Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԻՄԻ ԿԵՍՈՎ՝ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉՈՐՍ ՎԱՐԿԱՆԻՇ

Սեպտեմբեր 29,2010 00:00

Ծանրամարտի աշխարհի առաջնության ավարտից հետո ամփոփվեցին վերջնական արդյունքները, եւ ազգային ֆեդերացիաները դասակարգվեցին օլիմպիական վարկանիշային ցուցակում:

\"\"Հայաստանի տղամարդկանց հավաքականը թիմային 62 միավորով հանգրվանեց 18-րդ հորիզոնականում: Ինչը նշանակում է, որ մինչեւ 2011 թվականի աշնանը Փարիզում կայանալիք աշխարհի հերթական առաջնությունը, որից հետո միայն պետք է հայտնի դառնա, թե ո՞ր երկիրը Լոնդոնում քանի՞ մասնակից է ունենալու, 62 միավորով իր համար առայժմ ապահովել է չորս տեղ: Դա Արա Խաչատրյանի ցավալի վնասվածքի եւ մեր երկու ծանրորդների ստացած զրո միավորներից հետո հնարավոր դարձավ 94 կգ քաշային Գեւորիկ Պողոսյանի եւ 105 կգ քաշային Արթուր Բաբայանի՝ մեր հավաքականի հաշվարկին բերած, համապատասխանաբար, 15 եւ 19 միավորների շնորհիվ: Վերջին չորս տարում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը ոչ մի անգամ առաջին տասնյակից ներքեւ չէր հայտնվել: Ու չնայած հիմա, երբ օլիմպիական խաղերին գնալով քիչ ժամանակ է մնում եւ Լոնդոնում առավելագույն մասնակցություն ունենալու եւ արժանապատիվ մրցելույթներ ունենալու համար թե օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, թե մարզաձեւի ֆեդերացիան եւ մարզիչները ոչինչ չեն խնայում՝ անելով առավելագույնը, մարզիկների անհասկանալի վերաբերմունքի ու պահվածքի պատճառով ամբողջ աշխատանքի արդյունքի մի զգալի մասը, ինչպես ասում են, ջուրն է ընկնում:

\"\"Ինչեւէ, առջեւում դեռ էլի աշխարհի առաջնություն կա, եւ այնտեղ արդեն մարտական կազմով հանդես գալու դեպքում (հիշեցնենք, որ մեր թիմում բացակայում էին Առաքել Միրզոյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը) մեր տղամարդկանց հավաքականը, հնարավոր է, որ ավելացնի վարկանիշային տեղերի թիվը: Իսկ ինչ վերաբերում է աղջիկներին, արդեն տեղեկացրել ենք, որ Պեկինի օլիմպիական խաղերում մեկի փոխարեն նվաճելով առավելագույն՝ 4 վարկանիշային տեղ, նրանք կատարել են իրենց առջեւ դրված խնդիրը:

Աշխարհի առաջնության ավարտին, Հայաստան վերադառնալուց մեկ օր առաջ մեր մեդալակիրների եւ ազգային հավաքականների գլխավոր մարզիչներին խնդրեցինք գնահատել մրցելույթները:

Տիգրան Մարտիրոսյան, 77 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն: «Բնական է, որ երջանիկ եմ: Ես բրոնզե մեդալ նվաճել էի օլիմպիական խաղերում, բայց սա աշխարհի մեծահասակների առաջնության իմ առաջին չեմպիոնական բարձունքն է: Իհարկե՝ դժվար էր: Երջանիկ եմ նաեւ, որ այս տարի ես, փաստորեն, կարողացա նվաճել տարվա հնարավոր երկու, նախ՝ Եվրոպայի, ապա՝ աշխարհի չեմպիոնի տիտղոսները»:

Արա Խաչատրյան, 85 կգ քաշային կարգում պոկում վարժությունում աշխարհի չեմպիոն: «Երեւի դեռ երբեք այսքան լավ մարզավիճակում չէի եղել: Պատրաստ էի երկամարտում աշխարհի չեմպիոն դառնալ: Բայց այս անգամ էլ ճակատագիրն ինձ հետ դաժան վարվեց: Պոկումում առաջին տեղը գրավելուց հետո արդեն կասկած չունեի, որ երկամարտում էլ ոսկին իմն է լինելու: Ափսոս, որ չստացվեց, ու ստիպված եմ երազանքս մեկ տարով հետաձգել: Բայց ոչինչ, չեմ ընկճվում: Որքա՞ն կարող է բախտս չբերել: Բժիշկներն ասել են, որ վնասվածքս լուրջ չէ: Եթե Երեւանում դա հաստատվի, գարնանն անպայման մասնակցելու եմ Եվրոպայի առաջնությանը»:

Մելինե Դալուզյան, 69 կգ քաշային կարգում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր. «Աշխարհի հզորագույն մրցակիցների հետ պայքարում երրորդ տեղը գրավելը վատ ցուցանիշ չէ: Բայց ես անձամբ դժգոհ եմ իմ մրցելույթներից: Պատճառն առողջականիս հետ էր կապված, հակառակ դեպքում, կարծում եմ, ավելի լավ հանդես կգայի: Հույս ունեմ, որ հաջորդ առաջնությունում ավելի բարձր տեղ կգրավեմ»:

Արտաշես Ներսիսյան, կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ. «Եթե արդյունքին նայենք վարկանիշային տեղերի տեսանկյունից, առավելագույնին հասել ենք: Մարզական առումով այնքան էլ բավարարված չեմ: Խոսքս Մելինե Դալուզյանին եւ Հռիփսիմե Խուրշուդյանին է վերաբերում: Անթալիայում Հռիփսիմեն առաջին անգամ էր հանդես գալիս +75 կգ քաշային կարգում եւ, փաստորեն, սա նրա համար փորձամրցում էր: Եվ չորրորդ արդյունքը ցույց տալը, կարծես, վատ չէ: Բայց նա եւ Մելինեն եթե մի փոքր ավելի լուրջ մոտենան եւ շատ մարզվեն, արդյունքներն ավելի բարձր կլինեն»:

Պողոս Պողոսյան, տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ. «Միանշանակ դժվար է գնահատական տալ: Երեք ոսկե, մեկ արծաթե մեդալը եւ չորս վարկանիշային տեղը, այն էլ թիմի հիսուն տոկոսով, կարծում եմ, վատ ցուցանիշ չէ: Բայց թիմի գրաված 18-րդ տեղից դժգոհ եմ: Եթե Ֆրանսիայում լավ հանդես գանք, մեկ վարկանիշային տեղ էլ կավելանա ու դա, կարծում եմ, բավարար կլինի: Զրո ստացած երկու մարզիկներից նման ձախողում չէինք սպասում: Գեւորգ Դավթյանը եւ Տիգրան Վ. Մարտիրոսյանը մեր առաջատար ու փորձառու ծանրորդներից են: Երկուսն էլ ուսումնամարզական հավաքների ժամանակ լավ արդյունքներ են ցույց տվել: Գեւորգի անհաջողության պատճառը, թերեւս, այն էր, որ մրցման մեկնարկից երեք ժամ առաջ նա պահանջվող քաշից երեք կիլոգրամ ավելի էր կշռում: Ավելորդ կիլոգրամները նա գցեց շոգեբաղնիքում, որից հետո չկարողացավ վերականգնվել եւ նորմալ հանդես գալ: Իսկ թե Տիգրանն ինչո՞ւ այդպես հանդես եկավ, մինչեւ հիմա չեմ հասկանում: Մրցումից անմիջապես հետո ես զրուցեցի նրա հետ: Պատճառաբանեց, թե մեջքի ցավեր են առաջ եկել: Բայց հավաքների ժամանակ նա ոչ մի անգամ ցույց չի տվել, որ մեջքը ցավում է, եւ ինձ էլ որպես գլխավոր մարզչի ոչ մի անգամ նման բան չի ասել: Այնպես որ, նրանց ձախողման պատճառները դեռ վերլուծել է հարկավոր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930