Բայց որո՞նք են ճանապարհները
«Ընդհանրապես, դրանք բավականին լավ եւ առողջ գաղափարներ են, բայց միայն անալոգիաների ճանապարհով գնալ չի կարելի: Եթե կա նման մտածողություն, պետք է առաջարկվի նաեւ մեթոդոլոգիան: Գոնե որպես գաղափարախոսություն այն պետք է ձեւավորվի եւ դառնա հանրային քննարկման խնդիր»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց նախկինում ԼՂՀ նախագահի խորհրդական, ՌԱԱՀ կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով մեր թերթի 25.09.2010 համարում տպագրված՝ ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանի առաջարկներին: Հիշեցնենք, որ պարոն Ղազինյանը, մասնավորաբար, առաջարկում էր Հարավային Կովկասում «ներդնել» Եվրամիության, այսպես ասած, մինի-մոդելը: «Մենք պիտի չմտածենք, թե ինչպես «ստատուս-քվո»-ն պահպանենք եւ իշխենք այդ հողերի վրա, այլ աշխատենք ստեղծել այնպիսի մթնոլորտ եւ իրավիճակ, որ 15 տարի հետո Հարավային Կովկասում ներքին սահմանների բացակայության պայմաններում այլեւս այսչափ հետաքրքիր ու օրհասական չլինի, թե ո՞ւմ տարածքի մեջ պիտի լինի ԼՂՀ-ն»,- ասել էր Արթուր Ղազինյանը: Նա նաեւ առաջարկում էր, որպեսզի Հարավային Կովկասը հանդես գա սեփական անվտանգության համակարգով: Նմանատիպ ձգտումները Մանվել Սարգսյանը ոչ միայն ողջունում է, այլ նույնիսկ մեծ կարեւորություն է տալիս, բայց նաեւ հարցնում է. «Իսկ տարածաշրջանի ժողովուրդները, պետությունները ունե՞ն ցանկություն, թե՞ ոչ տարածաշրջանը նման ձեւով կազմակերպելու»: Պարոն Սարգսյանն ամբողջ խնդիրը հենց դա է համարում, որ տարածաշրջանում նման ցանկություն եւ նման հավատ չկա: Դրա վառ ապացույցներից մեկն էլ նա համարում է Իլհամ Ալիեւի՝ Ուզբեկստանում երեկ արած հայտարարություններն ու ելույթները, որոնք վերաբերում են այն թեմային, որ հայերը տասնամյակներ առաջ իբր ադրբեջանական հողերում են ինքնորոշվել եւ իբր ադրբեջանական պատմական տարածքներում նորից փորձում են պետություն ստեղծել, եւ որ Ադրբեջանը դա թույլ չի տա: Այս ամենից ՌԱԱՀ փորձագետը մի եզրակացության է հանգել. «Այն չափանիշներով, որոնցով ապրում են այս տարածաշրջանում ժողովուրդները եւ իշխանությունները, չեն կարող ընդհանրապես թույլ տալ՝ մտածել, որ կարելի է այս տարածաշրջանում այլ, եվրոպական մոդելներ առաջարկել: Կողմերի հարաբերությունների, ազգային պետությունների մասին պատկերացումներ այստեղ չկան: Եթե հարեւանդ ցանկություն չունի քո իրավունքներն ընդունելու, քեզ հետ հավասար պայմաններում ապրելու, ցանկություն ունի միայն իր առաջարկած պայմաններով ապրելու՝ ինչպե՞ս եք պատկերացնում բարիդրացիական հարաբերությունների ստեղծումը»: Փորձագետը փաստում է, որ այս հարցի պատասխանն ինքն առ այսօր չի ստացել: Լավագույն դեպքում ասում են՝ «պետք է ստիպենք, որ մեզ հետ հաշվի նստեն»: Իսկ թե ինչպես դա պետք է անել՝ Մանվել Սարգսյանն ասում է, որ դա մի հարց է, որի պատասխանը Հայաստանում չկա: Մեր զրուցակիցը կենտրոնանում է Հայաստանի վրա, քանի որ տարածաշրջանում այսօր հիմնական պահանջները Հայաստանից են: «Ինչպե՞ս կարելի է Թուրքիային ստիպել, որ մեզ հետ հաշվի նստի: Նրա ցանկությունները կատարելո՞վ: Դա մի քիչ իրատեսական չէ: Հասարակության եւ քաղաքական ուժերի մի մասը կրկնում է, որ պետք է ինչ-որ զիջումների գնալ, հարգել արվող առաջարկները եւ դրանց միջոցով կարգավորել հարաբերությունները, բայց կյանքը ցույց է տալիս, որ դա ճանապարհ չէ: Իսկ թե որն է մյուս ճանապարհը՝ նույնպես պատասխան չկա: Ուստի, երբ հնչում են նման առաջարկներ, շատ կարեւոր է ցույց տալ ճանապարհները, մեթոդոլոգիան, թե ինչպես են ժողովուրդները գալու հավասար հարաբերությունների, ինչպես են ժողովուրդները գալիս իրար իրավունքները ճանաչելու սկզբունքին: Չէ՞ որ Եվրոպան դրանից է սկսել: Այս տարածաշրջանում, ցավոք, այդ անալոգը գոյություն չի ունեցել եւ հիմա էլ գոյություն չունի»,- ասում է Մանվել Սարգսյանը: