Կամ ինչն է խանգարում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին՝ հայտնի դառնալ միջազգային հանրությանը
Շատ հետաքրքիր էր ծանոթանալ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի (ՀՑԹԻ) գործունեության պատվերով համերգ հիշեցնող հաշվետվությանը («Անիրազեկության հետքերով», «Առավոտ», 23 սեպտեմբերի)։ Ակնհայտ է, որ սա, առնվազն, ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ի կոմսոմոլա–չինովնիկական ղեկավարության, եթե ոչ ավելի ազդեցիկ պատվիրատուի, պատվիրած համերգների շարքի պարզունակ եւ, այսպես կոչված, «դեմո» տարբերակն է դեռեւս: Սպասում եմ ավելի հիմնավոր պատվերների։ Նպատակն էլ է պարզ՝ ՀՀ պետբյուջեի գիտության մասով միջոցների բաշխման ընթացքում ակնհայտ չարաշահումները՝ ի մասնավորի, երիտասարդական մրցույթի համար նախատեսված 91 մլն դրամ գումարների մսխման փաստի կոծկելն է։ Ըստ ԶԼՄ-ների, այդ չարաշահումներն արդեն բարեհաջող կերպով ծախսագրվել են համապատասխան ատյանների կողմից, ըստ ամենայնի ոչ միայն «սիրուն աչքերի համար», եւ անհրաժեշտություն է առաջացել մի փոքր էլ աշխատել հանրության վրա՝ ինչքան զգացմունքային, այնքան արդյունավետ տարբերակով։ Բայց, դե, ինչպես ասում են՝ ով վճարում է, նա էլ պատվիրում է։ Կարծում եմ, օգտագործված բառապաշարն էլ է պատվիրված, իսկ «հնամաշ մոտեցումներ» հասկացությունը՝ նույնիսկ զվարճալի։ Զվարճալի այնքան, ինչքան հոդվածի պատվիրատուի կամ պատվիրատուներից մեկի՝ ՀՀ ԳՊԿ դե յուրե նախագահի «ամեն մի ապուշի չեն դարձնի Գիտության պետական կոմիտեի նախագահ» փաստարկը (տես՝ «Առավոտ», 01.09.2010)։
Փոքր-ինչ առաջ անցնելով նշեմ, որ, իսկապես, չեմ տիրապետում Ձեր իմացած «գիտական հիմնարկների գործունեության ու գիտական արդյունքի …գնահատման» նորագույն մոտեցումներին։ Առայժմ միայն կարող եմ ենթադրել դրանց հիմնական հեղինակներին՝ ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ի դե յուրե եւ դե ֆակտո ղեկավարներին։ Իսկ այն փաստը, որ առաջին անգամ դուք եք դրանց մասին բարձրաձայնում, դրանց գոյության մասին կարելի է ենթադրել, որ լիարժեք համահեղինակ եք։ Ինչեւէ, քանի դեռ այդ նորագույն՝ տեղական կամ ազգային մոտեցումներն ըստ պատշաճի չեն հրապարակվել, ստիպված եմ օգտվել «հնամաշ»՝ անցած դարի 50–ականների կեսերից կիրառության մեջ դրված պատկերացումներից (տես՝ https://thomsonreuters.
com/products_services/science/academic/, քանի որ արդեն համոզված եմ, որ կկարողանաք հաղթահարել տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած այս հնարավորությունները նույնպես)։
Ակնհայտ է, որ պատվերի բուն նպատակը պատվիրված կիսագողական հոխորտանքի բառապաշարն է՝ ՀՀ պետբյուջեի գիտության միջոցներից ՀՑԹԻ-ի ֆինանսավորման նպատակահարմարության «հիմնավորման» փաթեթավորմամբ։ Իհարկե, կարելի էր եւ նույն բառապաշարով արձագանքել, մի կողմ թողնելով ՀՀ պետբյուջեի գիտության մասով միջոցների առնվազն 91 մլն դրամ գումարի ակնհայտ մսխման փաստն ու ջուր լցնել պատվիրատուների ջրաղացին։ Կփորձեմ զերծ մնալ այդ գայթակղությունից։
Եվ այսպես, ՀՑԹԻ-ի տնօրենի, այսպես կոչված, «հակափաստարկների» մասին, որոնք ավելի շուտ փաստարկներ էին ՀՑԹԻ-ի թանգարանային գործունեության մասին։ Մասնավորապես, ի՞նչ կապ ունեն գիտական գործունեության հետ այն, նույնիսկ հսկայածավալ, աշխատանքները, որպիսիք են «արտասահմանցի հետազոտողների աշխատանքը թանգարանում», «թվայնացման աշխատանքները», «հրատարակչական գործունեություն» կամ թե «էլեկտրոնային գիտություն» անվանակարգում հաղթող ճանաչված կայքէջը։ Կարծում եմ, առանձնապես դժվար չէ գտնել համապատասխան որակումներ նշված գործունեության ոլորտների համար, որոնք, միարժեքորեն, տարբերվում են գիտականից։ Այստեղ հարկ եմ համարում հղում անել ԳՊԿ-ի դե յուրե ղեկավարի՝ վերեւում նշված թեւավոր խոսքին՝ եթե հիմնարկության անվան մեջ կա «ինստիտուտ», իսկ մրցույթի անվանակարգում «գիտություն» բառերը, ապա դրանք դեռեւս չեն նշանակում, որ այդ հիմնարկության գործունեությունը անպայմանորեն պետք է որակվի «գիտական», իսկ կայքը՝ «գիտական արդյունք»։ Միգուցե եւ ՀՑԹԻ-ն աշխարհի ամենալավ թանգարաններից մեկն է, չեմ վիճարկում։ Բայց համոզված եմ, որ ստեղծման օրից առայսօր ՀՑԹԻ-ի գործունեության հիմնական ոլորտը՝ թանգարանայինն է (հանգամանքների բերումով գիտեմ «ինստիտուտ» բառի հայտնվելու պատճառները նաեւ)։ Իսկ Ձեր խորհրդով ՀՑԹԻ-ի կայքէջ հերթական այցելությունս, ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ի կողմից հովանավորված ՀՑԹԻ-ի գիտական գործունեության արդյունքների հետ ծանոթացման նպատակով, շատ կարճ տեւեց։ Հենց առաջին հղումը «Հայկական սպորտը եւ մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» մենագրությունն էր՝ Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի եւ մարմնակրթության ձեւավորման ու զարգացման ընթացքն ու առաջին հայ մարմնամարզական ակումբների գործունեությունը: Այս հրատարակությունն ընթերցողներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու հայկական սպորտի պատմության ցայսօր անհայտ դրվագներին՝ համառոտ բացատրականով։ Անկեղծորեն, չհասկացա Հայոց ցեղասպանության եւ «առաջին հայ մարմնամարզական ակումբների գործունեության» միջեւ կապը։ Չգիտեմ, միգուցե ֆիդայական շարժման սաղմերն այստեղ են ձեւավորվել եւ զայրացնելով թուրքերին՝ ցեղասպանության դրդապատճառ հանդիսացել։ Բայց եւ այնպես, պետք է ակնկալել (հաշվի առնելով նաեւ «ինստիտուտ» բառի ծագումնաբանությունը), որ ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ի հովանավորությամբ մոտ ապագայում ՀՀ ԳԱԱ ՀՑԹԻ-ն կվերանվանվի ՀՀ ԳԱԱ ՀՑՄԹԻ–ի՝ Հայոց ցեղասպանության եւ մարմնակրթության թանգարան-ինստիտուտի։ Ի դեպ, վերջերս «Օտար ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարով տեղեկացա, որ Ֆինլանդիայում կա շատ հետաքրքիր «Սպորտի թանգարան» եւ մտածեցի, որ այդպիսի թանգարանը շատ տեղին կլիներ նաեւ Հայաստանում՝ հաշվի առնելով հայկական սպորտի արտառոց ձեռքբերումները։ Այսօր արդեն համոզված եմ, որ եթե այդպիսի թանգարանը, որը, բացի մեր մարզիկների մեդալներից, գավաթներից ու գոտիներից, համալրված կլինի նաեւ «Հայկական սպորտը եւ մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» մենագրությամբ, մեծ հաջողություններ կարձանագրի նաեւ տուրիզմի զարգացման գործում։
Իսկ հիմա անդրադառնանք գիտական արդյունքների տեսակետից, անկասկած, ՀՑԹԻ-ի «միջազգային հեղինակության եւ վարկանիշի բարձրացմանը»։ Կրկնվելով փաստեմ, որ առայժմ չեմ տիրապետում գիտական հիմնարկների գործունեության ու գիտական արդյունքի գնահատման «նորագույն տեխնոլոգիաներին» եւ ստիպված եմ օգտվել «հնամաշ» պատկերացումներից։
Այսպես, համաձայն «ՀՀ ԳԱԱ 2009 թ. գիտական եւ գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներ։ Հաշվետվություն» (Երեւան, 2010թ.) ՀՀ պետբյուջեի գիտության մասից (ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ի կամոք) ՀՀ ԳԱԱ ՀՑԹԻ-ն ստացել է 3.7 մլն դրամ մեկ գիտաշխատողի համար, որը ավելի քան 3.5 անգամ գերազանցում է փորձարարական գիտությունների, օրինակ՝ ՀՀ ԳԱԱ կենսաքիմիայի կամ ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտների նույն ցուցանիշները։ Կարծում եմ՝ մեկնաբանություններն ավելորդ են։ Համաձայն նույն աղբյուրի՝ 2009թ. ՀՀ ԳԱԱ ՀՑԹԻ-ի գիտական գործունեության արդյունք (միգուցե՝ նորից «հնամաշ» մոտեցմամբ, բայց դե իրենք են ներկայացրել) ներկայացված է 20՝ հիմնականում հայալեզու հրապարակում, ըստ որում 2-ը՝ արտասահմանցիների կողմից (առանց հայ համահեղինակների)։ Այ, այստեղ, առանց «կսմիթի կամ հաճոյանալու» եւ առայժմ առանց երեւույթի պիտակավորման, հարցն ուղղում եմ հենց ՀՀ ԳԱԱ նախագահությանը՝ ի՞նչ գործ ունեն այդ աշխատանքները ՀՀ ԳԱԱ պաշտոնական հաշվետվության մեջ, եթե նույնիսկ ենթադրենք, որ այդ հեղինակներն օգտվել են ՀՀ պետբյուջեի գիտության մասի միջոցներով հրապարակված եւ նրանց անվճար տրամադրված բուկլետներից ու ուղեցույցներից։ Այսքանը ներքին օգտագործման գիտական արդյունքների մասով։
Իսկ միջազգայնորեն, բայց նորից «հնամաշ» պատկերացումներով, իհարկե, տվյալներն ավելի տխուր են։ Այսպես, շնորհակալություն հայտնելով ընկերոջս տվյալների տրամադրման համար, տեղեկացնեմ, որ այդ «հնամաշ» «Thomson Reuter» հանրահայտ տեղեկատվական շտեմարանում «Հայկական ցեղասպանություն», այսպես ասած, «որոշիչ բառ»-ի փնտրումը՝ սկսած 1969թ.-ից, հանդիպում է ընդամենը 172 գրառման կամ, որ նունն է՝ գիտական արդյունքի մեջ։ Ըստ որում, այդ միջազգայնորեն ընդունելի, բայց «հնամաշ», գիտական արդյունքներում ոչ միայն ՀՀ ԳԱԱ ՀՑԹԻ-ն, այլեւ որեւէ այլ հայկական գիտական կազմակերպություն չի հիշատակվում՝ ի տարբերություն բազմաթիվ հայազգի հեղինակների։ Այսինքն՝ «հնամաշ» մոտեցումներով միջազգային գիտական հանրությանը հայտնի չէ ՀՀ ԳԱԱ ՀՑԹԻ-ն, որպեսզի ոչ միայն որոշվեր նրա գիտական տեսակետից վարկանիշը, այլեւ նույնիսկ բարձրացվեր։ Կարծում եմ՝ նորից մեկնաբանություններն ավելորդ են եւ որպես ամփոփում հարկ եմ համարում հարցնել պարոն Դեմոյանին. իսկ ի՞նչ կարծիքի եք ՀՀ պետբյուջեի գիտության մասով միջոցների բաշխման ընթացքում ակնհայտ չարաշահումների, մասնավորապես՝ երիտասարդական մրցույթի համար նախատեսված 91 մլն դրամ գումարների մսխման փաստի վերաբերյալ։