Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՂԻԿՅԱՆԸ ԺԽՏՈՒՄ Է ԵՎ ԱՄՈԹԱՆՔ Է ՏԱԼԻՍ

Սեպտեմբեր 29,2010 00:00

Օրերս «Առավոտը» Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 դպրոցի մի ծնողից նամակ-բողոք ստացավ՝ դպրոցում իրականացվող դրամահավաքության մասին: Նամակը այն եզակիներից էր, որն անանուն չէր, ուստի որոշեցինք գնալ նամակի հետքերով: Նամակագիրը, ում զարմուհին այս տարվանից հաճախում է թիվ 51 դպրոց, հայտնում է. «Բավական չէ, որ ընդունել են նաեւ 6 տարին չլրացած երեխաների (որոնք դասի ժամանակ ուսուցիչների վկայությամբ՝ խանգարում են ուսումնական պրոցեսը, քանի որ չեն հասցնում մեծերի հետ յուրացնել դասանյութը), նաեւ դասակարգել են առաջին դասարանցիներին «հասնող» մանկավարժներին: Ու, այսպես կոչված, «լավ» դասատուի մոտ ընկնելու համար ստիպված ես կաշառք վճարել դպրոցի տնօրենին կամ «լավ» ուսուցչին»:

Ծնողի մյուս դժգոհությունը կապված է աշակերտական համազգեստի հետ: Նամակագրի հավաստմամբ՝ իրենց ստիպել են 18 հազար դրամ վճարել ու դպրոցի դերձակի մոտ դպրոցական համազգեստ կարել: Մեզ դիմած քաղաքացին դժգոհում է նաեւ նրանից, որ յուրաքանչյուր դասարան հավաքարարին ամեն ամիս պիտի վճարի 3500 դրամ: Ըստ ծնողի՝ այս կապակցությամբ իրենց ընդդիմախոսությանը դպրոցի տնօրեն, ՀՀ վաստակավոր մանկավարժ Ժաննա Ծաղիկյանը պատասխանել է. «Դուք աշխատավարձ չե՞ք ստանում….չե՞ք ուզում՝ ուրեմն ինքներդ մաքրեք»: Յուրաքանչյուր կիսամյակ 5000 դրամ ֆոնդի գումար հավաքելը եւս զայրացրել է ծնողներին: Ըստ «Առավոտի» նամակագրի՝ իրենք սկզբում մտածել են, թե 5000 դրամը վճարելու է դասարանը, բայց հետո պարզվել է՝ ամեն աշակերտ: Նամակագիրն ասում է, թե ծնողները վախենում են բարձրաձայն բողոքել, քանի որ դեպքեր են եղել, երբ տնօրենը դպրոցից մի անգամից մի քանիսին է հեռացրել:

«Առավոտը» նշված դժգոհությունների կապակցությամբ պարզաբանումներ ստացավ դպրոցի տնօրեն Ժաննա Ծաղիկյանից: Նա մինչ դժգոհությունները լսելը՝ անպայման ցանկացավ իմանալ, թե ով է բողոք ներկայացնողը: Հետո, երբ ասացինք, փորձեց համոզել, թե իրենք նման ծնող չունեն: Երբ երկար պնդելուց հետո հնարավորություն ունեցանք տնօրենին փոխանցել դժգոհությունները, դասվարների հետ կապված խնդրի մասին, տիկին Ծաղիկյանն ասաց. «Ամոթ է, ես չեմ ուզում անգամ այդ հարցերին պատասխանել: Ես չունեմ վատ դասվար, մինչեւ հիմա չի եղել մի ծնող, որ որեւէ դասվարից բողոքի…»:

Դպրոցական համազգեստի վերաբերյալ դժգոհության մասին տնօրենը պարզաբանեց. «Մեր դպրոցում արդեն չորս տարի աշակերտական համազգեստ են կրում: Դա ծնողների հայեցողությամբ է, կարող են իրենք գնել, կարող են մեր դերձակի մոտ պատվիրել: Ծնողին որեւէ մեկը չի կարող ստիպել»: Հավաքարարի համար հավաքվող գումարի մասին էլ տնօրենը նշեց. «Այդպիսի պարտավորվածություն չկա: Հավաքարարը ստանում է ընդամենը 30 հազար դրամ, ուստի դասարանի ծնողների հայեցողությամբ կարող են նրան օգնություն ցուցաբերել»:

Ֆոնդի փողի մասին էլ Ծաղիկյանը նշեց. «Ոչ մի 5000 դրամ էլ ամեն կիսամյակ չի հավաքվում: Դա հերյուրանք է: Մյուս կողմից էլ, եթե ծնողը դպրոցին ինչ-որ կերպ օգնում է, դրա մասին հայտարարություն է փակցված լինում դպրոցում: Եթե ծնողներից որեւէ մեկը կասի, որ Ծաղիկյանի իմացությամբ թեկուզ 10 լումա է դասարանում հավաքվել, ուրեմն ամոթ իրեն, քանի որ ես նման հարցերի չեմ խառնվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել