարգարյանն է: Նամակում, մասնավորապես, ասված է. «Մինչեւ 2010թ. սեպտեմբերի 7-ը ես աշխատում էի «Արմավիա» ավիաընկերությունում՝ որպես A-319/320 տիպի օդանավի երկրորդ օդաչու: Նշված օրը Քաղավիացիայի գլխավոր վարչության բարձրագույն որակավորման հանձնաժողովի որոշմամբ դադարեցվեց ինձ տրված կոմերցիոն օդաչուի վկայականի գործողությունը՝ պատճառաբանելով, իբր ես թմրանյութ եմ օգտագործում: Դրա հետեւանքով 2010թ. սեպտեմբերի 8-ին ինձ ազատեցին աշխատանքից: Ես Սամվել Մարգարյանի որդին եմ, մարդու, ով երկար տարիներ աշխատել է որպես ՀՀ Քաղավիացիայի վարչության պետ, 1975-ից նվիրված էր հայկական ավիացիային եւ նույնպես օդաչու էր: Ես մեծացել եմ օդաչուի ընտանիքում, մանկուց երազել եմ լինել հորս նման վաստակավոր օդաչու:
Խնդրում եմ ուշադրություն դարձնել ամսաթվերին՝ սեպտեմբերի 7 եւ սեպտեմբերի 8: Դրանք այնքան իրար մոտ են, որ անգամ հնարավորություն չեն տվել, որպեսզի ես օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում բողոքարկեմ հիշյալ որակավորման հանձնաժողովի որոշումը: Մինչ այդ՝ օգոստոսի 11-ին, ինձ զանգահարեցին, ներկայացան որպես ազգային անվտանգության աշխատակիցներ եւ պահանջեցին, որ ներկայանամ հանդիպման: Այդ ժամանակ ասվեց, թե իբր ՀՀ նախագահին վեց ամիս անց անհրաժեշտ է լինելու օդաչուական նոր անձնակազմ, եւ իբր ինձ դիտարկում են որպես հավանական թեկնածու, եւ այդ օրը ինձ անհրաժեշտ է ամբողջական հետազոտություն անցնել ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում, որտեղ մասնավորապես պիտի ստուգվեր թմրանյութի պարունակությունն իմ օրգանիզմում: Ես հետեւեցի նրանց: Մի քանի օր անց զանգահարեց նույն մարդը եւ պահանջեց, որ ներկայանամ ԱԱԾ: Ներկայացա: Ինձ ցույց տվեցին հետազոտության արդյունքները, ըստ որոնց, իբր իմ օրգանիզմում գտնվել են թմրանյութի օգտագործման հետքեր: Հղում անելով այդ արդյունքներին՝ ինձ ստիպում էին խոստովանել, թե իբր օգտագործում եմ թմրանյութ, եւ ավելին՝ տալ  մարդկանց անուններ, ովքեր իբր մատակարարում են այն: Սպառնացին, որ եթե չգրեմ խոստովանությունը, կխայտառակեն գործընկերներիս առջեւ եւ կազատեն աշխատանքից, ապա կկալանավորեն: Ես պահանջեցի կրկնակի հետազոտություն, որն անցկացրեցին նույն օրը, նույն վայրում, քանի որ ՀՀ նախագահի անունից հանդես եկող մարդիկ չհամաձայնեցին ընտրել այլ՝ անկախ լաբորատորիա: Նորից հետեւեցի նրանց: Արդյունքին սպասելու ընթացքում, իսկ դա պիտի տեւեր հինգ օր, հենց հաջորդ օրը ինքնուրույն հետազոտություն եմ անցել ՀՀ Դատաբժշկական փորձաքննության կենտրոնում, եւ, բնականաբար, իմ օրգանիզմում չի գտնվել թմրանյութի պարունակություն: ԱԱԾ-ում ինձանից խլեցին անձնագիրս եւ վերադարձրին միայն մեկ շաբաթ անց՝ իմ իրավաբանի պահանջով: Մի քանի օր անց ինձ կրկին զանգահարեցին նույն մարդիկ ու տեղեկացրին, թե երկրորդ հետազոտության արդյունքներն արդեն պարզ են: Դրանք էլ, ինչը սպասելի էր, իբր նույնպես դրական արդյունք են տվել: Ինչո՞ւ էր սպասելի: Քանի որ այս ամենը խնամքով պատրաստված զրպարտություն է, որի նպատակն է մեկ ակնթարթում վերջ դնել իմ՝ մեծ դժվարությամբ ձեռք բերածին: Ընդ որում, բժշկական եզրակացություններից եւ ոչ մեկն ինձ չի տրամադրվել:
«Արմավիա» ավիաընկերության գլխավոր տնօրենի՝ պարոն Ն. Բելլույանի եւ իմ նախկին գործընկերների՝ «Արմավիայում» աշխատող օդաչուների կողմից նամակներ են ուղղվել Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին, խնդրելով, որ նա վերանայի իր որոշումը՝ հղում անելով անկախ լաբորատորիաներում արված հետազոտության արդյունքներին, որոնք չեն համապատասխանում նախորդներին: Սակայն պարոն Ա. Մովսեսյանը մինչեւ օրս պատասխան չի տվել:
Հարգելի պարոն նախագահ, սույն նամակով խնդրում եմ համապատասխան պաշտոնյաներին ու աշխատակիցներին հանձնարարել տեղեկություն տալ, թե ինչի հիման վրա են ինձ ենթարկել փորձաքննության: Օրենսդրական ո՞ր նորմով են «տեղեկությունը»՝ առանց հանգամանքները ճշտելու, հասցեագրել ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն: Խնդրում եմ հանձնարարել, որպեսզի իմ անձը կրկին ենթարկվի փորձաքննության փորձագիտական այլ կենտրոնում՝ պարզելու՝ արդյոք իմ օրգանիզմում առկա՞ են թմրանյութ պարունակող նյութեր: Քանի որ, ինչպես արդեն նշել եմ, ՀՀ Դատաբժշկական փորձաքննության կենտրոնում հանձնված փորձանմուշներում չեն հայտնաբերվել թմրանյութ պարունակող նյութեր, ուստի ստեղծված իրավիճակը խիստ կասկածելի է, ինչի կապակցությամբ բացարկ եմ հայտնում փորձաքննությունն անցկացրած փորձագետին: Նշեմ, որ փորձաքննություն եմ անցել նաեւ ՌԴ-ում, 2010թ. սեպտեմբերի 2-ին, «Մոսկովյան ռեգիոնալ նարկոդիսպանսերում», որտեղ նույնպես իմ օրգանիզմում թմրանյութ չի հայտնաբերվել: Խնդրում եմ աջակցել՝ դեպքի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ, քանի որ փորձագետի եզրակացությունը խիստ կասկածելի է: Խնդրում եմ հետամուտ լինել տիրող անօրինականություններին, աջակցել ոտնահարված իրավունքներիս վերականգնման հարցում՝ պատասխանատվության ենթարկելով անօրինական գործողություններ իրականացրած անձանց: Խնդրում եմ թույլ չտալ, որ ՀՀ-ում անարդարության ու կազմակերպված զրպարտության պատճառով վերջ դրվի իմ աշխատանքային գործունեությանն ու, ընդհանրապես, կյանքիս: Ակնկալում եմ Ձեր անմիջական աջակցությունը՝ սարսափելի զրպարտության զոհ չդառնալու համար: Դիմում եմ նաեւ մյուս հասցեատերերին՝ խնդրանքով ի պաշտոնե արդարացի լուծում տալ այս խնդրին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել