Մոլդովայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Միխայ Գիմպուն (նկարում) երեքշաբթի օրը երկրի խորհրդարանը լուծարելու մասին հրամանագիր է ստորագրել եւ այդ մասին հայտարարել է մոլդովական հեռուստաընկերության ուղիղ եթերում: Միխայ Գիմպուն խորհրդարանական արտահերթ ընտրությունները նշանակել է նոյեմբերի 28-ին: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի փոխանցմամբ, Մոլդովայի օրենսդրության համաձայն, ընտրությունները պետք է տեղի ունենան խորհրդարանի լուծարման մասին հրամանագրի ստորագրումից 45 օր հետո:
Անցած շաբաթ Մոլդովայի Սահմանադրական դատարանը թույլ էր տվել Գիմպուին լուծարել խորհրդարանը՝ դա պատճառաբանելով այն հանգամանքով, որ 2009թ.-ին Մոլդովայում ստեղծված քաղաքական ճգնաժամից ի վեր օրենսդիրներն այդպես էլ չեն կարողացել երկրի նախագահ ընտրել:
Երկրում իշխող «Հանուն եվրոպական ինտեգրացիայի ալիանս» անունը կրող կոալիցիան, որը խորհրդարանում 53 մանդատ ուներ կոմունիստների 44-ի դեմ, հանրաքվե էր նախաձեռնել՝ փորձելով վերադառնալ երկրի նախագահին ոչ թե խորհրդարանի, այլ համընդհանուր ընտրությունների միջոցով ընտրելու կարգին: Այդ հարցով սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տապալվել էր ցածր մասնակցության պատճառով: Հիմա, քաղաքագետների գնահատմամբ, նոր խորհրդարանը կարող է փորձել երկրի նախագահ ընտրել եւ պատգամավորների 2/3-ի միջոցով փոխել երկրի Սահմանադրությունը: Ընդդիմադիր կոմունիստական կուսակցությունն արդեն հայտարարել է, որ կողմ է սահմանադրական փոփոխություններին, բայց ոչ թե հանրաքվեի, այլ խորհրդարանում անցկացնելու միջոցով: