Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն՝ ԱՅԺՄ ԷԼ ԸՆԴԴԵՄ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ

Սեպտեմբեր 30,2010 00:00

Սակայն ՀՅԴ-ն չի պահանջում Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հրաժարականը, այլ պահանջում է հեռացնել նրան: Երեկ Աշտարակում կայացած հանրահավաքում նշվեց, թե
իշխանափոխության գործընթացը պետք է սկսվի մարզերից:

\"\"

Երեկ Աշտարակի մշակույթի տանը հարող տարածքում կայացավ ՀՅԴ հանրահավաքը, չնայած Աշտարակի քաղաքապետարանը մերժել էր այդ վայրում հանրահավաք անցկացնելու իրազեկումը եւ առաջարկել հանդիպումն անցկացնել Աշտարակի մշակույթի տան դահլիճում, իսկ ՀՀ վարչական դատարանն ուժի մեջ էր թողել քաղաքապետարանի որոշումը: Հանրահավաքի մասնակիցներն այնքան էին, որ կտեղավորվեին մշակույթի տան դահլիճում:
Մեծաթիվ ոստիկանները չխոչընդոտեցին հանրահավաքի անցկացմանը: Թեեւ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն «Առավոտին» պատմեց. «Ես առնվազն մի քանի գյուղից՝ հատկապես Ոսկեվազից ու Սասունիկից տեղեկություններ ունեմ, որ մարզպետի մարդիկ եւ ընդհանրապես՝ պետական պաշտոնյաները տարածել են այն լուրը, թե իբր իշխանություններն արգելել են այս հանրահավաքը, եւ բոլոր մասնակիցները խստագույնս պատժվելու են»: Նաեւ մի տեղեկություն հայտնեց, որն ապացույց էր՝ եթե ՀԱԿ-ի հանրահավաքների օրերին արգելքներ են հարուցվում մարզերից Երեւան տեղաշարժի համար, այս դեպքում տեղի էր ունեցել հակառակը: «Մեքենաները կանգնեցնում էին,- ասաց պրն Հովհաննիսյանը:- Այդ թվում՝ նաեւ իմ մեքենան են փորձել կանգնեցնել, Հրանտ Մարգարյանի մեքենան եւ այլն»:
Թե ինչու էին Աշտարակի եւ Արագածոտնի տեղական իշխանությունները փորձել այսպես խոչընդոտել այս հանրահավաքի անցկացմանը՝ պարզ դարձավ առաջին իսկ հռետորի ելույթից: Հանրահավաքը վարողը ՀՅԴ Արագածոտնի «Արմեն Գարո» մարզային կոմիտեի ներկայացուցիչ Կարեն Շահազիզյանը, որը 12 տարի շարունակ ղեկավարել է մարզպետարանի սոցիալական բաժինը եւ 1 ամիս առաջ աշխատանքից հեռացվելուց հետո դիմել է դատարան՝ ելույթում թվարկեց մարզում առկա հրատապ խնդիրները՝ սոցիալական, փախստականների բնակարանային հարցեր եւ հավելեց. «10 տարի ՀՅԴ-ն ղեկավարում էր մարզպետարանը: Մենք բաց ճակատով ենք նայում յուրաքանչյուրին: Մենք ամաչելու ոչինչ չունենք: Բայց այսօր անօրինական ճանապարհով ազատվում են մարդիկ, որոնք ունեին ե՛ւ վաստակ, ե՛ւ շնորհք, ե՛ւ կարող էին աշխատել իրենց հայրենիքի համար»:
Հաջորդ հռետորներն առավել մանրամասն անդրադարձան այս խնդրին: «Փոխանակ օգտագործենք մարզի ներուժը, ամբողջ կարողությունը՝ սերմեր ենք ցանում պառակտման,- հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:- Բնականաբար, մա՛րզն էլ չի զարգանա այդ պայմաններում, երկի՛րն էլ չի զարգանա»: Պատասխանելով այն հավանական առարկությանը, թե Արագածոտնի մարզը երկար տարիներ ղեկավարել է ՀՅԴ-ն ու «պետք է կաշկանդվեր այդ հանգամանքից»՝ պրն Ռուստամյանն ասաց. «Եկել ենք այստեղ ասելու, որ Դաշնակցությունն իշխանության մեջ լինելով՝ որեւէ կաշկանդվածություն չունի այս բոլոր խնդիրների մասին բարձրաձայն ասելու, որովհետեւ մենք այդ մասին ասել ենք նաեւ, երբ եղել ենք իշխանության մեջ»:
Ելույթ ունեցավ նաեւ Թալինի հիվանդանոցի նախկին գլխավոր բժիշկ Գրիգոր Պետրոսյանը, որն ինչպես հայտնեց՝ նախկինում 8 տարի շարունակ եղել է ՀՀԿ անդամ: Նա էլ իր դժգոհությունը հայտնեց մարզպետի կադրային քաղաքականությունից եւ մասնավորապես՝ դաշնակցականների հանդեպ դրսեւորվող «քինախնդիր» վերաբերմունքից:
Վահան Հովհաննիսյանը խոսեց այն մասին, թե Արագածոտնի գյուղացիները չեն կարողանում սերմ ու նորմալ պարարտանյութ ձեռք բերել, վարկ ստանալ, մթերումների հարց լուծել, իրացնել բերքը եւ այլն. «Մարզպետը մի բան արե՞ց, որ ձեզ օգնի: Ո՛չ: Համապատասխան նախարարությունը մի բան արե՞ց, որ ձեզ օգնի: Ո՛չ»:
Նման մի քանի ելույթներից հետո «Առավոտը» ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանից հետաքրքրվեց, թե հանրահավաքի պատճառը ՀՅԴ-ականների պաշտոնանկությո՞ւնն է. «Ո՛չ, ո՛չ: Այս մարզում ենք՝ դրա համար այդ մասին ենք խոսում: Մեր կադրերի հարց չունենք՝ մեր կադրերը պատրաստ են չաշխատել: Բայց հարցն այն է, որ նաեւ զոհ են գնացել «անմեղ», ոչ մի կուսակցական պատկանելություն չունեցող որակյալ կադրեր»: Հաստատեց, թե նրանք ՀՅԴ-ական նախկին մարզպետի նշանակած կադրերն էին:
Վահան Հովհաննիսյանը ելույթում հայտարարեց. «Մենք անգամ հարց չենք դնում՝ կփոխի՞ իր քաղաքականությունը, թե՞ ոչ: Բայց մեզ համար նպատակն արդեն պարզ է՝ մարդ, որը մի անգամ զբաղեցնելով ՀՀ-ում ամենաբարձր պաշտոններից մեկը՝ մարզպետի պաշտոնը, իր քաղաքացիների նկատմամբ չի կարողացել օրենքը պաշտպանել, վարվել է անօրինական կերպով՝ նա այլեւս այդ պաշտոնում աշխատել չի կարող: Եվ դա վերաբերում է բոլորի՛ն՝ ԺԷԿ-ի պետից մինչեւ նախարար, ԱԺ նախագահ եւ ՀՀ նախագահ»:
Հանրահավաքում անդրադարձ եղավ ոչ միայն զուտ մարզային խնդիրներին: Ասենք՝ Արմեն Ռուստամյանը հիշեցրեց, որ ՀՅԴ-ն քաղաքական հիմնական խնդիր է ձեւակերպել նոր իշխանությունների ձեւավորումը, եւ հավելեց. «Իշխանափոխության հասունացման, նոր իշխանությունների ձեւավորման գործընթացը պետք է սկսենք մեր մարզերից»: Խոստացավ, թե մարզ առ մարզ այցելելու են եւ անդրադառնալու առկա խնդիրներին. «Եվ այդ մարզերի հետ կապված խնդիրների լուծումով պայմանավորված՝ մենք պետք է նաեւ խնդիրները դնենք եւ տանենք առաջ՝ այնպես, որ երկիրը կարողանա դուրս գալ գահավիժման, վայրէջքի ճանապարհից: Մենք պետք է անպայման բեկում մտցնենք այս գործընթացի մեջ: Այս իշխանություններն՝ իրենց ծրագրերով, իրենց պահվածքով, դա ընդունակ չեն կատարել: Մենք արդեն ինքներս ենք համոզվել, դուք էլ եք դրանում համոզված»: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթն առավել սուր շեշտադրումներ ուներ այս առումով. «Մեր այս իշխանություններն օր առաջ պետք է հեռացվեն՝ վերից վար, տեղը թողնելով իսկապես ազգային ուժին… Քանի դեռ իշխանությունը չի գիտակցել, որ նահանջողական, պարտվողական կեցվածքով հնարավոր չէ հաստատել երկրում արդարություն, քանի հանդուրժում է ապիկար պաշտոնատար անձի՝ այդ իշխանությունն ուրեմն այս երկրում անելու ոչինչ չունի»:
Հանրահավաքը մի պահ անգամ նախընտրական բնույթ ստացավ, երբ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը հայտարարեց. «Մեր ժողովուրդը պետք է շատ քաջ գիտակցի՝ ո՛ւմ կողքը պետք է կանգնի, որ կարողանա իր այս վիճակը փոխել: Այս վիճակը պետք է փոխվի այն քաղաքական ուժի ձայնը տալով՝ իր հետ լինելով, իրեն օժանդակելով, որի ծրագրերն իրական են»:
Հանրահավաքն ավարտվեց ՀԱԿ-ի կարգախոսի՝ փոքր-ինչ վերափոխված տարբերակով, որը հնչեցրեց Կարեն Շահազիզյանը. «Պայքա՛ր, պայքա՛ր մինչեւ իրավական նորմալ երկիր ստեղծելը»:

Հ. Գ. Ի դեպ, հանրահավաքի մասնակիցներին ինչ-որ մարդիկ բաժանել էին տեղեկանք՝ Արագածոտնի մարզում 2009-2010 թվականներին կատարված եւ կատարվելիք աշխատանքների մասին, որը ստորագրել էին ՀՅԴ 5 անդամներ, որոնք դեռ աշխատում են մարզպետարանում՝ քաղաքաշինության վարչության պետը, գյուղատնտեսական եւ բնապահպանական վարչության պետը, քարտուղարության պետը եւ 2 գլխավոր մասնագետներ: Արծվիկ Մինասյանը ելույթում հայտնեց. «Մեթոդը, որը կիրառվել է այս տեղեկանքը կազմելիս եւ տարածելիս՝ հիշեցնում է 1937-38 թվականները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել