Իսրայելցի զինվորականները գրավել են 10 հրեա ակտիվիստների նավը, որը փորձել է ճեղքել Գազայի հատվածի շրջափակումը: BBC-ի մատուցմամբ, այդ մասին հաղորդել է Բրիտանիայում գործող «Հրեաները՝ հանուն արդարության պաղեստինցիների համար» կազմակերպության պաշտոնական կայքը: Իսրայելն այդ փաստը պաշտոնապես դեռ չի հաստատել: Փոխարենը ակտիվիստները հայտարարել են, թե չեն պատրաստվում դիմադրություն ցույց տալ իսրայելցի զինվորականներին: Նավը Գազայի հատված էր ուղեւորվում դեղորայքի, գրքերի, ձկնորսական ցանցերի եւ երեխաների համար խաղալիքների բեռներով: «Իրեն» նավը նավարկության էր դուրս եկել կիրակի օրը, Կիպրոսի հյուսիսային նավահանգստից: Կազմակերպության ներկայացուցիչ Ռիչարդ Կուպերը ակցիայի նախօրեին ասել էր, թե նավարկությունը խորհրդանշական ակտ է, նաեւ՝ «խաղաղության եւ արդարության ձգտող պաղեստինցիներին ու իսրայելցիներին հասցեագրված ուղերձ»:
«Իրենը» նավարկության է դուրս եկել բրիտանական դրոշի ներքո: Նավի վրա, բացի անձնակազմից, եղել են մեկ բուժքույր՝ Գերմանիայից, ամերիկացի եւ բրիտանացի խաղաղության մարտիկներ եւ մեկ իսրայելցի լրագրող: Ակտիվիստների թվում է եղել նաեւ Հոլոքոստը վերապրած 82-ամյա Ռիվեյն Մոսկովիտցը եւ Ռամի Ելխանան, ում դուստրը զոհվել է 1997թ.-ին՝ Երուսաղեմում պաղեստինցի մահապարտի իրականացրած պայթյունի ժամանակ: Հավելենք միայն, որ «Հրեաները՝ հանուն արդարության պաղեստինցիների համար» կազմակերպությանն աջակցում են այնպիսի հայտնի անձինք, ինչպիսիք են հանրաճանաչ դերասաններ Սթիվեն Ֆրայն ու Մարիոն Կոզակը, նաեւ Լեյբորիստական կուսակցության նորընտիր ղեկավար Էդա Միլիբենդի եւ երկրի ԱԳ նախկին նախարար Դեւիդ Միլիբենդի մայրը: