ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը վստահեցնում է, որ իրենք ամենաշահագրգիռն են լեզվի պահպանման հարցերում:
– «Լեզվի մասին» օրենքի նախագծի շուրջ լսումները փաստորեն բավականին «ուրախ» մթնոլորտում անցան, քանի որ քննարկվեց մի բան, որը չկար, եւ ինչքան հասկանում եմ՝ չի էլ լինելու: Նշանակո՞ւմ է սա, որ կառավարությունը, կոալիցիան ընդառաջեցին հասարակությանը, լսեցին ընդդեմ այդ օրինագծի բողոքները եւ որոշեցին «Լեզվի մասին» օրենքը թողնել նույնությամբ եւ փոփոխություններ կատարել միայն «Հանրակրթության մասին» օրենքում:
– Նախ, լեզվի խնդիրները այնպիսին են, եւ սա այն քաղաքական դրվագը չէ, որ ընդառաջենք հասարակությանը կամ չընդառաջենք: Հողերը կորցրած մեր հայրենիքում լեզուն նաեւ հող է, դրա համար լեզվի հետ չի կարելի խաղալ: Խնդիրը ոչ թե վերաբերում էր «Լեզվի մասին» օրենքը փոփոխելուն, այլ խնդիրը վերաբերում էր այլընտրանքային դպրոցներ ստեղծելու պրոցեսներ սկսելուն: Գուցե արձանագրումները սխալ էին կամ ճիշտ չէին, դրա ամբողջ պատասխանատվությունը մենք ենք կրում, որովհետեւ երբ ասում են՝ կառավարությունը ներկայացրեց, դա մեծ թիմի մի հանգույցն է: Եվ որեւէ մեկին թող չթվա, որ մանավանդ՝ միտինգների եղանակով, կաղ հանգերով, ոչ հայերենով, կուրծք ծեծելով, հայրենապաշտական զգացումներ տոգորելով եւ ոչ մեկին չլսելով կկարողանա գործ անել: Լեզուն հայրենիք է, լեզուն պետություն է մեզ համար, լեզուն ազգ է, եւ որեւէ մեկը չի ցանկացել լեզուն վիրավորել: Բայց, միեւնույն ժամանակ, կա խնդիր: Մեր տասնյակ-հազարավոր երեխաներ սովորում են արտասահմանում, դա մարդու իրավունքն է, ոչ մեկը չի կարող արգելել: Անհրաժեշտ է կարգավորել նաեւ այդ խնդիրը: Նախնական տարբերակում փորձ էր արվում «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարել, բավականին բանախոսությամբ եմ հանդես եկել եւ փորձել եմ ոչ թե աղաղակներին դիմագրավել, այլ պարզապես այնպիսի առաջարկություններ արձանագրել, որով հնարավոր կլինի բացահայտել այն գաղափարը, որն արդեն այսօր մենք դրել ենք հիմքում: «Լեզվի մասին» օրենքի փոփոխությունների հարցը չենք քննարկում, իրավաբանական մոտեցումները կարող են հետագայում ձեւավորվել, ընդամենը մենք փորձել ենք «Հանրակրթության մասին» օրենքում բացատրել՝ ինչ է այլընտրանքային հեղինակային ծրագիրը, ինչ է հեղինակային այլընտրանքային ծրագիրը, ինչ է միջազգային հանրակրթական ծրագիրը, փորձարարական ծրագիրը եւ այլն: Խոսքը ոչ թե օտարալեզու դպրոցների մասին է, այլ ազգային դպրոցի եւ, բացի դրանից, ավելի խորացված լեզվի ուսուցման: Առաջին տարբերակում ձեւակերպումը հետեւյալն էր՝ 11 դպրոց, որից երկուսը՝ մասնավոր, մնացած 9-ը՝ ոչ պետական բյուջեի ֆինանսավորմամբ դպրոցներն են, դրանք ավագ դպրոցներն են, իսկ մեզ մոտ հանրակրթության հիմնական մասը ավարտվում է 9-րդ դասարանով: Լսումների ժամանակ ԱԺ նախագահը ներկայացրեց մեր տեսակետը, իսկ դա եւ մերն էր, եւ կոալիցիոն ուժերի, եւ այն բոլոր շահագրգիռ, լուրջ մարդկանց տեսակետն էր, ում հետ մենք արդյունավետ աշխատել ենք: Ի դեպ, տեսաք, որ լսումներին մենք հրավիրել էինք նաեւ կոշտ, իբրեւ թե մեծ հայրենապաշտություն ունեցող ընդդիմախոսների: ԱԺ նախագահի ելույթը իրենց համար սառը ցնցուղ էր: Մարդիկ, գրառումներով պատրաստված, եկել էին, որ պատերազմ հայտարարեն, բայց զգացին, որ պատերազմի դաշտ չէ սա, եւ խնդիրն արդեն լուծված է: Բայց որովհետեւ գործընթաց էին սկսել եւ մտածում էին, որ դրանով կկարողանան արժեքավորել իրենց՝ որպես հասարակության ներկայացուցիչ, եւ հասարակությանը տեսանելի կդառնան, շարունակեցին:
Նրանք, ովքեր սիրում են հայոց լեզուն, պիտի կարողանան սիրել նաեւ պետական տարբեր մարմինների գործունեությունը, ոչ թե նրանց աշխատողներին: Ազգային ժողով չի կարելի գալ, ստահակի պես ծափ տալ եւ միտինգի վերածել, որովհետեւ Ազգային ժողով հասկացողությունը ոչ թե Գալուստ Սահակյանն է եւ պատգամավորները, այլ Ազգային ժողովը մեր պետության խորհրդանիշների մաս կազմող հաստատություն է:
– Իսկ ինչո՞ւ եք ձեր ընդդիմախոսների մասին այդպես արտահայտվում, ինչո՞ւ եք ասում, որ նրանք իբրեւ թե հայրենասեր են, այդ մարդկանց մեջ իսկապես շատ կան մարդիկ, որոնք սիրում են իրենց երկիրը, լեզուն, հայրենիքը, շահագրգիռ են լեզվի պահպանման հարցերում, եւ, համաձայնեք, մի տեսակ անհասկանալի է, երբ լսումներ են կազմակերպվում «Լեզվի մասին» օրինագծի քննարկման համար, եւ տեղում պարզվում է, որ «խնդիրը արդեն լուծված է»:
– Օրենքի նախագիծը կար, եւ շատ լուրջ լեզվաբանների, գրականագետների հետ ենք հանդիպել, եւ մեր ձեւակերպումները գուցե գալիս են նաեւ նրանց առաջարկներից: Եթե մարդիկ գալիս են աղմկելու եւ ոչ թե առաջարկելու, դա նշանակում է՝ ինչ-որ տեղ փողոցի կուլիսներում խոսակցություններ: Իսկ սա այդ օրենքը չէ, սա բաշխիչ ցանցերը չէ, սա կոնյակի գործարանի մասնավորեցումը չէ, սա կարեւորագույն, ազգի ինքնությունը հաստատող, ապահովող երեւույթ է, գոնե այս դեպքում մեկը մյուսին պիտի լսի: