Խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահը չի բացառում, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին իրենք եւ Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ընդդիմադիր դաշինքը մասնակցեն միասնական ցուցակով: «Կարծում եմ, առանձին վերցրած ՀԱԿ-ին սատարելու խնդիր այլեւս երբեք չի լինի: Ես բացառում եմ, որ «Ժառանգությունը» չմասնակցի ընտրություններին եւ սատարի ՀԱԿ-ին»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը՝ շարունակելով՝ «Երեւան քաղաքի ավագանու ընտրությունները բավականին լավ դաս եղան «Ժառանգության» համար, բայց չեմ բացառում ՀԱԿ-ի հետ համատեղ ճակատի, միացյալ ցուցակի խնդիրը»: ՀԱԿ-ի առաջնորդի խոսնակ Արման Մուսինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե առայժմ զերծ կմնան մեկնաբանություններից՝ մինչեւ չունենան «Ժառանգության» պաշտոնական դիրքորոշումը հարցի վերաբերյալ: Արմեն Մարտիրոսյանը, միաժամանակ, բացառում է, որ «Ժառանգությունը» նախագահական ընտրություններում պաշտպանի Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Նրա փաստարկմամբ՝ «նույն գետը երկու անգամ չեն մտնում», բացի այդ՝ «Ժառանգությունն» ունի նախագահի իր թեկնածուն՝ կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:
Անդրադառնալով կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստանի» փոխհարաբերություններին եւ վերջինիս առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ընդդիմադիր դաշտ մտնելու հնարավորությանը՝ Մարտիրոսյանը հայտարարեց, թե դա «ռեալ չի համարում»:
Հիմնականում տնտեսական գործունեությամբ զբաղվող Գագիկ Ծառուկյանը, նրա պատկերացմամբ, հազիվ թե հայտնվի ընդդիմադիր դաշտում, որովհետեւ «բոլորը տեսել են, թե ընդդիմադիր օլիգարխի հետ ինչ կարող է տեղի ունենալ. վառ օրինակը գործարար Խաչատուր Սուքիասյանի հետ կատարվածն է»: