Լրահոս
Օրվա լրահոսը

«POPOK»՝ գովազդի առաջին փառատոնը

Սեպտեմբեր 29,2010 00:00

Հոկտեմբերի 28-30-ը Երեւանում կանցկացվի «Popok» գովազդի առաջին միջազգային փառատոնը: Երեկ այս մասին «Mezzo» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին փառատոնի կազմակերպիչներ «DEEM communications» ընկերության նախագահ Ռաֆֆի Նիզիբլյանը, «Անտարես հոլդինգի» ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, «Ռադիո Վանի» տնօրեն Շուշան Արեւշատյանն ու «Status holding»-ի ներկայացուցիչ Տիգրան Բալոյանը:

Ա. Մարտիրոսյանի խոսքով, Հայաստանի գովազդային խորհուրդը, հանդես գալով միջազգային փառատոներում ե՛ւ որպես մասնակից, ե՛ւ որպես ժյուրի, կուտակելով փառատոներ կազմակերպելու եւ անցկացնելու հարուստ փորձ, նախաձեռնել է «Պոպոք» գովազդի առաջին միջազգային փառատոնը:

Ա. Մարտիրոսյանը նշում է, որ փառատոնը գովազդի ոլորտում ամենամեծ իրադարձությունն է լինելու Հայաստանում. «Կհյուրընկալվեն ոլորտի լավագույն գովազդային գործակալություններ եւ անհատ վարպետներ Հայաստանից, արտերկրից: Փառատոնին մասնակցելու հայտեր են ստացվել 26 երկրների 54 քաղաքներից՝ Գերմանիայից, Թուրքիայից, Ուկրաինայից, Իրանից, Ֆրանսիայից, Բելառուսից, Վրաստանից, Ռուսաստանից, մերձբալթյան երկրներից եւ այլն: Ժյուրիի կազմում ամենանշանավոր մասնագետներն են՝ Ուկրաինայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Բելառուսից, Թուրքիայից, Լիբանանից, Վրաստանից, Իրանից, Ղազախստանից, Ռուսաստանից եւ Լատվիայից»: Փառատոնը կանցկացվի 6 անվանակարգով՝ հեռուստագովազդ, ռադիոգովազդ, ինտերնետ գովազդ, տպագիր գովազդ, մարքեթինգային արդյունավետություն եւ գրաֆիկական դիզայն:

Ըստ «Ստատուս հոլդինգի» ներկայացուցիչ Տիգրան Բալոյանի, «Popok»-ը նպատակ ունի հզոր շարժիչ ուժ դառնալ տարածաշրջանի գովազդային շուկայի զարգացման եւ միջազգային մակարդակի հասցնելու համար. «Փառատոնի նպատակներից է նաեւ հայկական գովազդի շուկայում հետաքրքիր եւ կրեատիվ գովազդ ստեղծողներին հայտնաբերելը, տարբեր երկրների տաղանդավոր մասնագետների հետ շփումներ ապահովելը, Երեւանը ամենամյա գովազդի միջազգային փառատոնի անցկացման վայր հայտարարելը»:

Թե ինչո՞ւ «Պոպոք», Ռ. Նիզիբլյանը մեկնաբանեց. «Պոպոքը մեզ համար գլուխն է, միջինը՝ ուղեղը: Պոպոք ասելով նկատի ունենք ուժեղ միտք, ստեղծագործող միտք, գաղափար: Երբ ջարդում ես պոպոքը, համով միջուկ է դուրս գալիս, այսինքն՝ լավ գաղափար: Հետո, եթե անգլերեն կարդաք popok, ստացվում է pop, այսինքն՝ ժամանակակից, արդի եւ ok, այսինքն՝ լավ: Այս երկուսի գումարը ստացվում է popok՝ ժամանակակից լավ միտք: Ծիրանից, նռից, Մասիսի ու Սիսի պատկերներից հրաժարվեցինք, ընտրեցինք պոպոքը՝ հեշտ արտաբերվող օտարերկրացու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել