Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱԹԵՎԻ ՆՈՐ ԹԵՎԵՐԸ…

Սեպտեմբեր 29,2010 00:00

\"\"Սյունիքում, հատկապես Գորիսի շրջանում, բոլոր լուրջ ու կատակով խոսակցությունները պտտվում են հոկտեմբերի 16-ի շուրջ. Հալիձորից Տաթեւ ձգվող շուրջ 15 կմ ճանապարհը այդ օրվանից երեք անգամ կրճատվելու է: Ամեն մանուկ ու տարեց գիտե՝ աշխարհի ամենաերկար ճոպանուղին իրենք են ունենալու, գիտե նաեւ «Տաթեւի վերածնունդ» ծրագրի մանրամասները, ավելին՝ մտքում ունի իր բնօրրանի զարգացման սեփական սցենարը: Մինչեւ ծրագրի պաշտոնական մեկնարկը, Տաթեւի եւ մերձակա մյուս համայնքների բնակիչներն արդեն պատրաստվում են մեծ հյուրընկալության. դրսից եկած հյուրերին «լուրջ» ասելիք ունեն եւ այդ հարցում նրանց մեծապես աջակցում են Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի աշխատակիցները:

Տուրիզմի հարավային առանցքը՝ տեսլականից իրականություն

Այս տարածաշրջանի զբոսաշրջային մեծ ներուժն օգտագործելու Ազգային մրցունակության հիմնադրամի գաղափարն ի սկզբանե համադրելի էր Մայր աթոռ Սբ. Էջմիածնի՝ Տաթեւի վանքին նոր շունչ հաղորդելու նպատակին: Նպատակ էր դրված ոչ միայն վերականգնել ու «վերաիմաստավորել» միջնադարյան վանական եւ կրթական ավանդույթներ կրող համալիրը, այլեւ նրան նոր հնարավորություն տալ դասընթացների, գիտաժողովների եւ սեմինարների իրականացման կենտրոն դառնալու համար:

Ինչպես նշում է հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը, առաջին հերթին անհրաժեշտ էր լուծել վայրի հասանելիության խնդիրը: 2009-ին մշակվեց զբոսաշրջության, այսպես կոչված, հարավային առանցքի տեխնոլոգիան, ըստ որի՝ խմբավորելով զբոսաշրջային առկա ռեսուրսները, զուգահեռ խթանվում էր տեսարժան վայրերի եւ ենթակառուցվածքների համալիր զարգացումը: Ծրագիրն ընդհանուր առմամբ գնահատվել է 20 մլն դոլար, որին գումարվել է Հայաստանի կառավարության կողմից ճանապարհների վերանորոգման համար նախատեսած 10 մլն դոլարը: Այդպես Տաթեւն ընտրվեց հարավային առանցքի հիմնաքար եւ հստակեցվեց գործողությունների հաջորդական փուլերը՝ վերանորոգել ճանապարհները, վերակառուցել վանական համալիրը, աշխուժացնել տարածաշրջանը՝ գյուղական համայնքներին համաչափ զարգանալու հնարավորություն տալով: Նախատեսված է, որ զբոսաշրջային մի քանի գործիքներով, ինչպիսիք են գիշերակացն ու նախաճաշը, հնարավոր կլինի սերտացնել զբոսաշրջիկների եւ գյուղաբնակների շփումը:

«Եթե հիմա Տաթեւն իբրեւ զբոսաշրջային ուղղություն գերում է զբոսաշրջիկին մի քանի ժամով միայն, այսուհետ նա կարող է վայելել նաեւ գյուղի կոլորիտը, bed and breakfast տարբերակով զբոսաշրջիկը կարող է հյուրընկալվել հալիձորցիների, շինուհայրցիների բնակարաններում, ճաշակել սյունյաց աշխարհի կերակուրները. այստեղ եկած տուրիստին ավելի հետաքրքիր է հենց գյուղական հարմարավետությունը»,- ասում է Բեկոր Փափազյանը: Տաթեւ գյուղում, օրինակ, արդեն 8 տուն են առանձնացրել այդ նպատակով, առանց եվրովերանորոգման, հարմարավետության նվազագույն պայմաններով. զբոսաշրջիկին շատ բան անհրաժեշտ չէ Տաթեւում մեկ կամ երկու գիշեր անցկացնելու համար:

Մրցունակության հիմնադրամում մտածել են, որ հետագայում ճոպանուղու եւ հյուրանոցի շահագործումից ստացած եկամուտները կվերահսկվեն շահույթ \"\"չհետապնդող հիմնադրամի կողմից, որն այդ գումարները կուղղի դարձյալ այդ շրջանների զարգացմանը: Հաշվարկել են նաեւ հարավային ուղղության գրավիչ երթուղիները՝ Նորավանք, Ջերմուկ, Մոզրովի քարանձավ, Քարահունջ, Խնձորեսկ. ամեն ինչ արվելու է զբոսաշրջային այս փաթեթը հավուր պատշաճի ներկայացնելու համար: Հազարամյակների պատմություն՝ համեմված առաջին տրեխի կամ հնագույն աստղադիտարանի մանրամասներով, եւ զբոսաշրջիկը հեշտությամբ կփոխի մինչ այժմ չորս ժամ տեւող ուղեւորությունը չորսօրյա հետաքրքիր եւ բազմազան ճանապարհորդությամբ:

Ի դեպ, «Տաթեւի վերածնունդ» եռամյա ծրագիրը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ամենակարեւոր նախաձեռնությունն է: Հիմնադրամը ոչ կառավարական կազմակերպություն է՝ հիմնված պետական-մասնավոր համագործակցության սկզբունքով. այն նպատակ ունի Հայաստանը մրցունակ դարձնել տնտեսության առանցքային ոլորտների բեկումային զարգացման միջոցով: Մրցունակության հիմնադրամի խորհրդի նախագահը ՀՀ վարչապետն է:

Փոքրիկ հեղափոխություններ՝ համայնքների կյանքում

Շինուհայրը Սյունիքի ամենախոշոր գյուղն է՝ ավելի քան 550 տնտեսություն ունի: Դեռ խորհրդային տարիներին այստեղ ռետինե կոշիկների ֆաբրիկա էր գործում՝ շուրջ 800 աշխատատեղով: Ներկայիս հողագործական եւ անասնապահական հիմնական գործերին գյուղաբնակի համար գումարվել են այս կողմերի համար թարմ շունչ բերած ճանապարհաշինությունը, գյուղի երիտասարդների ուժերով՝ մինչեւ հոկտեմբեր ամսվա կեսն ավարտին կհասցվի դեպի Հալիձոր գնացող ճանապարհահատվածը:

Հայաստանից դուրս բնակվող շինուհայրցիները լսել են աղմկոտ անցուդարձի մասին: Գյուղապետ Սմբատը պատմում է, թե շատ հաճախ համագյուղացիներից զանգեր է ստանում՝ «ճշտում են»՝ իսկապե՞ս նման եռուզեռ է գյուղում: Համայնքի ղեկավար Երեմյանն էլ իրեն ուղղված հարցերին պատասխանում է սիրով, ուզում է, որ իր համագյուղացիներն ապրեն ու արարեն միայն Շինուհայրում:

Համայնքի ղեկավարը հույս ունի նաեւ, որ «Տաթեւի վերածնունդ» անունը ստացած այս ծրագրի շրջանակում իրենց գյուղի ոռոգման եւ խմելու ջրի հարցն էլ կլուծվի: Շինուհայրի այսօրն արդեն փոխվել է, իսկ վաղը… Գյուղապետը համոզված է, որ ճոպանուղու բացումից հետո գյուղի համար լուսավոր օրեր են գալու. չէ՞ որ նախատեսված է, որ դեռ հյուրանոց պետք է կառուցվի, գյուղացիներն էլ իրենց բերք ու բարիքը, ձեռքի աշխատանքները կկարողանան իրացնել զբոսաշրջիկների շրջանում:

Դավիթ- Բեկի ազատագրական շարժման բնօրրան Հալիձորը թեեւ ավելի փոքր, սակայն պակաս աշխույժ համայնք չէ: Գյուղում օրը ցերեկով պարապ մարդ չես գտնի, համայնքի ղեկավար Սամվել Ասրյանը թաքուն ու զսպված հպարտությամբ նկատում է, որ ջահելները աշխատում են ճոպանուղու կայանի եւ ճանապարհի շինարարության վրա: Նրա կարծիքով, գյուղի կյանքում այս ծրագիրն արդեն բեկում մտցրել է: Որոշել են, որ իրենց գյուղում կանգ առած զբոսաշրջիկին պատմական հին գյուղ եւ Հարանց անապատ ուղղորդելուց զատ, «գյուղավարի» էլ հյուրասիրելու են: Երբ Ազգային մրցունակության հիմնադրամի աշխատակիցները եկան գյուղ՝ զանգեզուրյան խոհանոցի գաղտնիքները բացահայտելու, պարզ դարձավ, որ ներդրումային այս մեծ ծրագրում գողտրիկ Հալիձորն այլ հետաքրքրություն էլ կարող է ունենալ: Հալիձորով անցնող ճանապարհի վրա բնակիչներն ունենալու են կազմակերպված առեւտրի փոքրիկ կետեր, իսկ գյուղի տնտեսուհիները, շրջանի մյուս համայնքների կանանց հետ, խոհարարական զբոսաշրջության մեջ են զբաղված լինելու:

Եռամյա ծրագիրը նոր է մեկնարկել, բայց արդեն փաստորեն փոքրիկ հեղափոխություններ է արել գյուղերում, նոր բովանդակություն բերել կյանք:

Մինչ այդ, գյուղամիջում շինարարական եռուզեռը նոր թեմա է մեծահասակների համար. ծրագրի հետ մեծ հույսեր են կապում. գյուղից երիտասարդները շատ են հեռանում, գուցե թե այս ամենն առիթ դառնա նրանց վերադարձի:

Ճոպանուղուց մինչեւ  խճապատ ճանապարհ

«Տաթեւի վերածնունդ» ծրագրի առանցքում, սակայն, աշխարհի ամենաերկար ճոպանուղու գաղափարն էր: Օդային անցուղին կառուցում է այս ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող շվեյցարական «Գարավենտա» ընկերությունը: 5.7 կմ-անոց հմայքը, ինչպես տեղացիներն են արդեն հասցրել անվանել, կամբողջացնի Որոտանի կիրճից եւ վանական համալիրից ստացած տպավորությունները: Ճոպանուղու հանդիսավոր բացման ար\"\"արողությունը շատ մոտ է, մրցունակության հիմնադրամն արդեն ապահովել է այս կողմերի համար ինչ-որ տեղ էկզոտիկ փոխադրամիջոցի գովազդային մեծ արշավ՝ «Եվրոնյուզ», CNN հեռուստաալիքներով, բացմանը ներկա կգտնվեն նաեւ արտասահմանյան 24 լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Տաթեւցիներին, սակայն, այս օրերին մի բան է մտահոգում. Աննան, ով նաեւ ծրագրի տեղեկատվական կենտրոնի համակարգողն է, բազմիցս համագյուղացիներից լսել է, որ ճոպանուղին եթե տուրիստի համար հետաքրքիր կարող է լինել, գուցե իրենց համար մատչելի չլինի: Ահա թե ինչու, գյուղացու համար ճոպանուղուց էլ կարեւոր՝ դեպի գյուղ տանող ճանապարհի բարեկարգումն է: Հիմնադրամում այս մտահոգությանն ի պատասխան՝ ասում են, որ շահագործող կազմակերպության հետ բանակցությունների մեջ են ու հուսադրում, որ կանգ կառնեն հարմար գնի վրա:

Իսկ ինչ վերաբերում է ճանապարհին, ապա այն վերանորոգվում է շատ ուրույն եւ ժամանակակից տեխնոլոգիայով: Հալիձոր-Տաթեւ 15 կիլոմետրանոց հատվածը, շինարարների խոսքով, դժվար «տեղի տվող» մասն է. որպեսզի այն դառնա հնարավորինս անվտանգ երթեւեկության համար, ճանապարհաշինարարները կառուցում են նոր որակի՝ ծեծած խճից ճանապարհ, ճիշտ է՝ ասֆալտապատ չէ, ինչպես Սիսիան-Հալիձոր հատվածը, բայց այս տեղանքին եւ ռելիեֆին առավել սազական տարբերակ է: Կառավարությունը շուրջ 10 մլն դոլար է տրամադրել Սիսիանից մինչեւ Տաթեւ ընկած հատվածը բարեկարգելու համար:

«Հայերը ձեթի արտադրության մենաշնորհ ունեին…»,- կպատմեն Տաթեւի ձիթհան այցելող զբոսաշրջիկներին

Տաթեւի վանական համալիր այցելողների թիվը, անշուշտ, առաջիկայում կավելանա նաեւ այն պատճառով, որ 2011 թվականի աշնանը կսկսի գործել Տաթեւի վանքի տարածքում գտնվող ձիթհանը: Ասում են. դեռ 19-րդ դարի կեսերին Հայաստանի տարածքում կար 285 ձիթհան, որից գործում էր 35-ը եւ արտադրում տարեկան 240 տոննա ձեթ: Տաթեւի ձիթհանը հատուկ տեղ է զբաղեցնում այդ շարքում իր կուռ լուծմամբ եւ չափերով: Այն բավարարում էր բոլոր մոտակա գյուղերի բնակիչների պահանջարկը: Նրա հիմնական մասը գմբեթաձեւ սենյակ է, որտեղ կա բովարան եւ աղալու սարք: Հարակից կա եւս երկու սենյակ, որտեղ քամվում էր ձեթը, եւ որտեղ հայտնաբերվել են հողի մեջ թաղված կավե կարասներ: Յուրաքանչյուր կարասի տարողությունը 70 լիտր է: Ձեթի ստացման համար օգտագործում էին կտավատի եւ քունջութի սերմեր: Ազգային մրցունակության հիմնադրամի ծրագրերում ձիթարանի լիովին վերականգնումն է՝ հետեւյալ տրամաբանությամբ. նման ժառանգություն ունենալով՝ պետք է գոնե մեկ գործող ձիթարան ունենալ: Հետո, այստեղ եկող զբոսաշրջիկին, ցույց տալով կենդանի պրոցեսը, էքսկուրսավարները կպատմեն, որ 19-րդ դարում Հայաստանի տարածքում 3-4 անգամ ավելի ձիթհաններ կային, քան հարեւան Վրաստանի ու Ադրբեջանի տարածքներում միասին վերցրած: Վրաստանի ու Ադրբեջանի բոլոր ձիթհանները պատկանում էին հայերին, որոնք ձեթի արտադրության մենաշնորհ ունեին…

Տաթեւ են տանում բոլոր ճանապարհները

\"\"Ինչպես գրում է «Սյունիք երկրամաս» թերթը՝ հումորային մի պատմություն կա այն մասին, որ շինուհայրցին տասնյոթ կիլոմետր ճանապարհ է անցնում, գյուղից Գորիս հասնում, մեկ դույլ մոշ ծախում, ստացված եկամուտին էլ փող ավելացնում, որ տաքսիով անպայման թեւը պատուհանից դուրս պահած՝ գյուղ վերադառնա: Վերջին տարիներին, սակայն, այդ «ավանդույթը» խախտվել էր, ոչ թե այն պատճառով, որ մոշ քաղելու կամ մեծամտանալու սիրտ չունի շինուհայրցին, այլ որ տաքսու վարորդները հրաժարվում էին գյուղի ճանապարհով երթեւեկել, իսկ, եթե ինչ է, մեկն էլ՝ բանից անտեղյակ, գյուղ հասներ, փոշու պատճառով անհնար էր պատուհանը բաց պահել: Բայց դա՝ մինչեւ վերջերս. Շինուհայր տանող եւ Շինուհայրով Հալիձոր, Տաթեւ տանող ճանապարհին աննկարագրելի եռուզեռ է, եւ թեպետ փոշին հիմա էլ կա, բայց գոնե շինուհայրցիները վստահ են, որ արդեն մեկ ամսից բարեկարգ ճանապարհ են ունենալու…

Տաթեւը թռիչքի նոր թեւեր է ստանում, ծրագրի պատասխանատուները մեկ ցանկություն ունեն՝ այն մշտապես արծվային բարձունքի վրա պահել:

Այս ամենի մասին նաեւ տեսաշարով ու սյունյաց բարբառով համեմված դիտեք «Հրապարակում» հեռուստածրագիրը համացանցում՝

gov.am

youtube.com/hraparakum

հասցեներով, կիսեք նաեւ ձեր տպավորությունները մեր բլոգում՝

hraparakum.livejournal.com

ՀԱՍՄԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել