Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՏԱՀՈԳԻՉ ԲԱՆ ԱՌԱՅԺՄ ՉԿԱ՞

Սեպտեմբեր 30,2010 00:00

\"\"Երեկ քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին են այցելել ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները:

«Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ահազանգեր է ստացել, թե ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պահվող «ՀԺ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դեմ իշխանությունները ՔԿՀ-ում իրենց պատիժը կրող կրիմինալի միջոցով փորձում են ճնշումներ բանեցնել, եւ հնարավոր է, որ նրա կյանքին վտանգ է սպառնում: Ահազանգերը, ՀՀ Օմբուդսմենի փոխանցմամբ, ստացվել էին Հայ ազգային կոնգրեսի երկու ներկայացուցիչների կողմից: ՄԻ պաշտպանի հանձնարարականով գրասենյակի արագ արձագանքման խմբի երեք ներկայացուցիչներ անմիջապես մեկնել էին Կոշ եւ հանդիպել Փաշինյանի հետ: Այդ առնչությամբ ՄԻ պաշտպանի գրասենյակի երեկ տարածած հայտարարությունից պետք է ենթադրել, որ Փաշինյանին սպառնացող վտանգի մասին տեղեկություններն այնքան մտահոգիչ են եղել, որ դրա մասին ահազանգել են ոչ միայն նրա զինակիցները: Ըստ տարածված հայտարարության, ՄԻ պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման հարցերով պատասխանատուին է զանգահարել նաեւ «Չորրորդ իշխանության» լրագրող Գոհար Վեզիրյանը եւ հայտնել, որ իրենց ունեցած տեղեկություններով, ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալ Նիկոլ Փաշինյանի կյանքին վտանգ է սպառնում, ու խնդրել է Պաշտպանի անհապաղ միջամտությունը: Պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի երեք ներկայացուցիչները Փաշինյանի հետ հանդիպել եւ զրուցել են ժամը 02:20-03.10, նաեւ Փաշինյանին առաջարկել են զրուցել մեկուսի, սակայն վերջինս պնդել է, որ հանդիպումն անցկացվի հիմնարկի ղեկավարի ներկայությամբ:
Հանդիպման ընթացքում Փաշինյանը հայտարարել է, որ իր նկատմամբ ֆիզիկական բռնություն չի գործադրվել, ինչպես նաեւ որեւէ մեկի կողմից իր կյանքին վտանգ սպառնացող գործողություն կամ հայտարարություն չի կատարվել, սակայն չի բացառել, որ դա տեսականորեն հնարավոր է: Նիկոլ Փաշինյանը հայտնել է նաեւ, որ ինքը չի խնդրել որեւէ մեկին, որպեսզի զանգահարեն Մարդու իրավունքների պաշտպանին եւ նման հայտարարություն անեն: «Զրույցի ընթացքում Փաշինյանի կողմից բարձրացվել են մի շարք խնդիրներ՝ կապված քրեակատարողական հիմնարկի պահման պայմանների եւ վարչակազմի ապօրինի գործողությունների վերաբերյալ: Վերջինիս առաջարկվել է ասվածը հիմնավորող տեղեկություններով գրավոր դիմել Պաշտպանին: Փաշինյանը չբացառելով ներկայացված առաջարկը՝ հայտնել է, որ դրանց մասին առավել մանրամասն կանդրադառնա ԶԼՄ-ներում հրապարակվելիք իր հետագա հոդվածներում»,- ասված է ՄԻ պաշտպանի հաղորդագրության մեջ, որտեղ նաեւ հավելում կա, թե հանդիպման վերջում «Կոշ» ՔԿՀ ղեկավար Լ. Բաղդասարյանը հայտարարել է, որ ինքը պատասխանատու է ցանկացած դատապարտյալի, այդ թվում՝ նաեւ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համար:
Ն. Փաշինյանի շուրջ ծավալվող իրադարձություններին երեկ արձագանքել է նաեւ «Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն»: Իր տարածած հայտարարության մեջ՝ հղում կատարելով մամուլում եղած հրապարակումներին, Կոմիտեն հատկանշական է համարել այն, որ «քաղբանտարկյալին լռեցնելու իրենց նպատակին հասնելու համար ՀՀ իշխանությունները փորձում են օգտագործել քրեական աշխարհը, գործելաոճ, որ լայնորեն կիրառվում էր խորհրդային կալանավայրերում»: Կոմիտեն միաժամանակ կոչ է արել Հայաստանում «գործող հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներին, իրավապաշտպաններին, լրագրողներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, բոլոր շահագրգիռ մարդկանց, ՀՀ քաղաքացիներին, անկախ իրենց քաղաքական հայացքներից ու կողմնորոշումներից, իրենց ձայնը բարձրացնել ի պաշտպանություն ՀՀ կալանավայրերում պահվող բոլոր քաղաքական բանտարկյալների եւ այս կոնկրետ դեպքում՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի»՝ հավելելով, թե «միայն մեր համատեղ բողոքի ու պայքարի արդյունքում է հնարավոր չեզոքացնել այն վտանգը, որ կախված է Նիկոլ Փաշինյանի գլխին»:
Երեկ «Առավոտը» դիմեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նորընտիր նախագահ, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցին՝ փորձելով ճշտել, թե նա պատրաստվո՞ւմ է արդյոք մեկնել «Կոշ» ՔԿՀ՝ Փաշինյանի շուրջ ծավալվող զարգացումներին տեղում ծանոթանալու համար: Ա. Սաքունցն ասաց, թե ինքն արդեն եղել է Կոշում եւ հանդիպել է Փաշինյանի հետ ու առայժմ մտահոգիչ բան չի տեսել: Մանրամասնելով իր այցը՝ իրավապաշտպանն ասաց, թե դիտորդական խմբի երկու անդամներով՝ ինքն ու Էդմոն Մարությանը, Կոշ են մեկնել իրենց նախաձեռնությամբ՝ «ՀԺ»-ում եղած հրապարակումից հետո: Ա. Սաքունցի ասելով, ՔԿՀ-ում իրենց ընդունել են, բնականաբար, առանց որեւէ խոչընդոտ հարուցելու: Անդրադառնալով Փաշինյանի դեմ բռնաճնշումների, կյանքին սպառնացող վտանգների վերաբերյալ մտահոգություններին՝ իրավապաշտպանն «Առավոտին» փոխանցեց. «Այդպիսի պրոբլեմ ես չեմ տեսել: Իհարկե, Նիկոլի կողմից կար որոշակի մտահոգություն, ավելի ճիշտ՝ որոշակի հարցադրումներ՝ ներքին հարաբերությունների հետ կապված, բայց լուրջ մտահոգությունների կամ անհանգստության առիթ ես այս պահին չեմ տեսել: «Կոշ» ՔԿՀ-ի ղեկավարության հետ խոսեցինք նաեւ հնարավոր դեպքերի, եթե ընթացքում լինեն, կանխարգելման շուրջ, եւ դա նրանց կողմից նորմալ էլ ընկալվեց: ՔԿՀ ղեկավարությունն իր պատասխանատվությունը Փաշինյանի նկատմամբ լիովին զգում է»:
Մեր այն հարցին, թե ՔԿՀ ղեկավարությունն ինչպե՞ս է փորձել բացատրել ստացված ահազանգը, ՔԿՀ-ներում հասարակական դիտորդների խմբի նորընտիր ղեկավարն այսպես պատասխանեց. «Իրենց համար էլ դա մի քիչ անսպասելի էր: Բայց բոլոր դեպքերում «Կոշ» ՔԿՀ ղեկավարությունն ամբողջությամբ պատասխանատվություն կրում է ոչ միայն Ն. Փաշինյանի, այլեւ ցանկացած դատապարտյալի համար, եւ հասկանում է այդ պատասխանատվության չափը ու նաեւ հայտնեց դրա մասին»:
Խոսելով Ն. Փաշինյանի շուրջ տեղի ունեցող զարգացումների պատճառների մասին՝ իրավապաշտպանը նկատեց, թե ՔԿՀ ներսում եղած պատճառների մասին միայն կարելի է ենթադրել: «Նիկոլը սովորական դատապարտյալ չէ: Նա, ի վերջո, քաղբանտարկյալ է ու նաեւ հոդվածներ է գրում, խնդիրներ է բարձրացնում, որոնք, բնականաբար, այլ դատապարտյալների մոտ կարող է դժգոհություն առաջացնեն՝ այն իմաստով, որ հիմնարկի նկատմամբ ուշադրությունը մեծանում է, ու դա էլ կարող է որոշակի անհանգստություն առաջացնել: Բայց այս պահին ես դեռ լուրջ մտահոգության առիթ չեմ տեսնում»,- ասաց իրավապաշտպանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել