Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը երեկ հրապարակել է անցած կիրակի տեղի ունեցած Ազգային վեհաժողովի՝ խորհրդարանի ընտրությունների արդյունքները, թեեւ դրանք համապատասխան մարմինները պաշտոնապես դեռ չեն հայտարարել: Իր հրավիրած մամուլի ասուլիսում Չավեսն ասել է, թե ընտրողների ձայների հաշվարկի վերջնական արդյունքում իշխող «Վենեսուելայի միավորված սոցիալիստական կուսակցությունը», որն ինքը՝ Չավեսն է գլխավորում, ստացել է խորհրդարանի 165 տեղերից 98-ը, ընդդիմադիր կուսակցությունների դաշինքը՝ «Ժողովրդավարական միասնության ճակատը»՝ 65-ը: Նորընտիր խորհրդարանում երկու մանդատ բաժին է հասել «Հայրենիք բոլորի համար» քաղաքական ձախ միավորմանը:
Չավեսը միաժամանակ հերքել է ընդդիմության ներկայացուցիչների հրապարակած տվյալները, ըստ որոնց, ընդդիմադիր դաշինքին իր աջակցությունն է հայտնել քվեարկության մասնակցած ընտրողների ավելի քան կեսը՝ 52 տոկոսը: Վենեսուելայի նախագահի տվյալներով, իշխանական կուսակցությունը ստացվել է քվեների 48, իսկ ընդդիմությունը՝ 47 տոկոսը: ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, թեեւ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես դեռ չի ամփոփել ընտրությունների վերջնական արդյունքը, բայց այն մեծամասնությունը, որը ստացել է Չավեսը, բավարար չէ խորհրդարանում օրենքներ ընդունել միայն այդ կուսակցության ուժերով: Դրա համար անհրաժեշտ է առնվազն 110 պատգամավորի քվե: Հիշեցնենք, որ դեռեւս գործող խորհրդարանում, որը ընտրվել էր 2005թ.-ին, ընդդիմությունը ներկայացված չէ, քանի որ բոյկոտել էր այդ ընտրությունները: