Լրահոս
Օրվա լրահոսը

Մայորի որդին վրաերթ է կատարել

Սեպտեմբեր 30,2010 00:00

Օրեր առաջ, ժամը 21-ի սահմաններում, Գյումրու կենտրոնական Սայաթ-Նովայի փողոցում «Մերսեդես Բենս S 420» մակնիշի 80 SL 050 պետհամարանիշով մեքենայի վարորդ Նարեկ Միշայի Աբրահամյանը վրաերթի էր ենթարկել գյումրեցի Ռաֆայել Կարապետի Առաքելյանին: Վերջինս արդյունքում մահացել էր: Վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի: Սակայն նույն օրը Ն. Աբրահամյանը կամովին ներկայացել էր Գյումրու ոստիկանության բաժին, որտեղ նրան ձերբակալել էին: Ն. Աբրահամյանը ոստիկանության մայոր Միշա Կորյունի Աբրահամյանի որդին է (հայրը աշխատում է ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի 2-րդ սպայական վաշտում՝ որպես վերլուծության գծով տեսուչ):
Հետաքրքիր է, որ այս փաստը չի կաշկանդել Շիրակի մարզի իրավապահներին. վերջիններս քրեական գործ են հարուցել իրենց գործընկերոջ որդու դեմ՝ ՀՀ քրօրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով եւ 244 հոդվածի հատկանիշներով (վրաերթի ենթարկելն ու դեպքի վայրում թողնելը) եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել են կալանքը:
Վերջին շրջանում Գյումրու կենտրոնական փողոցներում ավելացել է ճանապարհային պատահարների թիվը: Շիրակի մարզի դատախազության հաղորդած տվյալներով, օրերս քրեական գործ է հարուցվել նաեւ 36-ամյա Համլետ Հակոբյանի դեմ, ով եղբորը պատկանող ու լիազորագրով իրեն հանձնված BMW մակնիշի 10 ՍՍ 130 պետհամարանիշի մեքենայով Տերյան փողոցով Երեւանյան խճուղի ընթանալիս, «Պեգաս» խանութի դիմաց, վրաերթի է ենթարկել 78-ամյա Սիրանուշ Մարգարյանին՝ նրան մահ պատճառելով՝ ու դեպքի վայրից դարձյալ փախուստի դիմել: Սակայն ոստիկաններին հաջողվել է նրան նույն օրը ձերբակալել: Համլետ Հակոբյանի դեմ եւս հարուցված է քրեական գործ՝ դարձյալ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասով եւ 244 հոդվածով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել