Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկապարտեզը՝ Աննա Յակոբսոն- Հաբեշյանի անունով

Սեպտեմբեր 29,2010 00:00

Լոռու մարզի Օձունի մանկապարտեզներից մեկը անվանակոչվել է Աննա Յակոբսոն-Հաբեշյանի անունով: Յակոբսոն ազգանունը հուշում է, որ նա կապ ունի հայ ժողովրդի նվիրյալներից մեկի՝ Մարիա Յակոբսոնի հետ: Իսկ պատմությունը վկայում է, որ դանիացի աղջիկը թողեց- եկավ Արեւմտյան Հայաստան եւ դարձավ հայ որբերի խնամակալը, իսկ հետագայում, մինչեւ իր կյանքի վերջը՝ 60-ական թվականները, գլխավորեց Բեյրութի «Թռչնոց բույն» որբանոցը: Նա 40-ական թվականների վերջերին հայրենադարձության քարավանների հետ Հայաստան ճանապարհեց իր միակ դստերը՝ Աննա Յակոբսոնին եւ փեսային՝ Հովակիմ Հաբեշյանին, պատգամելով հաստատվել Հայաստանի գյուղերից մեկում: Այդպես էլ արեցին՝ գնացքով Հայաստան ժամանելով՝ նրանք կանգ առան «Սանահին» կայարանում, եւ ընտրությունը պատմական Օձուն գյուղն էր, ուր Աննա Յակոբսոնը աշխատանքի անցավ տեղի մանկապարտեզում եւ այն գլխավորեց մինչեւ իր կյանքի վերջը՝ չբոլորելով իր կյանքի 5-րդ տասնամյակը: Օձունցիները, ի նշան մեծ հարգանքի, որոշեցին նրան հավերժական հանգստի ճամփել Օձունի պատմական եկեղեցու բակում: Այնտեղ թաղվեց նաեւ նրա ամուսինը: Այս ամենը մեծ հարգանքի դրսեւորում էր:

Այս պատմությունը ներկաներին ներկայացրեց «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը՝ օրերս Օձունի մանկապարտեզի անվանակոչման արարողության ժամանակ, որին մասնակցում էին գյուղի հասարակության ներկայացուցիչներ, հյուրեր՝ Երեւանից, Աննա Յակոբսոն-Հաբեշյանի որդին, դուստրերը, թոռները: Բոլոր ելույթներում գնահատանքի խոսքեր կային Աննա Յակոբսոն-Հաբեշյանի հասցեին: «Գյուղի ամեն մի բնակչի կողքին է եղել՝ օգնող, կարեկցող: Եվ պատահական չէ, որ նրա շիրմին միշտ գյուղական պարտեզների, դաշտերի թարմ ծաղիկներ են դրվում: Գյուղի ամեն մի բնակիչ գիտի տիկին Աննայի կյանքի պատմությունը, որին այսօր նոր շեշտադրումներ ավելացան»,- հանդիսույթի ժամանակ ասաց Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանը:

Հիշողության ձայնը իր հետ զգացմունքներ է բերում մարդկանց, եւ այդ ամենը փորձում են մասնակիցներին հաղորդել Աննա Յակոբսոն-Հաբեշյանի զավակները: Սոսին՝ ավագ դուստրը, հիշեցնում է, թե ինչպես մայրը Օձունի մանկապարտեզ բերեց ուսուցման եւ դաստիարակության նոր ձեւեր, որդու՝ Ռուբիկի հավաստմամբ՝ մայրը, կրթված եւ դաստիարակված լինելով Մարիա Յակոբսոնի կողմից, ոչ միայն հոգատար մանկավարժ-դաստիարակ էր, այլեւ հմուտ տանտիկին: Նա կարողանում էր ամեն ինչ՝ եփել- թափել, կտրել- ձեւել եւ գյուղի հարսներին էր այդ ամենը ուսուցանում, որոնք Աննայի մեջ տեսնում էին կնոջ բաղձալի կերպարը: Կրտսեր դուստրը՝ Սիլվա Հաբեշյանն էլ հավելում է. «Որքան էլ դժվար լինեին ժամանակները, որպես հայրենադարձներ՝ մայրս եւ հայրս շատ արագ մերվեցին գյուղի եւ գյուղացիների հետ: Նրանք ջնջեցին հարենադարձների եւ տեղացիների բոլոր տարբերությունները: Իսկ մանկապարտեզի Աննան Օձունի մայրերի փրկությունն էր. ցանկացած երեխա շոյվում էր նրա փաղաքշանքներից եւ վերաբերմունքից: Շնորհակալություն բոլոր նրանց, ում ջանքերով թեկուզեւ այսպես մայրս մանկապարտեզ վերադարձավ»:

Գյուղի քահանա տեր Վրթանես Բաղումյանը եւս ջերմությամբ է արտահայտվում նրա հասցեին. «Բնականաբար, ես նրա մասին լսել եմ: Բայց իսկապես այդ կնոջ մասին լեգենդներ են պատմում, քանի որ նա իսկապես այդպիսին էր, իսկական հայ քրիստոնյա էր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել